Հարցումը Հռոմի պապի ժողովրդականության կտրուկ անկում է արձանագրել ԱՄՆ-ի կաթոլիկների շրջանում
Վերջին երկու տարում ամերիկացիների շրջանում կտրուկ ընկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի ժողովրդականությունը, որն այժմ նույն մակարդակի վրա է, ինչ եւ նրա նախորդինը՝ Բենեդիկտոս 16-րդինը գահից հրաժարվելուց առաջ: Այդ մասին վկայում են վաշինգտոնյան Pew Research Center-ի կողմից անցկացված հարցման արդյունքները:
Հարցման տվյալներով՝ ԱՄՆ-ի բնակչության մոտավորապես կեսը հավանություն է տալիս ներկայիս քահանայապետի գործողություններին: Սակայն այդ ցուցանիշը զգալիորեն իջել է 2015 թվականի սկզբի համեմատությամբ, երբ տասն ամերիկացիներից յոթը դրական գնահատական էր տալիս Սուրբ աթոռի ղեկավարին: Ընդսմին այժմ Ֆրանցիսկոսի ժողովրդականությունը նույն մակարդակի վրա է, ինչ եւ Բենեդիկտոս 16-րդինը, որին, Pew Research Center-ի տվյալներով, հավանությամբ էր վերաբերվում ամերիկացիների 49 տոկոսը 2013 թվականին գահից նրա հրաժարվելուց առաջ:
Սոցիոլոգները Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներկայիս ղեկավարի ժողովրդականության մակարդակի անկումը կապում են եկեղեցու բարձրագույն ղեկավարության կողմից մանկապիղծ հոգեւորականների հանցագործությունների պարտակման խնդրի հետ: Այսպես, ամերիկացի կաթոլիկների ավելի քան երրորդ մասը «ցածր» գնահատական է տալիս այդ խնդրի լուծման ուղղությամբ Ֆրանցիսկոսի գործադրած ջանքերին, մինչդեռ 2015 թվականին այդ ցուցանիշը եռակի պակաս էր:
ԱՄՆ-ում տասը կաթոլիկներից ընդամենը երեքն են այն կարծիքին, որ քահանայապետը «գերազանց» կամ «լավ» է գլուխ հանում ճգնաժամից: 2015 թվականին այդ ցուցանիշը 24 տոկոսային կետով ավելի բարձր էր, իսկ այս տարվա հունվարին՝ 14 տոկոսային կետով: Հետազոտողներն ընդգծում են, որ ամերիկացիները հիասթափված են նաեւ այլ հարցերի նկատմամբ քահանայապետի վերաբերմունքից, ներառյալ եպիսկոպոսների ու կարդինալների նշանակումը, աշխարհում կաթոլիկական հավատի տարածումը եւ «ավանդական բարոյական սկզբունքների» պաշտպանությունը: Սեպտեմբերի 18-ից մինչեւ 24-ն անցկացված հարցմանը մասնակցել են 1754 չափահաս ամերիկացիներ, որոնցից 336-ը հայտնել են, որ կաթոլիկներ են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: