 
                        Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացի հետ
 
                                    Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆֆան Դե Միստուրային:
Զրուցակիցներն հանգամանալից անդրադարձել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, մտքեր փոխանակել երկրում տիրող հումանիտար իրավիճակի և դրա բարելավմանն ուղղված հնարավոր քայլերի շուրջ:
Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը բազմիցս է արտահայտել իր լուրջ մտահոգությունը Սիրիայում ճգնաժամի և դրա հետևանքով Սիրիայի մեր հայրենակիցների անվտանգության կապակցությամբ: Նա շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել և ընդարձակել մարդասիրական առաքելությունը՝ ուղղված Սիրիայի հայ համայնքի հրատապ կարիքների բավարարմանը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        