Երեք գումարած մեկ. հայկական քաղաքական սերիալի սյուժեներից

Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղարը՝ Ազեր Ղասիմովը, սեպտեմբերի 17-ին պատասխանել է Հայաստանի վարչապետի Երրորդ մասում նախըտրական հանրահավաքի ընթացքում տեղի ունեցած ելույթին: Պատասխանը լի է նման հայտարարություններին բնորոշ արևելյան գռեհիկ ռաբիս չափազանցություններով, անհամարժեք հոխորտանքով և այլն, բայց դրանց մեջ կարծես հետաքրքիր նրբություններ կան թաքնված: Այսպես՝ «Պետք է նշենք, որ, եթե Ադրբեջանը սկսի խառնվել Հայաստանի ներքին գործերին, ապա Փաշինյանի իշխանությունը երկար չի տևի:

Դրա վկայությունն է Սերժ Սարգսյանի դիկտատուրայի անկումը»: Ասել կուզի, որ Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռացման գործում Ադրբեջանն իր ավանդն ունի: Իհարկե, սա մի կողմից՝ մեր ասած անհամարժեք չափազանցությունների ու ռաբիս հոխորտանքների շարքից է, բայց մյուս կողմից՝ այստեղ կարելի է գտնել որոշ ուշագրավ երանգներ:

Համենայն դեպս, առաջին անգամ չէ, որ նշում ենք, թե ոչ միայն, և գուցե ոչ այնքան 2018-ը, այլ 2016-ի պատերազմը պետք է դիտել՝ որպես Հայաստանում միանգամայն նոր քաղաքական փուլի սկիզբ: Ոչ թե նկատի ունենք՝ այսօրվա իրավիճակի ակունքները գտնել 2016-ին, որովհետև ակունքները կարելի է գտնել ընդհուպ մինչև Պապ թագավոր, այլ այն, որ հերթական քաղաքական շրջափուլը, որում ապրում ենք, սկսվել է հենց 2016-ի պատերազմով, այսինքն՝ այն, ինչ եղել է մինչև այդ, այսպես ասած, պատմական անցյալ է, և որակապես այլ քաղաքական դասավորություն, իսկ ահա 2016-ից սկսածը մեր քաղաքական ներկան է:

Ունեցանք ոչ միայն պատերազմ, այլև դրան հետևած քաղաքական կարևոր իրադարձությունների մի շարք՝ Սերժ Սարգսյանի հանդիպումը Տեր-Պետրոսյանի հետ, այսպես կոչված, «քոչարյանական» ուժերի ակտիվացում՝ արմատացած ընդդիմախոս հռետորաբանությամբ, Սամվել Բաբայանի վերադարձ, պարտության կազմակերպված քարոզ, Ղարաբաղյան հարցում Ռուսաստանի ակտիվացում՝ այսպես կոչված, «լավրովյան պլանով», և ղարաբաղյան բանակցությունների կտրուկ ակտիվացման փուլ, զինված գործողություններ Երևանի կենտրոնում, կառավարության փոփոխություն՝ նոր վարչապետով, բայց և պաշտպանության նախարարի հրաժարականով, ու հետագայում ընդդիմադիր դաշտում հայտնվելով Օսկանյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մի դաշինքում, և հետագայում՝ այդ դաշինքին հայտնած աջակցությամբ հուլիսյան զինված գործողության մասնակիցների կողմից: Սրանք բոլորը փաստեր են, որոնք որակապես փոխեցին քաղաքական ամբողջ նախկին դասավորությունը, ձևավորեցին միանգամայն նոր քաղաքական քարտեզ Հայաստանում:

Ընդհանրապես հայաստանյան վերլուծական մտքի ամբողջ թշվառությունը, ավելի ճիշտ՝ նման մտքի իսպառ բացակայությունը, մարմնավորվում է այն փաստում, որ ցայսօր չի տրվել ապրիլյան պատերազմի քաղաքական և ռազմական շրջարկի ամբողջական գնահատական, չեն իմաստավորվել դրա պատճառներն ու կապը հետագա իրադարձությունների հետ (առանձին ու հատվածական փորձերի մասին չէ խոսքը, որոնք եղել են, այլ ամբողջականի): Ոչ թե վերլուծական միտք չկա Հայաստանում, այլ չկա Հայաստանի շահերը սպասարկող վերլուծական համակարգ: Կան մասնավոր կամ դրսի ուժերի շահեր սպասարկող առանձին խմբեր, կենտրոններ, որոնք գուցե վատ չեն իրացնում իրենց նպատակները: Մեր հանրությունը չունի այն գործիքները, որով կարող է իրապես իմաստավորել իր հետ տեղի ունեցողը՝ նույնիսկ այնպիսի խոշոր ու կարևոր իրադարձությունը, ինչպիսին պատերազմն է: Նույնիսկ պատերազմի ոչ միայն՝ ռազմական, այլև նախ՝ քաղաքական բնույթը չի գիտակցվում: Կարծես պատերազմն ինքն իրենով է, իսկ քաղաքականությունը՝ առանձին: Կարծես գոյություն չունի «պատերազմը քաղաքականության գործիքն է» հայտնի ճշմարտությունը:

2016-ից տեսնում ենք արտաքին գործոնների ակտիվացումը, նախկինից ավելի ներգործուն միջամտությունը կամ ազդեցությունը Հայաստանի ներքին կյանքի վրա: Այդ ներգործությանը զուգահեռ՝ տեսնում ենք ներսում քաղաքական որոշակի շրջանակի ակտիվացում և համախմբում: Նաև ականատես ենք եղել զինված գործողության՝ մի բան, որը Հայաստանի պես փոքր պետություններում, որպես կանոն, ցուցիչ է արտաքին հետքի, քանի որ Հայաստանի ներսում որևէ ուժ չունի այնքան ինքնուրույն ռեսուրս, որպեսզի դիմի զինված քայլերի, և անկախությունից ի վեր մենք ունեցել ենք միայն մի քանի նման դեպք՝ 1990-ին, 1999-ին և 2016-ին: Բոլորի դեպքում էլ կասկածներն արտաքին ուժերի ուղղակի կամ անուղղակի միաջմտության հետ են կապված:

Պարզ է շատերին, և առավել ևս պարզ պետք է լինի արդեն այսօրվա հետադարձ հայացքով, որ պատերազմի նախաձեռնումն Ադրբեջանի կողմից՝  միայն Ադրբեջանի ինքնուրույն, անջատ ծրագրի մաս չէր կարող լինել: Ադրբեջանը, անշուշտ, իր ուրույն շահերն էր հետապնդում այս խաղում, բայց խաղի ավելի բարձր մակարդակում նա գործիքի դեր էր խաղում: Սրա համար ենք ասում, որ պետք է նախևառաջ վերլուծվեր պատերազմի քաղաքական նպատակը, որովհետև պատերազմներն իմաստ ունեն միայն իրենց քաղաքական նպատակներով, և միայն դրանց հիմամբ է հնարավոր գնահատել ռազմական արդյունքը՝ հաղթանա՞կ, թե՞ պարտություն:

Ի դեպ, դեռևս 2015-ի ավարտին Հայաստանի առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին ուղված իր հրապարակային կոչում կանխատեսում էր, որ Սիրիայում Ռուսաստանի ներգրավումը կարող է կանխորոշել Ղարաբաղի խնդրում սրացումներ, մարտահրավերներ: Սրան զուգահեռ՝ նույն 2015-ի ավարտին խոսք եղավ առաջին զինված խմբավորման չեզոքացման մասին Հայաստանում՝ մի բան, որ չի եղել անկախությունից ի վեր, չնայած ընդդիմադիր տրամադրությունների աստիճանը Հայաստանում միշտ էլ շատ բարձր է եղել:

Եթե վերացարկվենք մանրամասներից, ապա, 2016-ի գարնանն ու ամռանը՝ քաղաքական թեժացման փուլում, գործում էին իրարից ինքնավար, բայց փաստով նույն ուղղությամբ երեք ուժեր՝ երկու արտաքին և մեկ ներքին (ներքինը, եթե ստույգ լինենք, մեկ ուժ չէր, այլ այլազան, հաճախ՝ արտաքուստ իրար հակադիր, այսպես ասած, լայն կոալիցիա): Ուշագրավ է, որ այդ երեքն էլ առնվազն կրավորական, չմիջամտող դիրք գրավեցին 2018-ի ապրիլին՝ մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը: Շատերն էին այն ժամանակ զարմացած, օրինակ, ռուսներից, որոնք սովորաբար շատ ավելի շեշտված հակադիր են հետսովետական տարածքում եղած իշխանափոխություներին: Իսկ ընկերներիցս մեկն ինձ ասում էր՝ «պետք է շնորհակալ լինենք Ալիևին, որ չխառնվեց, չօգտվեց իրավիճակից»: Դրության կտրուկ փոփոխության առաջին նշաններն ունեցանք դեռ ապրիլի վերջին՝ Կարեն Կարապետյանի շուտափույթ հրաժարականից հետո: Բայց դա, այսպես ասած, կինոյի անոնսն էր:

Այսօր արդեն կարծես ավելի ակնհայտ է դառնում եռյակի նոր ակտիվացումը: Իհարկե, 2016-ի համեմատ շատ բան է փոխվել: Դերակատարները տարբեր են: Բայց քարտեզը, կարծես, մնում է նույնը՝ երկու արտաքին և մեկ ներքին ուժ, չասենք, համադաշնությամբ, բայց գործում են ռեզոնանսի մեջ: Որքան էլ տարօրինակ հնչի, քաղաքականության մեջ միշտ չէ, որ կոնկրետ անուններն են կարևոր: Ավելի կարևոր են կառուցվածքներն ու քարտեզները: Իսկ անունների դասավորությունը քարտեզում միշտ էլ կարող է փոխվել:

Իրապես հասկանալու համար իրավիճակը, պետք է չզլանանք նորից ու նորից վերադառնալ 2016-ի պատերազմի թեմային: Մինչև մեր հանրությունը չփորձի հասկանալ, թե ո՛րն էր պատերազմի և դրան հետևած քաղաքական իրադարձություների նպատակն արտաքին խաղացողների կողմից, չի հասկանա նաև ինքն իր տեղը քարտեզում և իր անելիքները:

Հ.Գ. Հատուկ պարզեցրել ենք դեպքերի շարադրանքը: Բաց ենք թողել, օրինակ, այլ արտաքին ուժերի մասնակցության խնդիրը, որովետև այդտեղ ունենք բավականին խճճված պատկեր, որը հասկանալը, թերևս, մեկ, այն էլ՝ անթիմ և բացառիկ ինֆորմացիաների չտիրապետող մարդու ուժերից վեր է: Բայց վստահ ենք, որ իրական պատկերն է՛լ ավելի բարդ է եղել և կա, քան մեր այստեղ թեթև ակնարկածը:

Նաև հուսով ենք, որ ընթերցողները չեն պահանջի մեզանից ավելի ու ավելի մանրամասներ ու հիմնավորումներ: Ուղիղ խոսքն ում են ասում, թող հարցնեն մեր ժողովրդին: Քաղաքական հրապարակային խոսքը հատկապես ստեղծված չէ չափից ավելի ուղիղ լինելու համար: Իսկ մանրամասն հիմնավորումների համար դիմեք այնպիսի մարդանց, ովքեր հնարավորություն ունեն մշակելու տեղեկատվության մեծաքանակ հոսքեր:

 

Տեսանյութեր

Լրահոս