Ինչի մասին խոսեցին Փաշինյանն ու Ռուհանին
Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի ԳԱ ասամբլեայի 73-րդ նստաշրջանի կուլիսներում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հանդիպումը: Նրանք քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, զրուցակիցները կարևորել են տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ այն զգալիորեն զիջում է երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակին: «Նրանք անհրաժեշտ են համարել գործուն քայլերի ձեռնարկումը` առևտրատնտեսական կապերի խթանման, առկա ներուժի իրացման նպատակով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերություններն ունեն առանձնահատուկ բնույթ, և պետք է դրանք շարունակեն զարգանալ բարեկամական ամուր կապերի հիմքի վրա:
Իր հերթին, Հասան Ռուհանին նշել է, որ երկու երկրների միջև առկա է վստահության բարձր մակարդակ: Իրանի նախագահի խոսքով` հայ համայնքն իր երկրում ունի կարևոր դերակատարություն և մեծ հարգանք է վայելում իրանցիների շրջանում: Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին` Հասան Ռուհանին համոզմունք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության հետ ստորագրված ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված համաձայնագիրը ևս հնարավորություն կտա ավելի խորացնել հայ-իրանական տնտեսական գործակցությունը:
Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռուհանին անդրադարձել են տարբեր, այդ թվում` Էներգետիկայի, ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությանը, լոգիստիկ պայմանների բարելավմանը վերաբերող հարցերի: Հասան Ռուհանին վարչապետ Փաշինյանին հրավիրել է Իրան և համոզմունք հայտնել, որ, այցը հնարավորություն կընձեռի առավել ընդգրկուն քննարկելու երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ուղիները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացնենք, որ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հեռախոսազրույցի հնարավորություն էր ունեցել դեռևս մայիս ամսին:
Ապա որոշ ժամանակ անց` օգոստոսի 9-ին, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպումից հետո հայտնել էր, որ Ն. Փաշինյանն առաջիկայում այցելելու է Իրան։ Սակայն օրեր անց ՀՀ ԱԳՆ-ն հստակեցրել էր, որ այդ այցը դեռ օրակարգում չկա: Ըստ ԱԳՆ-ի, տարբեր մակարդակի այցեր նախատեսվում են, սակայն կոնկրետ ժամկետներ չկան: Այնուամենայնիվ, ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը կարողացան հանդիպում ունենալ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի ընթացքում, գործընկեր երկրների ղեկավարների ծանոթությունը չհետաձգելով անորոշ ժամկետով:
«168 Ժամի» հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ողջունեց ՄԱԿ-ի կուլիսներում կայացած հանդիպման փաստը: Ըստ նրա, դա ցույց է տալիս, որ որքան էլ դժվար է երկու երկրների ղեկավարների գերհագեցած օրակարգում հարմար ժամանակ գտնել վարչապետի Իրան կատարելիք այցի համար, երկու երկրները միմյանց կարևոր են համարում և առիթը բաց չեն թողնում ծանոթանալու համար:
«Ես ծանոթություն կորակեի այս հանդիպումը: Իրանի նախագահի հրավերը ցույց է տալիս, որ հարաբերությունների ողջ ծավալը քննարկվելու է նրա Իրան կատարելիք այցի ընթացքում, իսկ այս անգամ, որքան ես հասկացա, կողմերը մակերեսորեն մտքեր են փոխանակել տնտեսական համագործակցության:
Վստահաբար քննարկվել են նաև թեմաներ, որոնք արտացոլված չեն պաշտոնական հաղորդագրություններում, խոսքը ԼՂ հակամարտությունն է, որը սպառնում է տարածաշրջանային կայունությանը, ամերիկյան պատժամիջոցները և Հայաստանի դիրքորոշումը, մերձավորարևելյան իրադարձությունները: Ինչ վերաբերում է կոնկրետ տնտեսական ծրագրերին, կարծում եմ, դրանց լրջորեն անդրադարձ չի կատարվել: Ղեկավարների համար կարևոր էր հանդիպել և խոսել այս առաջնահերթ թեմաների մասին: Որքան էլ որ ցավալի է, տնտեսական հարաբերությունների խորացումը, թեև առաջնահերթ է, ռեսուրս ու քաղաքական կամք է պահանջում, որը երկու կողմերն էլ միշտ անտեսում են»,- ասաց իրանցի վերլուծաբանը: Նրա խոսքով, կարևոր է, որ պաշտոնապես է արձանագրվում այն բացը, որը կա հայ-իրանական հարաբերություններում:
Հարցին, թե Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների, սրվող Իրան-ԱՄՆ հակամարտության պարագայում ի՞նչ փոփոխություններ կարող են նկատվել հայ-իրանական հարաբերություններում, Ալի Սալամին պատասխանեց, որ ներկայումս հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը նպաստող գործոնները շատ չեն: Նրա արձանագրմամբ, կա քաղաքական կամք խորացնելու այդ համագործակցությունը երկու կողմի մոտ էլ, քանի որ Իրանը կարևոր է Հայաստանի համար, և Հայաստանն է կարևոր Իրանի համար՝ որպես վստահելի գործընկեր երկիր:
«Սակայն ինչ ունենք: Այսօր Հայաստանում ներքաղաքական գործընթացները բավականին բուռն փուլում են, իսկ Իրանի առաջնահերթ խնդիրը ներքին իրավիճակի կայունացումն է և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների և սպասվող պատժամիջոցների վնասը փոքրացնելու խնդիրը: Տարածաշրջանն ինքնին այնպիսի իրավիճակում է, որ մենք կարող ենք բարի ցանկություններ հայտնել, որ երկաթուղու ծրագիրը, տարանցման ծրագրերը կսկսեն իրականացվել, առևտրաշրջանառության ծավալները կաճեն, բայց սրանք դեռ բարի ցանկություններ են:
Պետք է իրատեսականության դիրքերից խոսել: Մեծ փոփոխություններ չեմ ակնկալում հայ-իրանական հարաբերություններում ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, հաշվի առնելով նաև պատժամիջոցների սպասվող ալիքը, որին դիմակայելու համար իր ռեսուրսները պետք է կենտրոնացնի Իրանի իշխանությունը, ինչը հեշտ չէ, քանի որ կան և ներքին խնդիրներ, և ճնշում հասարակության կողմից»,- նման կարծիք հայտնեց իրանցի վերլուծաբանը:
Իր հերթին՝ մեկ այլ վերլուծաբան՝ Կայհան Բարզեգարը, ասաց, որ այն քաղաքական կամքը, որն ունեն կողմերը հարաբերությունները զարգացնելու հարցում, պետք է առարկայանա: Նրա խոսքով, ղեկավարներն իրենց հանդիպման ընթացքում ուղերձներ հղեցին, որ պատրաստ են հարաբերությունները խորացնել բոլոր ոլորտներում՝ առանձնահատուկ կենտրոնանալով առևտրատնտեսական և էներգետիկ բաղադրիչի վրա: «Ի վերջո, պետք է այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել՝ անկախ այլ գործոնների ազդեցության»,- ասաց քաղաքագետը: Նրա դիտարկումների համաձայն, հանդիպման ընթացքում կարևոր շեշտադրումներ արվեցին:
«Կարևորը, ըստ իս, այն էր, որ նախագահ Ռուհանին խոսեց վստահության բարձր մակարդակի մասին, որը կա նաև հասարակությունների մակարդակում, նա խոսեց հայ համայնքի դերակատարությունից, այս ամենը հայ-իրանական խորը առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հիմքն են: Այսինքն` կա վստահություն բոլոր մակարդակներում:
Այս ամենն այն հիմքն է, որի վրա պետք է կառուցվեն հայ-իրանական տնտեսական հարաբերությունները, էներգետիկ համագործակցությունը, մեծացվեն գազի ներկրումները Հայաստան՝ դրանով իսկ Հայաստանի համար ռուսական գազին այլընտրանք ստեղծելով: Ներկայումս դժվար է թերագնահատել նաև Հայաստանի դերը Իրանի համար այս դժվար ժամանակահատվածում, Իրանին առաջիկայում հարկավոր է լինելու աջակցություն իր գործընկերներից: Հենց այդ կոնտեքստում է նշվում ԵԱՏՄ շրջանակում ստորագրված ազատ առևտրի գոտու պայմանագրի կարևորության մասին: Ներկայիս ակնկալիքն այն է, որ կողմերն անկախ տարածաշրջանային և գլոբալ անբարենպաստ միտումներից՝ կարողանան լուրջ առաջընթաց գրանցել տնտեսական, էներգետիկ հարաբերությունները զարգացնելու հարցում:
Այլապես մենք անընդհատ խոսում ենք, որ քաղաքական հարաբերությունները դրական են, քան որևէ այլ երկրի հետ, ամեն բան լավ է, բայց այն, ինչ պետք է երկու երկրների համար շահ բերի այս հարաբերություններում՝ բացակայում է»,- նկատեց Բարզեգարը:
Նա որոշակի փոփոխություններ սպասում է հայ-իրանական հարաբերություններից՝ հաշվի առնելով, որ դրանք ներկայումս կարևոր են Իրանի համար և ցանկալի հայկական կողմի համար: «Սակայն չունեմ մեծ սպասումներ, որ կողմերը նոր փուլի մեկնարկը կտան հայ-իրանական հարաբերություններում»,- ասաց Բարզեգարը: