Բաժիններ՝

«Հայաստանում հաճախ թուրքական երաժշտությունը որպես հայկական են մեկնաբանում». Սևակ Ավանեսյան

Բազմաթիվ պատմություններ կան այն մասին, թե ինչպես ծնողներն իրենց երեխաների համար ընտրում են այս կամ այն երաժշտական գործիքը: Ի տարբերություն շատերի՝ մեր հերոսն ինքն է ընտրել թավջութակը, այն էլ՝ բավականին փոքր տարիքում: Թավջութակահար Սևակ Ավանեսյանի մասին տեղեկացանք այն ժամանակ, երբ նա դարձավ Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը: Հետո 2017-ին երաժիշտը Հայաստան եկավ որպես Համահայկական նվագախմբի թավջութակահարների կոնցերտմայստեր: Վերջերս դասական երաժիշտը կրկին հայրենիքում էր. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմակերպած Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի հյուրն էր, այստեղ հանդես եկավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որը սիրում է շատ վաղ տարիքից: «Արմենպրես»-ն իր հեղինակային նախագծում ներկայացնում է թավջութակահարի «Նորամուտ»-ը:

Մեծացել եմ «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Կորեայում էի, երբ Ֆիլհարմոնիկից զանգահարեցին, առաջարկեցին համերգով հանդես գալ՝ փոխարինելով Ալեքսանդր Չաուշյանին, ով հարգելի պատճառով չկարողացավ Հայաստան գալ: Միանգամից համաձայնեցի: Շատ մեծ հաճույք էր նվագել «Արամ Խաչատրյան» համերգասրահում, քանի որ այդ դահլիճում եմ մեծացել: 3-4 տարեկան էի, հիշում եմ, թե ինչպես էի քնում համերգներին, ինչպես էին մեծերը գալիս նվագում: Երազանք էր այդ բեմի վրա նվագելը, և այն իրականացավ:

Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում ես նվագում եմ մարդկանց համար: Իսկ դա առաջին հերթին մեծ պատասխանատվություն է և մեծ հաճույք:

Երաժշտական ընտանիք

Ծնողներս երաժիշտներ են, մայրս՝ դաշնակահար է, հայրս՝ ֆլեյտահար, մեծ եղբայր՝ ջութակահար: Երաժշտական ընտանիքից եմ:

Անգամ հիշում եմ, թե ինչպես էր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ղեկավարում «Սերենադ» կամերային նվագախումբը (1990-ականներ): Առաջին անգամ տեսա, թե ինչպես է դիրիժորը աշխատում: Շատ փոքր էի, մինչև հիմա հիշում եմ այդ ամենը: Մաեստրո Թոփչյանը սրտացավ կերպով ամեն ինչ անում է Ֆիլհարմոնիկ նվագախմբի համար, միայն զբաղվում է նրանով, որ ունենա հիասքանչ նվագախումբ: Եվ դա ստացվում է:

Հայաստանից՝ Բելգիա

13 տարեկան էի, երբ Հայաստանից մեկնեցինք Բելգիա: Երբ տեղափոխվեցինք Բելգիա, ժամանակն անիմաստ չկորցնելու համար դիմեցի կոնսերվատորիա և ինձ բացառության կարգով ընդունեցին: Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա (Bruxelles Royal Conservatory) 14 տարեկանում եմ ընդունվել և ամենաերիտասարդ շրջանավարտն եմ եղել կոնսերվատորիայի պատմության մեջ: Ավարտեցի ամենաբարձր գնահատականներով, ինքս ինձ արդարացրի: Մինչ այդ սովորել էի Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: Կարծում եմ, որ հայկական դասական դպրոցի տված գիտելիքներով երաժիշտը կարող է ընդունվել Եվրոպայի ցանկացած կոնսերվատորիա:

Առաջին անգամ 16 տարի դադարից հետո հայրենիք եկա՝ Համահայկական նվագախմբի կազմում ելույթ ունենալու համար: Խորհրդանշական երևույթ էր: Նվագախումբը միավորել էր սփյուռքի և Հայաստանի երաժիշտներին: Այնտեղ նվագում էին հիասքանչ երաժիշտներ:

Թավջութակն ու երաժիշտը

Գործիքի ընտրությունը ես եմ կատարել: Երբ փոքր էի, Կամերային երաժշտության տան դահլիճում համերգով հանդես եկավ թավջութակահար Սթիվեն Իսերլիսը: Գնացել էի նրա համերգին և հիացել էի այդ գործիքով: Ձմեռ պապիկին նամակ գրեցի՝ ասելով, որ ուզում եմ թավջութակ նվեր ստանալ: 4 տարեկան էի այդ ժամանակ, նոյեմբերն էր: Դեկտեմբերին ստացա գործիքը, 5 տարեկանից սկսեցի թավջութակ նվագել: Գործիքը փոխելու ցանկություն երբեք չի եղել: Իհարկե, երբեմն գործեր եմ լսում, որոնք կերազեի նվագել, որովհետև դրանք թավջութակի համար չեն գրված: Օրինակ, Ռախմանինովի Դաշնամուրի կոնցերտը վերջերս լսեցի: Ուղղակի կերազեի լինել դաշնակահար և նվագել այդ գործը:

Կարևորագույն ուսուցիչը

Մեծացել եմ աշխարհի ամենալավ ջութակահարներից մեկի՝ եղբորս կողքին: Շատ բաներ եմ սովորել եմ նրանից: Նրա դերը շատ մեծ է եղել իմ կյանքում: Շատ մեծ երաժիշտների հետ եմ շփվել, ոմանց հետ 10 րոպե եմ զրուցել, բայց այդ հանդիպումը փոխել եմ իմ երաժշտական մտածելակերպը:

Ճակատագրական ելույթ՝ Յանոշ Շտարկերի համար

15 տարեկան էի, երբ առաջին անգամ նվագեցի թավջութակահար Յանոշ Շտարկերի համար: Գիտեի, որ նա գալու է, շատ դժվար գործ որոշեցի նվագել՝ Դավիթ Պոպերի գործը: Այն նվագել էր միայն Շտարկերը: 6 ամիս գիշեր-ցերեկ պարապեցի, որ նվագեմ այդ մեծ երաժիշտի համար: Հաջող ելույթ էր: Նա մոտեցավ և ինձ ասաց. «Վատ չես նվագում, բայց ես ավելի լավ եմ նվագում»: Շատ տպավորիչ էր:

Դժվարություններով լի ճանապարհ

Երբ տեղափոխվեցի Բելգիա, դժվարությունները շատ էին: Ամենամեծը նա էր, որ մեր երկիրը չէր: Ցանկացած տեղում մենք՝ հայերս, կարողանում ենք հասնել բարձունքների: Բայց ինչ էլ լինի՝ դա իմ հողը չէ:

Երբ ապրում էի Բելգիայում, միգուցե ավելի քիչ տաղանդ ունեցող բելգիացի երաժիշտներն ունեին ավելի շատ հնարավորություններ: Երբ տեղափոխվեցի Գերմանիա, նույն բանն այնտեղ էր: Նույնն էր նաև Շվեյցարիայում: Մրցույթին մասնակցելու դեպքում միշտ տեղի երաժիշտն ավելի մեծ շանսեր ունի քան, օտարերկրացին, ինչը Հայաստանի դեպքում հակառակն է: Հայաստանում օտարերկրացիներին շատ են սիրում: Իսկ հայ երաժիշտներին ճանապարհ չեն տալիս: Նմանօրինակ զգացողություն եղավ, երբ այս տարի մասնակցեցի Արամ Խաչատրյանի անվան մրցույթին: Տիպիկ մրցութային քայլ արվեց՝ առաջին փուլից հանեցին ուժեղ երաժիշտներին: Բելգիայում, օրինակ, Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթին երբ մասնակցում է բելգիացի մասնակից, ինչքան էլ անտաղանդ լինի, առաջ են տանում: Մի քիչ լավ նվագող բելգիացին էլ առաջին մրցանակի է արժանանում: Իսկ Հայաստանում այդպես չէ: Ես շատ լավ էի պատրաստվել Խաչատրյանի անվան մրցույթին, եկել էին այն հաղթելու նպատակով, վատ չեմ նվագել, բայց անարդարություն տեղի ունեցավ: Շատ թեթև նայեցի այդ ամենին, Միշա Մայսկիից, Մարտա Արգերիխից ոգևորող հեռախոսազանգեր ստացա:

Այդ ամենին շատ թեթև եմ նայում: Եթե մի օր ես ժյուրիի անդամ լինեմ և որևէ հայ մասնակից մասնակցի այդ մրցույթին, ես, իհարկե, կփորձեմ նրան ամեն ձևով առաջ տանել:

Վատ երաժշտություն՝ հանուն փողի

Ի տարբերություն այլ ոլորտների, մշակույթի ասպարեզում ամեն ինչ այլ է: Հայաստանում հաճախ թուրքական երաժշտությունը որպես հայկական են մեկնաբանում: Նման երաժշտությունը շատ մեծ վնաս է պատճառում երեխաներին: Արվեստի ոլորտում շատերը կան, որ հանուն փողի ամեն ինչ կանեն, բեմ, հեռուստատեսություն կհանեն այնպիսի երաժշտություն, որը վաճառվում է: Շատ կուզենայի, որ այդ երևույթը վերանար:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս