«Կան հարցեր, որոնք ՀՀ վարչապետը պետք է ձգտի քննարկել ամերիկյան կողմի հետ». Փոլ Գոբլ
«Հայկական կողմն առանց Փաշինյան-Թրամփ հանդիպման ևս կարող է Փաշինյանի այցն ԱՄՆ հնարավորինս կառուցողական դարձնել կուլիսային հանդիպումներով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հայկական մասնակցության առաջնահերթություններին: Հիշեցնենք, որ նախօրեին Նյու Յորքում բացվել է ամենահեղինակավոր միջազգային կառույցի՝ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը, որի օրակարգի ամենահետաքրքիր մասը` ղեկավարների մասնակցությամբ դեբատներն ու ելույթները, կմեկնարկեն սեպտեմբերի 24-ից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս սեպտեմբերի 24-ից կմասնակցի ԳԱ աշխատանքներին և, ըստ ամենայնի, հանդես կգա ելույթով: ԳԱ-ին սպասվում են մի շարք ելույթներ, որոնցից առանցքայինը լինելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը: Թրամփը ներկայացնելու է իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման ծրագիր:
Ասամբլեայի կուլիսներում չի բացառվում ԱՄՆ-ի և Իրանի նախագահների հանդիպումը: Ռուսաստանը ներկայացված է լինելու ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մակարդակով: Այս տարի միջոցառումն անցկացվում է «ՄԱԿ-ն ավելի գործունակ դարձնենք բոլոր ժողովուրդների համար» կարգախոսի ներքո: ԳԱ աշխատանքները նվիրված են լինելու գլոբալ առաջնորդությանը, կայուն զարգացմանը և խաղաղության պահպանման ՄԱԿ ուժերի բարեփոխումներին, ջանքերի միավորմանն ու թմրանյութերի դեմ պայքարին: Դոնալդ Թրամփն անձամբ է գլխավորելու ՄԱԿ ԱԽ աշխատանքները:
Հայաստանի մասնակցությունը Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ ԳԱ աշխատանքներին հետաքրքրական է այն հանգամանքով, որ դրան մասնակցելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, ըստ այս միջոցառմանը հայկական մասնակցության ավանդույթի՝ ելույթ կունենա, կուլիսներում իր օտարերկրյա գործընկերներին հանդիպելու հնարավորություն կունենա:
ՄԱԿ ԳԱ հայկական օրակարգի ամենաքննարկված հարցը Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպման հարցն էր: Նման հանդիպում անցկացնելու կոչով դիմել էին մի քանի տասնյակ կոնգրեսականներ և ԱՄՆ-ի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, սակայն, ըստ հավաստի տեղեկությունների՝ նման հանդիպում չի կայանա: «Երկու կողմն էլ ուզում են, որ հանդիպումը կայանա։ Սակայն, հասկանալի պատճառներով, նախագահի ու վարչապետի ժամանակացույցերը շատ հագեցած են. մենք փորձում ենք համապատասխան «լուսամուտ» գտնել` հանդիպումը կազմակերպելու համար։ Տվյալ պահին հանդիպման մասին որոշում դեռ կայացված չէ»,- ասել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Ըստ որոշ տեղեկությունների, Ասամբելայի շրջանակում կկայանա Մնացականյան-Մամեդյարով հանդիպում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո:
Փոլ Գոբլի խոսքով՝ բնականաբար, նման միջոցառումներն արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչն են ցանկացած իշխանության, առավել ևս Հայաստանում տեղի ունեցած բուռն իրադարձությունների արդյունքում իշխանության եկած ուժի համար:
Ըստ նրա, սա հասկանալիորեն լավ հնարավորություն է ելույթի միջոցով լայն լսարանի համար պարզաբանել, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում և ներկայումս ինչպիսի գործընթացներ են գնում, ինչպիսին են արտաքին քաղաքական մոտեցումները, ԼՂ հայկամարտության կարգավորման տեսլականը, դիրքորոշումը սիրիական հակամարտության հարցում:
«Կարծում եմ, նրա ելույթը շատերին կհետաքրքրի, քանի որ Հայաստանի ներքաղաքական կյանքը դեռ չի կայունացել: Ես մշտապես ասում եմ, որ կցանկանայի, որպեսզի ԱՄՆ-ը ավելի մեծ հետաքրքրություն ունենար այս տարածաշրջանի, հետևաբար՝ նաև Հայաստանի նկատմամբ: Դա հստակ օրակարգ կձևավորեր Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, այս պարագայում գուցեև տեղի ունենար Փաշինյան-Թրամփ հանդիպում: Սակայն նոր աշխատակազմը լրջորեն զբաղվում է գլոբալ հարցերով, ռազմավարական գործընկերների հետ շփումներով, ավելի հեռու տարածաշրջաններում ամերիկյան քաղաքականության իրականացումը վստահելով դիվանագետներին և Պետդեպի համապատասխան բաժիններին:
Այս պարագայում ավելի մեծ նախաձեռնողականություն պետք է ցուցաբերի հայկական կողմը, նման այցերի ընթացքում կայանալիք հանդիպումներին նախապես պետք է պատրաստվել` համապատասխան կառույցներն իրենց աշխատանքը պետք է իրականացնեն ամերիկյան կողմի հետ: Չեմ կարծում, թե նման հանդիպում կայանա, քանի որ ԱՄՆ նախագահի օրակարգը հագեցած է ավելի գլոբալ խնդիրներով և դրանց կարգավորմանը նրա ներգրավմամբ:
Որքան էլ Հայաստանում ստեղծված իրավիճակը հետաքրքրական է, տարածաշրջանում իրավիճակը ԼՂ հակամարտության շուրջ ևս խաղաղ չէ, ԱՄՆ նախագահի աշխատակազմն առաջնորդվում է առաջնահերթություններով»,- ասաց Գոբլը: Սակայն, նրա կարծիքով, հայկական կողմը կարող է այցն ԱՄՆ հնարավորինս կառուցողական դարձնել կուլիսային հանդիպումներով, Պետքարտուղարի, կոնգրեսականների և այլ պաշտոնյաների հետ հանդիպումներով:
«Երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր կան, որոնցից Հայաստանը կարող է ազդվել, ուստի պետք է ամերիկյան կողմի հետ ձգտի քննարկել այդ հարցերը, ներկայացնելով և առաջ մղելով Հայաստանի շահերը, բացատրելով դրանք, հայկական կողմի դիրքորոշումը հնարավորինս ընկալելի դարձնելու նպատակով: Այդ հարցերը մասնավորապես վերաբերում են Սիրիային, Իրանին, Ռուսաստանին, կան պատժամիջոցներ, որոնք կարող են անդրադառնալ Հայաստանի վրա, օրերս քննարկեցին Հայաստանի ապագա առաքելությունը Սիրիայում, դա ևս օրակարգային հարց կարող է լինել, ինչո՞ւ ոչ` ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Ի վերջո կարևոր է նաև այն, որ նախարարները կհանդիպեն ՄԱԿ ԳԱ կուլիսներում, որը, հուսանք, կդադարեցնի սահմանին առկա իրավիճակը»,- ասաց Փոլ Գոբլը: