Բաժիններ՝

Կառավարությունը մերժեց պահուստային ֆոնդից առողջապահության նախարարության ՊՈԱԿ-ին գումար տրամադրելու հարցը

ՀՀ կառավարությունը մերժեց բյուջեի պահուստային ֆոնդից առողջապահության նախարարության ՊՈԱԿ-ին 13 մլն 587 հազար ՀՀ դրամ տրամադրելու հարցը: Այսպիսի որոշում կայացվեց այսօր ՀՀ կառավարության նիստում:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի առաջարկով հարցը դարձվեց զեկուցվող՝ որոշ փոփոխություններ անելու նպատակով: Ըստ որոշման նախագծի՝ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ՀՀ բյուջեի պահուստային ֆոնդից պետք է տրամադրվեր 13 մլն 587 հազար ՀՀ դրամ:

«Ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից տրամադրված բժշկական սարքավորումները` թվով 4 բեռնարկղ, օգոստոսի 31-ին հասել են Երևան և այժմ գտնվում են Առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն»  ՊՈԱԿ-ի պահեստում` մաքսային մարմինների հսկողության ներքո: Հունիսի 1-ից մինչև օգոստոսի 29-ն ընկած ժամանակահատվածում բեռները գտնվել են Փոթի նավահանգստում, որոնց պահման և պահպանման ծառայությունների համար առաջացել են ֆինանսական պարտավորություններ` 10 մլն 541 հազար դրամի չափով: Բեռների տեղափոխումը Փոթի նավահանգստից Երևան իրականացվել է «Ապավեն» կազմակերպության միջոցով, որի ծառայությունների արժեքը կազմում է 761 հազար 500 դրամ: Ընդհանուր առմամբ, նշված բժշկական սարքավորումների պահման, պահպանման և տեղափոխման ծախսերը կազմել են 13 մլն 587 հազար դրամ, որն առաջարկվում է դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրել առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նշված ծախսերը փոխհատուցելու համար»,- նշված էր որոշման նախագծի հիմնավորման բաժնում:

Ամերիկյան կողմը վճարել է բեռների` ԱՄՆ-ից մինչև Փոթի նավահանգիստ փոխադրման ծախսերը: Ատոմ Ջանջուղազյանի առաջարկով՝ հայկական կողմի պարտավորությունները մարելու համար նշված գումարը ՊՈԱԿ-ին չի տրամադրվի, այդ գումարը կվճարվի ՀՀ առողջապահության նախարարության բյուջեից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս