ԱԶԲ-ն պատրաստակամ է երկարաձգել ու շարունակել «Հյուսիս-Հարավ»-ի շինարարության ծրագիրը

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը` թիմի ղեկավար Թոմաս Հերցի գլխավորությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին` նախարարը ուրախությամբ հայտնել է, որ համատեղ ջանքերը զգալի արդյունք են տվել, և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 3-ում աշխատող չինական «Սինոհիդրո» ընկերությունը ակտիվացրել է շինարարությունը։

ԱԶԲ ներկայացուցիչը նույնպես գոհունակությամբ ընդգծել է, որ ընկերության հետ կապված խնդիրները մեծամասամբ լուծվել են։ Նա նշել է, որ իրենց դիտարկման արդյունքում չինական ընկերության կողմից իրականացվող շինարարության տեմպերը շուրջ 5 անգամ ավելացել են։

Նախարարն ասել է, որ այս պահին Տրանշ 2-ում` իսպանական ընկերության կողմից իրականացվող բետոնապատման աշխատանքները նվազեցվել են, որպեսզի հնարավոր լինի որակի պատշաճ վերահսկում իրականացնել։

Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է ԱԶԲ-ի աջակցությունը, որպեսզի համատեղ ջանքերով լիարժեք ուսումնասիրություն կատարվի բետոնապատված հատվածներում՝ առկա ճաքերի պատճառները լիարժեք վեր հանելու ուղղությամբ և պարզելու՝ արդյոք միայն ցեմենտի բարձր թթվայնությու՞նն է դրա հիմնական պատճառը, և այն նվազեցնելու ու պահանջվող մակարդակի հասնելու դեպքում այդպիսիք արդյոք կբացառվե՞ն, թե՞ կարող են լինել նաև ճաքերի այլ պատճառներ, որոնք անհրաժեշտ է այս պահին պարզել և միջոցներ ձեռնարկել նաև այդ ուղղությամբ:

Բանկի ներկայացուցիչը նշել է, որ իրենք միակարծիք են և պատրաստ են աջակցել։

Աշոտ Հակոբյանը Թոմաս Հերցի հետ քննարկել է նաև ծրագրի շարունակականության հարցը։ Վերջինս հայտնել է, որ ԱԶԲ-ն պատրաստակամ է երկարաձգել ու շարունակել ծրագիրը։ Խոսվել է Տրանշ 4-ում և 5-ում ԱԶԲ ներգրավվածության հեռանկարների մասին:

Կողմերը քննարկել են նաև միջազգային տնտեսական կլոր սեղան- համաժողովի` Հայաստանում անցկացման հնարավորությունները։

Տեսանյութեր

Լրահոս