«Դիֆտերիայի դեմ պետք է անհապաղ պատվաստվել». մասնագետ

ՀՀ Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը բոլոր մեծահասակներին հորդորում է պատվաստվել դիֆտերիայի դեմ։

Նրա խոսքով՝ դիֆտերիան սուր վարակիչ հիվանդություն է, որը կարող է շատ արագ տարածվել մարդկանց շփման, հազի ու փռշտոցի միջոցով, այդ պատճառով էլ  օրգանիզմում հիվանդության թույնը  ոչնչացնելու և կանխելու համար անհապաղ պետք է պատվաստվել։

«Դիֆտերիայի առաջին ախտանշաններն են՝ հազ, փռշտոց, կոկորդի ցավ, ջերմության բարձրացում։ Դիֆտերիան ունի նաև մեկ առանձնահատկություն, որ մարդու կոկորդում առաջանում է գորշ գույնի փառ, այն դժվար է հեռացվում և կպած է կոկորդին, հեռացնելու դեպքում էլ արյունահոսություն է տեղի ունենում։ Այս ամենը առաջանում է հենց հարուցիչների արտադրած թույնի ազդեցության տակ։ Կոկորդի այս թույնը մարդու մոտ վտանգներ չի առաջացնում, հիմնական վտանգը գալիս է օրգանիզմում կուտակված թույնից, որը առաջացնում է բավական մեծ բարդություններ, օրինակ՝ սրտամկանի վրա ազդելով, առաջացնում է սրտամկանային պարալիչ, բորբոքում, այն ազդում է նաև նյարդային համակարգի վրա»,- ասաց Գ. Սահակյանը։

Ըստ նրա, պատվաստվել կարող են բոլոր նրանք, ովքեր վերջին 10 տարիների ընթացքում դիֆտերիայի դեմ պատվաստում չեն անցել։

Կարդացեք նաև

«Հայաստանում մեծահասակները 2000 թվականից հետո պատվաստում չեն անցել։ Եթե մանկահասակների դեպքում ասում ենք, որ երեխաների առնվազն 95 տոկոսը պատվաստվում է, ապա մեծահասակների դեպքում նույնը չենք կարող ասել, վիճակագրական տվյալներով՝  մեծահասակների միայն 11 տոկոսն է պատվաստվում։ Նրանց դժվարությամբ ենք բերում պոլիկլինիկաներ։ Մեծահասակների պոլիկլինիկաներն ունեն իրենց բացերը, այն է, որ նրանց չեն կանչում բժիշկները։ Չնայած, սա էլ բացատրում են նրանով, որ բնակչությանը զանգահարում-կանչում են պոլիկլինիկաներ, իսկ վերջիններս էլ ասում են, որ իրենց չանհանգստացնեն»,- ասաց Գայանե Սահակյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ 2017 թվականին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ զարգացած առողջապահական ենթակառուցվածքներ ունեցող երկրներում, գրանցվել են դիֆտերիայի դեպքեր, մեծ քանակությամբ դեպք է գրանցվել հատկապես Հնդկաստանում։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս