«Սա է պատճառը, որ Ադրբեջանն արդեն կրակում է նաև Հայաստանի, այլ ոչ միայն՝ Արցախի վրա». Հովհաննես Իգիթյան

Ռուսական մամուլում վերջին օրերին դարձյալ քննարկվում է ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը։ Կարծիքներ են հնչում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործերը խնդիրներ են առաջացնում հայ-ռուսական հարաբերություններում, ինչը կարող է օգտագործվել Ադրբեջանի կողմից։ Ավելին, ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը նշում է, որ, եթե Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցի շուրջ Հայաստանն օգտագործի վետոյի իրավունքը, կարող է դրվել հետևյալ հարցը՝ եթե Հայաստանը դեմ է դրան, թող ինքը դուրս գա ՀԱՊԿ-ից։ Հոկտեմբերի 3-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խնդրին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը երբեք համաձայնություն չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա ռազմաքաղաքական մեր հիմնական կազմակերպության անդամ կամ թեկուզ դիտորդ։

168.am-ի հետ զրույցում միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանն ասաց, որ Ադրբեջանն իր անվտանգությունն ավելի շատ կապում է Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, մահմեդական որոշ երկրների հետ, քան Ռուսաստանի հետ։

«Եթե Ռուսաստանի գործոնը հանում ենք, ստացվում է, որ ՀԱՊԿ-ը կոլեկտիվ անվտանգության նման մի բան է, չնայած՝ ՆԱՏՕ-ից շատ է տարբերվում այն հանգամանքում, որ ագրեսիայի դեպքում ՆԱՏՕ-ի ուժերը պաշտպանում են այդ երկիրը, իսկ մեզ մոտ խորհրդակցում են ագրեսիայի մակարդակի և այլնի վերաբերյալ։ Ադրբեջանն իր անվտանգության համակարգը չի կապում ՀԱՊԿ-ի հետ, քանի որ չունի այնպիսի վտանգ, որ մտածի, թե ՀԱՊԿ-ը պետք է դա չեզոքացնի»,- ասաց Հովհաննես Իգիթյանը։

Փորձագետի խոսքով՝ Հայաստանը ՀԱՊԿ մտել է ոչ թե անվտանգության համար, այլ՝ որովհետև Ռուսաստանը ճնշում էր Հայաստանին. «Դիմադրելու դեպքում Հայաստանին վտանգ կսպառնար հենց Ռուսաստանից, այդ վտանգը Ռուսաստանը կստեղծեր։ Հիշեք, որ նույնիսկ ԵՏՄ-ի ժամանակ հանրապետականներն ասում էին, որ չենք կարող չմտնել, որովհետև կա Արցախի խնդիրը, ասում էին նաև, որ հետագայում մեզ Ուկրաինայի օրը կգցեն։ Այսինքն՝ Ռուսաստանը պետք է պատժեր։ Հիմա, Ադրբեջանի դեպքում անվտանգության խնդիր չկա, նաև վերոնշյալ երկրների հետ համագործակցությունը կխոչընդոտվի ՀԱՊԿ անդամակցությամբ։ Ինչ վերաբերում է տեխնիկական հարցերին՝ մենք վետո կդնենք, ուզում ենք Ադրբեջանն այնտեղ լինի, թե ոչ, երկրորդական է, որովհետև նախ մենք պետք է հասկանանք՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ն այն անվտանգության երաշխիքն է, որը թույլ է տալիս զսպել Ադրբեջանին մեր դեմ, կամ որը կզսպի Թուրքիային ագրեսիայի դեպքում, եթե նման բան լինի»։

Նրա խոսքով՝ ռուսական մամուլում ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, Հայաստանի վերաբերյալ այլ հարցեր սկսեցին արծարծվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործից հետո. «Ռոբերտ Քոչարյանն ունի բավականին լծակներ ՌԴ-ում, գումարի խնդիր չունի՝ Ռուսաստանի մամուլում ցանկացած բան ասելու։ Տարօրինակ է, որ նա հարցազրույց է տալիս «Կոմերսանտ» թերթին, որի ընթերցողը նույնիսկ չգիտի՝ ով է Քոչարյանը, ինչ է նշանակում՝ Մարտի 1, «թավշյա հեղափոխություն» և այլն, բայց այնտեղ նա պարզ ներկայացնում է ինչ-որ բաներ, հետո Հայաստանում արտատպվում են այդ լուրերը։ Քոչարյանը Ռուսաստանում փորձում է ներկայացնել, որ ինքը պրոռուսական գործոն է Հայաստանում, իսկ Հայաստանում փորձում են ներկայացնել, որ նա Ռուսաստանի դրածոն է, եթե իրեն չընդունեն, Ռուսաստանը Հայաստանին կպատժի։

Իրականում, ո՛չ առաջինն է ճիշտ, ո՛չ երկրորդը. Ո՛չ նա գործոն է Հայաստանում, ո՛չ էլ Ռուսաստանում աջակցություն ունի իշխանություններից։ Այսօրվա Ռուսաստանը ո՛չ ժամանակ ունի, ո՛չ էլ կզբաղվի Հայաստանում իր մարդուն անցկացնելով, որովհետև հասկանում է, որ ավելի հեշտ է լեգիտիմ իշխանության հետ հասնել համաձայնության, քան անցկացնել ոչ լեգիտիմ մարդ, որը Ռուսաստանին այդքան էլ պետք չէ»։

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև կարճ հանդիպմանն ու ձեռք բերված պայմանավորվածություններին, փորձագետն ասաց, որ դա զուտ հանդիպում էր, ավելի շատ իմիջային էր. «Մյուս կողմից էլ՝ դա կարելի է օգտագործել Ադրբեջանի ագրեսիայի դեպքում, որ նա բանավոր պայմանավորվածությունները խախտում է։ Ադրբեջանը շարունակում է անել՝ ինչ անում է, փորձում է ցույց տալ, որ կոնֆլիկտը սառեցված չէ, որ Արցախի առճակատումն ուղղակի կապված է Հայաստանի հետ։ Սա է պատճառը, որ կրակում են արդեն նաև Հայաստանի, այլ ոչ միայն՝ Արցախի վրա»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս