ԵԽ ԽՎ համազեկուցողը խնդիր է դնում ՀՀ քաղաքական դաշտի առջև
Հայաստանում ծավալվող բուռն ներքաղաքական զարգացումները չեն վրիպում նաև Հայաստանի արտաքին գործընկերների, միջազգային կազմակերպությունների, ինտեգրացիոն միավորումների և միջազգային մամուլի ուշադրությունից:
Այս կոնտեքստում բավականին ուշագրավ դիտարկումներ է արել ԵԽ ԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին: Նա կոչ է արել Հայաստանի իշխանություններին և դերակատար քաղաքական բոլոր ուժերին լիարժեք կերպով հարգանք ցուցաբերել ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության նկատմամբ՝ ինչպես խոսքով, այնպես էլ՝ գործով: «Երևանի ավագանու ընտրությունները հստակ ցույց տվեցին հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումները: Միաժամանակ, ընտրություններին մասնակցության թիվը ցույց տվեց, որ հանրային վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ դեռ ցածր է:
Հետևաբար՝ անչափ կարևոր է, որպեսզի հաջորդ խորհրդարանական ընտրություններն ընկալվեն և ընդունվեն որպես ժողովրդավարական և արդար՝ բոլոր քաղաքական մրցակիցների և մասնակիցների կողմից: Չնայած մենք հասկանում ենք արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչը, մենք էլ կոչ ենք անում իշխանություններին և, բնականաբար, բոլոր քաղաքական դերակատարներին՝ ապահովել, որ արտահերթ ընտրությունները լիարժեք կերպով համապատասխանեն ժողովրդավարական ընտրությունների եվրոպական չափանիշերին և նորմերին, և որ բոլոր քաղաքական ուժերը պատշաճ և բավարար ժամանակ ունենան այդ ընտրություններին պատրաստվելու համար:
Սա հատկապես կարևոր է, եթե Ընտրական օրենսգիրքն իսկապես փոխվի, ինչպես որ ցանկանում են որոշ քաղաքական դերակատարներ: Ցանկացած փոփոխություն պետք է լիարժեք կերպով համապատասխանի Վենետիկի հանձնաժողովի ցուցումներին, այդ թվում՝ այն մասով, որը վերաբերում է ընտրական օրենսդրության կայունությանը, և հիմնված լինի հնարավորինս շատ քաղաքական ուժերի կոնսենսուսի վրա»,- ասել է Լովոչկինան:
Նա ընդգծել է, որ պատշաճ խորհրդակցությունների և կոնսենսուսի կառուցման համար բավարար ժամանակ ունենալը հատկապես կարևորվում է սահմանադրական ցանկացած հնարավոր փոփոխությունների համատեքստում, որոնք չպետք է ընդունվեն հապշտապ: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին՝ համազեկուցողն ասել է.
«Մենք բազմիցս ողջունել ենք Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական իշխանափոխությունը, այդ թվում՝ իշխանությունների հավաստիացումներն առ այն, որ ժողովրդավարական սկզբունքները պետք է լիարժեք կերպով հարգվեն, և, որ արդարադատությունը պետք է գործի առանց քաղաքական միջամտության՝ դրանով իսկ զերծ մնալով ցանկացած քաղաքական ազդեցությունից: Ես ընդգծում եմ, որ չի կարող լինել անպատժելիություն քրեական գործողության համար՝ անկախ այն բանից՝ ով է դա գործել: Հետևաբար՝ մենք ողջունում ենք ցանկացած արժանահավատ քննություն՝ 2008թ. մարտին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 10 զոհերի գործով: Այնուամենայնիվ, ցանկացած քննություն, այդ թվում՝ կոռուպցիոն մեղադրանքների վերաբերյալ, պետք է իրականացվի օրենքի գերակայության, դատական համակարգի անկախության և արդար դատավարության սկզբունքներին խստորեն հավատարիմ մնալու պայմաններում՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի»:
«168 Ժամի» հետ զրույցում, մեկնաբանելով ԵԽ ԽՎ համազեկուցողի հայտարարությունը, լեհ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասաց, որ այն չափազանց ուշագրավ է թվում և նման չէ հաճախ հնչեցվող հայտարարություններին, որոնց նպատակն իրավիճակի խաղաղեցումն է լինում:
Նրա խոսքով՝ այն պարզապես պատահական կոչ չէ՝ ուղղված հայաստանյան քաղաքական դաշտին:
«Հայտարարության տեքստը բովանդակային ու թիրախային է, տեսանելի է, որ համազեկուցողը տիրապետում է իրավիճակին, վերջին բոլոր զարգացումներին` ընտրություններին, դրանց հաջորդած ներքաղաքական իրադարձություններին, որոնց գագաթնակետը հոկտեմբերի 1-ն էր: Տեսանելի է, որ կա որոշակի աջակցություն ՀՀ նոր իշխանությանը, բայց ոչ անվերապահ աջակցություն այդ իշխանության գործողություններին:
Ինչպես երևում է, անհանգստացնող հանգամանքն արագացված կարգով խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու ՀՀ իշխանությունների ցանկությունն է, որի ընթացքում կարող են մի շարք կոպիտ խախտումներ տեղի ունենալ:
Մի կողմից՝ հասկանալի է, որ հեղափոխությամբ իշխանության եկած ուժը փորձում է սեղմ ժամկետներում լուծել համակարգափոխության հարցը, իսկ դա առանց ԱԺ ընտրությունների հնարավոր չէ, սակայն հասկանալի է նաև, որ, եթե կա պայքար արատավոր երևույթների դեմ, այդ թվում՝ կա ցանկություն փոփոխել ԸՕ-ն, լավ հիմքի վրա ընտրություններ կազմակերպել, որոնց արդյունքները կլինեն վստահելի, որոնց հասարակության մասնակցության մակարդակը կլինի բարձր, ինչն էլ ավելի կբարձրացնի այդ ընտրությունների արդյունքների նկատմամբ վստահելիության մակարդակը, անհրաժեշտ է որոշակի ժամանակ, անհրաժեշտ է ստեղծել լավ և հավասար պայմաններ բոլոր ուժերի համար, դրական ներքաղաքական մթնոլորտ ևս:
Պատահական չէ, որ իշխանությունը, իմ նկատառումների համաձայն, վստահ չէր արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ժամկետների հարցում, քանի որ հասկանում էր, որ ընտրություններն ուշացնել չի կարելի, սակայն դրանց նաև պատրաստվել է հարկավոր:
Իշխանությունը նաև շտապում է՝ հասկանալով, որ հասարակությանն արդյունքներ են անհրաժեշտ, այս կոնտեքստում ժամանակն աշխատում է իշխանության դեմ: Ուստի ներկայումս կա որոշում՝ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ առանց երկարաձգելու և հետաձգելու դրանց ժամկետը:
Համազեկուցողի հայտարարությունում արտացոլված է մտահոգություն այս արագացված գործընթացի կապակցությամբ, քանի որ հասկանալի է, որ խորհրդարանն ընդդիմանում է և ընդդիմանալու է այդ որոշմանը, որը հանգեցնելու է Գործադիրի կողմից ճնշումների ավելացման, ճնշումը տվյալ դեպքում նաև հասարակական է, քանի որ ըստ էության հեղափոխական տրամադրությունները դեռ պահպանվում են, և վարչապետը դա ակտիվորեն օգտագործում է: Այսինքն` պահպանում է այդ ռեսուրսը՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար:
Այդ ռեսուրսի օգտագործման պայմաններում, փաստորեն, ճնշման ներքո խորհրդարանը լուծարվելու է վարչապետի հրաժարականից հետո: Քաղաքական դաշտի կայունության համար հարկավոր է ընթանալ բանակցային ճանապարհով: Կարծում եմ` հայտարարությունն այն մասին էր, որ կա ուշադրություն գործընթացի նկատմամբ, որը զգոնություն է հաղորդում բոլոր կողմերին»,- նման տեսակետ հայտնեց Կոնրադ Զաշտովտը:
Նրա խոսքով, ուղիղ լծակներ ԵԽ ԽՎ-ն չունի հայաստանյան քաղաքական ուժերի նկատմամբ: «Սակայն խախտումների դեպքում համազեկուցողները համապատասխան աշխատանք են իրականացնում մոնիտորինգային հանձնաժողովում, նիստեր են գումարվում և քննարկվում, թե որքանով են քայլերը համահունչ այն պարտավորությունների հետ, որոնք տվյալ երկիրը ստանձնել է: Հետևաբար՝ եթե համահունչ չէ, համապատասխան քայլեր ձեռնարկվում են»,- ասաց Զաշտովտը:
Ըստ նրա՝ նման համակողմանի անդրադարձով ԵԽ ԽՎ համազեկուցողը խնդիր է դնում ՀՀ քաղաքական դաշտի առջև, նախանշում, թե ինչպես պետք է գործեն քաղաքական ուժերը:
Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ոչ միայն ԵԽ ԽՎ-ն, այլև Ռուսաստանում են հետևում հայաստանյան իրադարձություններին:
«Ոչ միայն իշխանությունն է հետաքրքրությամբ հետևում, այլև մենք՝ փորձագետներս, քանի որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, մեր ինտեգրացիոն միությունների անդամը, և անկայունությունը Հայաստանում անուղղակիորեն առնչվում է նաև մեզ:
Ինչ վերաբերում է բուն գործընթացներին, խորհրդարանական ընտրությունները չպետք է ինքնանպատակ լինեն: Դրանից առաջ լուրջ աշխատանք պետք է ծավալել, համերաշխության մթնոլորտ ձևավորել և խուսափել անկայունությունից: Ոչ միայն ԵԽ ԽՎ-ն է այդպես կարծում, այլև ցանկացած դիտորդ կասի, որ հապճեպությունը լավ չէ, և ժամանակ է հարկավոր, որ նոր իրավիճակում համապետական ընտրությունները կազմակերպվեն բարձր մակարդակով, քանի որ այս իշխանության օրոք կազմակերպվեցին ավագանու ընտրություններ, բայց դրանք մասշտաբով էականորեն փոքր են, և դժվար է ասել, թե առանց համապատասխան աշխատանքի՝ ինչպես տեղի կունենան համապետական ընտրությունները, հատկապես, երբ իրենք՝ ներկայիս իշխանությունները, սովորաբար ընտրությունների ընթացքում կիրառվող արատավոր երևույթների քննադատներն են եղել:
Սակայն, ըստ իս, դեռ բանակցությունները շարունակվելու են, և չի բացառվում, որ կողմերը կոնսենսուսի հանգեն, այսինքն` փոխզիջումային տարբերակ լինի, որի դեպքում նախկին իշխանությունները չեն առաջադրի թեկնածու»,- ասաց Տարասովը:
Նրա կարծիքով՝ ներքաղաքական անցուդարձի ընթացքում չպետք է մոռանալ նաև այն մասին, որ ներքին կայունությունը կարևոր է՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտության առկայությունը և այն հանգամանքը, որ ներկայումս իրավիճակը մի շարք հարցեր է պարունակում: