«Պետք է միշտ մտքում պահել, որ, խլացնելով կանանց ձայնը՝ անհնար է հասնել կայուն զարգացման». Արփինե Հովհաննիսյան

Ինչպես հայտնի է՝ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու սեպտեմբերի 19-21-ը կայանալիք Կանանց եվրասիական ֆորումին, որտեղ նա երեկ ելույթ է ունեցել: Ֆորումի նախաձեռնողը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն է։ Ֆորումի խորագիրն է՝ «Կանայք՝ հանուն գլոբալ անվտանգության և կայուն զարգացման»:

Ֆորումի վերաբերյալ զրուցեցինք Արփինե Հովհաննիսյանի հետ:

Սեպտեմբերի 19-21-ը մասնակցում էիք կանանց երկրորդ եվրասիական համաժողովին։ Երեք տարի տարվա ընդմիջումից հետո սա երկրորդ համաժողովն էր։ Այս անգամ ո՞րն էր համաժողովի օրակարգը:

– Դեռևս 2015 թվականի առաջին համաժողովը ցույց տվեց, թե ինչքան արդիական և կարևոր է կրոջ դերակատարումը գլոբալ օրակարգում։ Որքան էլ ներկայումս քայլեր են կատարվում քաղաքականության, տնտեսության մեջ կանանց ներգրավվածության բարձրացման, գենդերային հավասարության հաստատման համար, սակայն խտրականությունը տարբեր բնագավառներում, ընտանիքում բռնությունը, կնոջ առջև քաղաքականության և տնտեսության մեջ դրված արգելքները դեռևս մեծ ծավալ են կազմում։ Ու հենց այս մարտահրավերներն էին, որ հիմք էին հանդիսացել երկրորդ համաժողովի նախաձեռնության համար։

Այս անգամ, հատկապես հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի մինչև 2030 թվականի կայուն զարգացման ծրագրի առաջնային կետերից մեկը կանանց իրավունքների պաշտպանություն է և գենդերային հավասարությունը, համաժողովում կարևոր շեշտադրում էր կատարվել կնոջ դերակատարմանը կայուն զարգացման գործընթացում։ Կարող եմ ասել, որ համաժողովի օրակարգը բավական հագեցած էր, այն իր մեջ ընդգրկում էր տարբեր ձևաչափերով քննարկումներ, հանդիպումներ, համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նաև ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (Յունիդոյի) նիստը։ Համաժողովի փայլուն հարթակ էր շփման, փորձի փոխանակման, բազմակողմանի համագործակցության համար:

Կարող եմ ասել, որ համաժողովն իր բնույթով բացառիկ էր, քանի որ հավաքել էր Եվրոպայի և Ասիայի բոլոր ազդեցիկ կանանց, որոնք ոչ միայն քաղաքականություն ու մտածողություն են փոխում իրենց երկրներում, այլև համաշխարհային մակարդակով։ Հաճախ չի պատահում, որ այդքան ոգեշնչող կանայք հավաքվում են մի հարկի տակ։

– Համաժողովի ընթացքում Դուք հանդես եկաք ելույթով։ Ո՞րն էր Ձեր ելույթի հիմնական ուղերձը, ի վերջո, Ձեր կարծիքով՝ ո՞րն է կանանց առջև ծառացած մարտահրավերը։

 – Ես միշտ համոզված եմ եղել, որ կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին ի վիճակի է բացել զարգացման այնպիսի հեռանկարներ, որոնք փոխում են պետությունների և ազգերի ճակատագրերը։ Այդ մասնակցությունը, թեև բարդ է և պատասխանատու, սակայն ունի կենսական նշանակություն։ Ու սա զուտ իմ տեսակետը չէ, սա փաստ է, որը հաստատված է մի շարք հետազոտություններով ու ուսումնասիրություններով։

Բավական հետաքրքիր զուգադիպություն էր այն, որ համաժողովը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանում տեղի են ունենում ներքաղաքական կարևոր իրադարձություններ, երբ մեր երկրում անհանգստացնող մթնոլորտ է հաստատված։

Մի կողմից՝ մեր հասարակությանը միշտ հատուկ է եղել հարգանքը կանանց նկատմամբ, բայց մյուս կողմից՝ մենք ներկայումս բախվում ենք իրավիճակի, երբ կանայք են թիրախավորվում։ Իրականում այս խնդիրը բավական գլոբալ է, և ամբողջ աշխարհում են կանայք բախվում նման խնդիրների։

Սրա վկայություն էր նաև հենց համաժողովը, որտեղ աշխարհի բոլոր ծայրերից կանայք կիսվում էին իրենց խնդիրներով, իրենց առջև ծառացած մարտահրավերներով։ Եթե հասարակությունն իրապես ցանկանում է գնալ զարգացման ճանապարհով, եթե պետությունն իրապես ձգտում է ծաղկման, պետք է միշտ մտքում պահել, որ խլացնելով կանանց ձայնը՝ անհնար է հասնել կայուն զարգացման։ Որքան շուտ փոխվի այժմ հաստատված մթնոլորտը, այդքան արագ մենք կարող ենք հասնել հանդուրժողականության, սիրո և խաղաղության։

Տեսանյութեր

Լրահոս