
Վրաստանի վարչապետը և Թրամփի օգնականը քննարկել են տարածաշրջանի իրադրությունը

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ԱՄՆ իր այցն սկսել է նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ հանդիպմամբ, որի հետ քննարկել է տարածաշրջանի իրադրությունը, երկրի առջեւ ծառացած մարտահրավերները եւ երկկողմ ռազմավարական հարաբերությունների հարցերը: Այդ մասին հայտնել է վրացական կառավարության մամուլի ծառայությունը:
«Մենք քննարկեցինք Վրաստանի առջեւ ծառացած մարտահրավերները եւ ընդգծեցինք ԱՄՆ-ի դերը այդ մարտահրավերների համատեղ դիմագրավման նպատակով: Մենք նաեւ քննարկեցինք տարածաշրջանի իրադրությունը, արծարծվեցին նաեւ տնտեսական հարցեր: Տնտեսության ոլորտում մեր հարաբերությունների ամրապնդումը շատ կարեւոր է: Այդ ուղղությամբ վրացական կառավարությունն ունի որոշակի ծրագիր, որի հետ մենք ծանոթացրեցինք պարոն Բոլթոնին»,- հայտարարել է վարչապետը:
Սա վարչապետի կարգավիճակում Բախտաձեի առաջին այցն է ԱՄՆ: Այստեղ նա նաեւ ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: