Բաժիններ՝

ՀՀ մշակույթի նախարարությանը ներկայացնելու է Արամի 23 հասցեում գտնվող հուշարձանի պահպանության նախագիծ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը Երևանի Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի անխաթար վիճակը պահպանելու և փլուզման կանխման լուծումների վերաբերյալ բանավոր քննարկումներ է ունեցել կառուցապատողի ներկայացուցչի և «Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանի հետ: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հոկտեմբերի 1-ին ՀՀ մշակույթի նախարարությանը ներկայացնել հուշարձանի անխաթար վիճակը պահպանելու նախագիծ. այժմ կատարվում է հուշարձան-շենքի չափագրություն, որի հիման վրա կազմվելու է նախագծային առաջարկ:
Նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնել հարցը քննարկել և ըստ խնդրի հրատապության՝ նախագծային լավագույն առաջարկին տալ պահանջվող թույլտվություն:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի հետ:

«Արամի 23 հասցեում գտնվող շենքը տեղական նշանակության պատմամշակութային հուշարձան է: Շենքի հարակից տարածքում առանց ՀՀ մշակույթի նախարարության համաձայնության, կատարվել են հողային և շինարարական աշխատանքներ, որոնց արդյունքում վտանգվել է հուշարձան-շենքի կայունությունը:  Այդպիսով  խախտվել են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 16-րդ և 22-րդ հոդվածների դրույթները»,-ասաց Աբրոյանը:

Այդ տարածքում շինարարական աշխատանքների իրականացման թույլտվությունը տվել է Երևանի քաղաքապետարանը: «Նախարարությունը սեպտեմբերի 12-ին դիմել է քաղաքապետարան կատարվող աշխատանքների դադարեցման և շենքը փրկելու նպատակով հրատապ միջոցառումներ իրականացնելու խնդրանքով: Մինչ այժմ  պատասխան չենք ստացել, բայց հենց Արամի 23 հասցեում եղել են բանավոր քննարկումներ մշակույթի նախարարության, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի, Երևանի  քաղաքապետարանի ներկայացուցիչների և մյուս  կողմերի միջև»,-նշեց Արմեն Աբրոյանը:

Նա փաստեց, որ այսօր կա վտանգված հուշարձան, որը գերակա է իրենց համար, և որը չպետք է քանդվի:

Ինչպես վերը նշված է, քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարությանը ներկայացնել հուշարձանի անխաթարությունը պահպանելու նախագիծ:

«Պետք է ոչ թե կամայական, այլ խնդրի կարգավորմանն ուղղված լավագույն, արագ և հստակ հիմնավորված նախագիծ, որին նախարարությունը արագ կարձագանքի և կտա պահանջվող թույլտվությունը տվյալ աշխատանքների իրականացման համար: Այսինքն՝ մենք սպասում ենք, որ առաջիկա  շաբաթվա առաջին օրերին իսկ մեզ կներկայացվի հուշարձանի ամրակայման, քանդման վտանգից կանխման նախագիծ համապատասխան միջոցառումների նախատեսմամբ»,-ընդգծեց գործակալության պետը:

Անդրադառնալով այդ տարածքում բարձրահարկ շենքեր կառուցելու գործընթացի կանխմանը՝ Աբրոյանն ասաց, որ օրենքով Երևան քաղաքի կենտրոնում կառուցապատման թույլատրելի բարձրության սահմանափակման դրույթներ կան:

Նա նշեց, որ այսօր չի կարելի հանգիստ լինել, որովհետև բազմաթիվ խախտումներ կան,  արդեն իսկ անթույլատրելի բարձրահարկ շենքեր են խոյացել, որոնց կառուցման համար իրենց գործակալությունը համաձայնություն չի տվել:

«Ինչ վերաբերում է այդ տարածքում կառուցվող շենքերի  հարկային բարձրությանը՝ կան խախտված նախագծային լուծումեր, այդ իսկ պատճառով մենք քննարկումներ ենք ունեցել  և՛ քաղաքապետարանի, և՛ կառուցապատողների, և՛ նախագծի հեղինակի հետ, որպեսզի վերանայվի նախագիծը»,-նշեց նա և հավելեց, որ ողջունելի է համարում պատմամշակութային հուշարձանների պահպանմանն ուղղված յուրաքանչյուր մարդու մասնակցություն և շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր գիտակցում են մեր ժառանգության կարևորությունը:

Արամի 23 հասցեում գտնվող՝ 19-րդ դարում կառուցված շենքում երկար տարիներ բժիշկ է բնակվել: 1980-ականներին Կոնդի արվեստանոցն է եղել այդտեղ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն տարբեր սեփականատերեր է ունեցել: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին շենքը հատկացվել է 1995 թվականին, բայց «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը շենքում գործունեություն են սկսել ծավալել 2002-ից: Շենքի հարակից տարածքը գնել է «Հին Երևան» փակ բաժնետիրական ընկերությունն ու սկսել այդտեղ շինարարական աշխատանքներ իրականացնել:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս