Versace նորաձևության տունը վաճառել են ավելի քան 2 մլրդ դոլարով
Versace իտալական նորաձեւության տունն ամերիկյան Michael Kors ընկերությանը վաճառվել է 1,83 մլրդ եվրոյով (2,12 մլրդ դոլար): Այդ մասին ասված է Michael Kors-ի մամուլի տեղեկագրում:
«Michael Kors ընկերությունն այսօր հայտարարել է Gianni Versace SpA իտալական նորաձեւության տան՝ շրջանառության մեջ գտնվող 1,83 մլրդ եվրո ընդհանուր գումարի բոլոր բաժնետոմսերի ձեռքբերման վերջնական համաձայնագրի ստորագրման մասին»,-ասված Է փաստաթղթում:
Michael Kors-ը հագուստի, կոշիկի, պարֆյումերիայի եւ աքսեսուարների ամերիկյան բրենդ է: Հիմնադրվել է Մայքլ Կորսի կողմից 1981 թվականին: Իտալական հին մակնիշներից շատերն անցել են օտարերկրացիների ձեռքը, դրանց թվում են՝ Valentino-ն, Bulgari-ն, Ferre-ն, Fendi-ն եւ Gucci-ն:
Versace նորաձեւության տունը իտալացի մոդելագործ եւ դիզայներ Ջանի Վերսաչեի կողմից հիմնվել է 1978 թվականին: 1997 թվականին նա սերիական մարդասպանի կողմից գնդակահարվել է սեփական տան շեմին: Նրա սպանությունից հետո բիզնեսը GIVI Holding ընկերության միջոցով ղեկավարում է Վերսաչեների ընտանիքը:
Հիմնադրի քույրը՝ Դոնատելան, GIVI-ի բաժնետոմսերի 20 տոկոսի սեփականատերն է, նրա եղբորը՝ Սանտոյին, պատկանում է 30 տոկոսը, իսկ մնացածը պատկանում է Դոնատելայի դստերը՝ Ալեգրային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: