
ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո ինչպես բոլոր ուղղություններով, այնպես էլ ԵՄ ուղղությամբ առկա էր ակնհայտ շփոթություն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, թե հավատացած է, որ եվրոպական ընկերություններն ուշադիր վերլուծում են Հայաստանում փոփոխություններն ու հետաքրքրված են այստեղ գործունեության հեռանկարով:
Դեսպան Սվիտալսկին դրանից առաջ էլ հայտարարել էր, որ Հայաստանում տեղի ունեցողը հզոր առաջընթաց է, որը հնարավորություն է տալիս Հայաստանին գտնել նոր գործընկերներ Եվրոպայում և աշխարհում:
Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ինչպես բոլոր ուղղություններով, այնպես էլ Եվրամիության ուղղությամբ առկա էր ակնհայտ շփոթություն:
Մի կողմից Հայաստանի նոր իշխանությունը և դրա կազմավորման ու այլ բարդությունները, ներառյալ կադրային, մյուս կողմից՝ Եվրոպայից Հայաստանում տեղի ունեցածի հանդեպ վերաբերմունքի խնդիրը, տեղի ունեցածը հասկանալու, ըմբռնելու խնդիրը:
Հունիսի 26-ին Բրյուսել այցից հետո Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, որ Երևանին չի բավարարում Եվրամիության հետ հարաբերության այն ծավալը, որ կար նախկին իշխանության ժամանակ, և նոր իշխանությունը փոփոխությունների շնորհիվ ակնկալում է ավելին, դիտարկվեց իբրև ճգնաժամ ԵՄ-ի հետ հարաբերություններում, իբրև անհարկի կոշտություն:
Իրականում, սակայն, ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում էր ոչ միայն այն, ինչ պետք է նոր իշխանությանը կամ Հայաստանին, այլև այն, ինչ պետք է նոր Հայաստանում Եվրամիությանը, Եվրոպային»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: