Իտալիան խստացնում է ներգաղթի կանոնները
Իտալիայի Նախարարների խորհուրդը միաձայն հավանություն է տվել «Անվտանգության ու միգրացիայի մասին» դեկրետին, որը երկրում ստացել է «Սալվինիի դեկրետ» անվանումը: Այդ մասին հայտնել է ANSA գործակալությունը:
Դեկրետը դյուրացնում է ներգաղթյալների արտաքսումը եւ նրանց քաղաքացիությունից զրկելու ավելի մեծ հնարավորություններ է տալիս: Մասնավորապես, սահմանված միջոցների թվում են այն մարդկանց քաղաքացիությունից զրկելը, որոնք մեղադրվում են միջազգային ահաբեկչության մեջ, ինչպես նաեւ ապաստանի տրամադրման խնդրագրերի կասեցումն այն միգրանտների համար, որոնք մեղադրվում են թմրանյութերի տարածման, սեռական ոտնձգությունների եւ առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ:
Օրինագծի նախաձեռնողը՝ Իտալիայի փոխվարչապետ եւ ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին, ողջունել է դեկրետի ընդունումը: «Ես երջանիկ եմ: Սա քայլ առաջ է, որն ավելի անվտանգ կդարձնի Իտալիան»,-գրել է նա Facebook-ում: Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ նոր դեկրետն ավելի արդյունավետ կդարձնի Իտալիայի օրենսդրությունը: Իտալիայի խորհրդարանը 60 օր ունի՝ քվեարկելու հօգուտ այն բանի, որ դեկրետն օրենք դառնա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: