Ռոուհանին Թերեզա Մեյի հետ հանդիպմանը կարևորել է միջուկային գործարքի պահպանումը
Իրանի իշխանությունները շահագրգռված են զարգացնելու համագործակցությունը Միացյալ Թագավորության հետ՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պահպանման համար: Այդ մասին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին սեպտեմբերի 26-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ:
«Մենք պետք է զարգացնենք համագործակցությունը, ինչպես նաեւ կոնսուլտացիաներ անցկացնենք, որպեսզի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկենք միջուկային գործարքը պահպանելու համար, մասնավորապես տնտեսական ոլորտում»,-Ռոուհանիի խոսքը մեջբերված է Իրանի նախագահի պաշտոնական կայքում: Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանը շահագրգռված է Մեծ Բրիտանիայի եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացմամբ: «Երկրների միջեւ երկկողմ համագործակցության ընդլայնումը կբերի մեր միջեւ տնտեսական, առեւտրական եւ ներդրումային կապերի խորացմանը»,-նշել է նա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից՝ գործարքից, որը կնքվել էր 2015 թվականին եւ սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից կիրառվող միակողմանի սահմանափակիչ միջոցների չեղարկման փոխարեն: Վաշինգտոնը խոստացել է Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցները վերականգնել նոյեմբերի 4-ին, ինչպես նաեւ կոչ է արել իր բոլոր դաշնակիցներին՝ նավթ չգնել Իրանից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: