«Զոհերի պատասխանատվությունն ընկած է նրանց վրա, ովքեր զանգվածային անկարգություններ սադրեցին». Ռոբերտ Քոչարյան

«Կոմերսանտին» տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաև Մարտի 1-իւ դեպքերին

– 2008թ.։ Պատասխանատվություն զգո՞ւմ եք Երևանում բողոքի մարտյան ցույցերի ժամանակ զոհվածների համար։

– Պատասխանատվությունը նախ և առաջ ընկնում է նրանց վրա, ովքեր նախընտրական արշավի ժամանակ այնքան ծայրահեղացրին իրավիճակը, որ այդ ամենը պայթեց այդ բախման ձևով։

– Բայց իշխանությունը միշտ էլ զենք չկիրառելու ընտրություն ունի։

– 10 զոհերի համար պատասխանատվությունը նախ և առաջ ընկնում է նրանց վրա, ովքեր սադրեցին զանգվածային անկարգությունները։ Եվ իհարկե, քանի որ տվյալ դեպքում ընդդիմություն ու իշխանություն կային, ինչ-որ չափով այդ պատասխանատվությունը կիսվում է։ Անկասկած կիսվում է։

Միգուցե ինչ-որ մեկը կարող էր այդ բախումը կանխելու համար ինչ-որ բան անել։ Բայց ենթադրական եղանակում, հետահաայց կարելի է այնքան քանակությամբ սցենարներ մտածել, որ պարզապես կխճճվես։

Ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել այդ իրավիճակում։ Հետ նայելով՝ ես հաճախ եմ մտածել, թե ինչը կարելի էր այլ կերպ անել, որ դա տեղի չունենար։ Շատ բարդ է։ Երբեմն մտածում ես, թե ահա այսպես այլ կերպ կլիներ, և անմիջապես մի շարք փաստարկներ են ի հայտ գալիս վատագույնի օգտին։

Փաստի առիթով ես պարզապես համոզված եմ, որ պատասխանատվությունը նաև իշխանությունների վրա է, բայց առաջին հերթին պատասխանատու են նրանք, ովքեր սադրել են զանգվածային անկարգությւոնները։ Տեսեք, թե ինչ է արվում հիմա։ Կրկին հասարակությունը բաժանում են սևերի ու սպիտակների։

– Նրանց, ովքեր Փաշինյանի կողմից են, ու նրանց, ովքեր դե՞մ են։

– Ոչ։ Սպիտակները լուսավոր ուժերն են, սևերը՝ մութ։ Այն ժամանակ էլ նույն բանն էր արվում։ Այն ժամանակ ողջ նախընտրական արշավը կառուցվում էր բողոքական ընտրազանգվածի մոբիլիզացիայի շուրջ, և հիմնական կարգախոսներն էլ սև-սպիտակ էին։ Բայց քաղաքական գործիչը ոչ միայն իր արարքների ու գործողությունների համար պետք է պատասխանատվություն կրի, այլև նրանց համար, ովքեր իր հետևից գնում են, քանի որ նա իր ելույթներով մթնոլորտ է ստեղծում, որի դեպքում այդ գործողությունները հնարավոր են դառնում։ Ահա հիմա էլ են ասում, որ երկրում սև և սպիտակ ուժեր կան, ու «նրանք, ովքեր մեզ հետ չեն, սև ուժեր են»։ Դրվում են նախադրյալներ հասարակության բևեռացման համար՝ ըստ սև ու սպիտակ բաժանման։ Չի կարելի դրա նկատմամբ անտարբեր լինել։

– Մի՞թե քաղաքական գործիչները երբևէ այլ կերպ են գործել։ Դուք հիմա նույնպես ասում եք, որ այժմյան իշխանությունները ամեն ինչ ապակայունացնում են ու ստեղծում անվտանգության համար սպառնալիք։ Դա նույնպես այս տրամաբանության մեջ է տեղավորվում։

– Մենք հասարակությունը չենք բաժանում։ Ես խոսում եմ կոնկրետ քաղաքական գործիչների մասին, կոնկրետ մարդկանց մասին կառավարությունում, ովքեր դա անում են։ Խնդրեմ, քննադատիր կառավարությանը, եթե նա ինչ-որ բան այնպես չի անում, իսկ դու ընդդիմություն ես։ Քննադատիր ընդդիմադիր գործչի, եթե նա ինչ-որ բան այնպես չի անում։ Բայց մարդկանց սև ու սպիտակների՞ բաժանել… Մենք դա անցել ենք՝ կարմիրներ, սպիտակներ։ Տեսել ենք, թե դա ինչի է հանգեցնում։

Տեսանյութեր

Լրահոս