
«Ովքեր նման բան են ասել, չարաչար սխալվում են. Ոչ մի գրասենյակ չենք փակել, չենք էլ փակելու». Ռուբեն Թադևոսյան. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին տեղեկություններ ենք ստանում, որ ՀՀԿ–ն փակում է իր տարածքային որոշ գրասենյակներ՝ կապված նաև այն հանգամանքի հետ, որ դրանք պահելը դժվարացել է, իսկ կուսակցությունից զանգվածային արտահոսք կա:
Երեկ տեղեկություն տարածվեց, որ արդեն իսկ անդամությունը կասեցրել է մոտ 6500 հանրապետական: Սակայն ակնհայտ է, որ դրանք միայն պաշտոնապես իրենց որոշման մասին տեղեկացրածներն են: Իրականում քիչ չեն նրանք, ովքեր ուղղակի պատռել են իրենց անդամատոմսը, սակայն կուսակցությունից դուրս գալու դիմում չեն գրել:
Գրասենյակների փակման տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեցինք ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանին, ով զարմացավ մեր հարցից.
«Ո՞վ է նման բան ասել: Ովքեր նման բան են ասել, չարաչար սխալվում են: Ոչ մի գրասենյակ չենք փակել, չենք էլ փակելու: Մեր բոլոր գրասենյակները ժամանակին համահունչ բնականոն աշխատում են»:
Թադևոսյանը նաև հավելեց, որ իրենք գրասենյակներ ունեն բոլոր նախկին շրջաններում, խոշոր քաղաքներում և Երևանի բոլոր վարչական տարածքներում, ընդ որում՝ գրասենյակները առավելապես տեղակայված են ՀՀԿ սեփականությունը համարվող շինություններում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: