«Ինչպե՞ս պաշտպանել մարդկանց ռոբոտներից». Ջոզեֆ Ստիգլից
Արհեստական ինտելեկտն աստիճանաբար դուրս է թողնում մարդկանց մի շարք ոլորտներից: Ինչպե՞ս մարդիկ պետք է պայքարեն սրա դեմ: Այս մասին խոսել է Ջոզեֆ Ստիգլիցը: Նշենք, որ Ստիգլիցն ամերիկացի ականավոր տնտեսագետ է, ով 2001 թվականին դարձել է Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ասիմետրիկ տեղեկատվությամբ շուկաների վերլուծության համար։
Աշխատաշուկայի վրա արհեստական ինտելեկտի ազդեցությունների մասին Ջոզեֆ Ստիգլիցը խոսել է Լոնդոնում կայացած «You and AI» («Դուք և ԱԻ-ն») կոնֆերանսի ժամանակ: Ներկայիս իրավիճակը Ստիգլիցը համեմատել է XVIII-XIX դարերի արդյունաբերական հեղափոխության հետ, երբ մեքենայական աշխատանքը փոխարինեց մարդուն մի շարք ոլորտներում: 250 տարի անց պատմությունը կրկնվում է՝ մեքենաները սպառնում են խլել մարդկանց աշխատատեղերի 1/3-ը:
Մյուս կողմից, ըստ պրոֆեսորի՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը կարող է մեծացնել աշխատանքի արդյունավետությունն ու ծավալները: Այնուամենայնիվ, օգուտը խաբուսիկ է, քանի որ որքան էլ գործարարների եկամուտներն աճեն, աշխատողների աշխատավարձերը կմնան նույն մակարդակի վրա, կամ՝ նույնիսկ կնվազեն:
Այս խնդրի լուծումը Ստիգլիցը տեսնում է աշխատաշուկայի կարգավորման գործում պետության ակտիվ միջամտության մեջ: Ըստ պրոֆեսորի՝ արհեստական ինտելեկտի ներդման պատճառով առաջացած խնդիրներն աշխատաշուկայում տեսականորեն նույնն են, ինչ ժամանակին առաջացրել է գլոբալիզացիան: «Ակտիվ միջամտության» պայմաններում տնտեսագետը ենթադրում է հարկային քաղաքականության փոփոխություն, երաշխավորված զբաղվածություն՝ առնվազն կես աշխատանքային օր և խոշոր կորպորացիաների մենաշնորհների դեմ պայքար:
Թե որքան արդյունավետ կլինեն այս քայլերը, ցույց կտա միայն ժամանակը: Ստիգլիցը նշում է, որ արդյունաբերական հեղափոխության օրինակն ապացուցում է, որ մարդիկ կարող են հաղթահարել նման ճգնաժամերը: Գյուղացիների, աշխատողների և փոքր արտադրողների շրջանում գործազրկության մակարդակի բարձրացումը հանգեցրել է ակտիվ ներքին միգրացիայի, ուրբանիզացիայի, նոր աշխատատեղերի ստեղծման և հասարակության սոցիալական կառուցվածքի ամբողջական փոփոխման:
Ի՞նչ է պատրաստում մեզ համար «համակարգչային հեղափոխություն»: Անհնար է կանխատեսել: Ամեն դեպքում, արժե ընտրել մի մասնագիտություն, որտեղ համակարգիչները դեռ ամբողջությամբ չեն կարող փոխարինել մարդուն:
Սիրարփի Աղաբաբյան