Նիկոլ Փաշինյանի օգտին աշխատեց նաև Ռոբերտ Քոչարյանի գործոնը. Նարինե Դիլբարյան
Երևանի ավագանու ընտրություններն այնքան էլ քաղաաքապետի ընտրություններ չէին, դրանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախերգանք էին, և դա հեղափոխության վստահության հանրաքվե էր։ Նման տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին անհրաժեշտ էր պարզել, թե հեղափոխության գաղափարներն ինչպիսի ընկալում ունեն, և ինչ ընտրազանգվածի վրա կարող են հույս դնել։
«Նախկինում ընտրողների թիվը Երևանում մի փոքր ուռճացված էր, որովհետև հաստատապես այդքան բնակիչ չունենք, և, իմ կարծիքով, դա օրենքի խնդիր է, բայց քաղաքացիություն չունեցող անձինք չպետք է մասնակցեն քաղաքապետի ընտրություններին, թեկուզ և նրանք այստեղ կեցության իրավունք ունեն։ Իսկ ընտրության եկավ կողմնորոշված ընտրողը»,- ասաց Ն.Դիլբարյանը՝ չհամաձայնելով հնչող գնահատականներին, որ ընտրություններին մասնակցության թիվն իրականում ցածր էր։
Ն.Դիլբարյանի խոսքով՝ բոլոր քաղաքական ուժերը հասկանում էին, որ նախկին խաղի կանոններն այլևս չեն գործում, և ընտրակաշառքը տեղ չունեցավ, այսինքն՝ ընտրություններն իսկապես ազատ էին և արդար էին. «Դա իսկապես շատ ոգևորող է և կարող է հույս ներշնչել հետագա ժողովրդավարական զարգացումների համար»։
«Ինչ վերաբերում է բուն ընտրության ընթացքին, խիստ քաղաքականացված էր և հերոսի ընտրություն էր։ Գիտեք, մենք բավական զգայական ազգ ենք, հերոսներ ենք ստեղծում, և Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան իշխանության դեմ պայքարողը, կարծես, նույնացվեց վիշապի դեմ պայքարողին, և Նիկոլ Փաշինյանը հասարակության մի որոշ զանգվածի մոտ ոչ թե քաղաքական գործիչ է, այլ հերոս է։ Եվ դրա համար նրա առաջարկած ցանկացած թեկնածու, լիներ Հայկ Մարությանը կամ այլ անձ, հավաքելու էր այդ ձայները, դա Նիկոլ Փաշինյանին տրված ձայներն են»,- ասաց Ն.Դիլբարյանը։
Նրա կարծիքով՝ Փաշինյանի օգտին աշխատեց նաև Քոչարյանի գործոնը, քանի որ վերջինիս քաղաքականություն վերադարձի փորձն օգնեց Փաշինյանին համախմբելու այն մարդկանց, որոնք այնքան էլ համաձայն չեն Փաշինյանի քաղաքականության ուղեգծի հետ, բայց խիստ մտահոգ են Քոչարյանի վերադարձից։