Հունգարիայի վարչապետը մեկնաբանել է Եվրամիության կողմից պատժամիջոցների հնարավոր կիրառումը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը տեղական Kossuth ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ կարգապահական պատիժը, որը ԵՄ-ի Խորհուրդը կարող է սահմանել իր երկրի նկատմամբ, «նվազագույն իսկ վտանգ» չի ներկայացնում։
Սեպտեմբերի 12-ին Եվրախորհրդարանը հավանություն է տվել այն բանաձեւին, որով ԵՄ-ի Խորհրդին կոչ արվում կարգապահական միջոցներ ձեռնարկել Հունգարիայի նկատմամբ՝ երկրի կողմից եվրոպական նորմերի եւ իրավունքի գերակայության սկզբունքների խախտման պատճառով: Խոսքն այն ընթացակարգի գործարկման մասին է, որը կարող է հանգեցնել ԵՄ-ի մասին պայմանագրի 7-րդ հոդվածի շրջանակներում Հունգարիային ԵՄ-ի Խորհրդում ձայնի իրավունքից զրկելուն:
Ինչպես գրում է Hungary Today թերթը, Օրբանը հայտարարել է, որ ԵՄ-ն փորձում է Հունգարիային զրկել սեփական սահմանները պաշտպանելու իրավունքից: Դրա հետ մեկտեղ վարչապետը նշել է, որ Եվրախորհրդարանում երկրների մեծամասնությունը միգրացիային աջակցող քաղաքականություն է վարում, ուստի «ատում է նրանց, ովքեր ընդդիմանում են իրենց պլաններին»:
«Նրանք ծրագիր ունեն. եթե չեն կարողանում Հունգարիային ստիպել ընդունելու միգրանտներին, ապա նրանք երկրին զրկում են իր սահմանները վերահսկելու իրավունքից»,-հայտարարել է Օրբանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: