«Ատոմակայանի մեկ օրվա կանգը Հայաստանի վրա մոտ 200 մլն դրամ է նստում». Արա Մարջանյան
«Այսօր ատոմակայանը, Սևան-Հրազդանի և Որոտանի կասկադների հետ միասին, հանդիսանում է Հայաստանում ցածր էլեկտրաէներգիայի տարիֆով աշխատող կայան՝ դրանով թեթևացնելով բեռը սպառողների համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանում էներգետիկայի ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։
Նրա խոսքով՝ 6.9 դրամ է այն տարիֆը, որը սահմանում է պետությունը՝ ատոմակայանից էլեկտրաէներգիա գնելու համար, արժեքը ներառում է նաև ԱԱՀ-ն. «Դա 4.5-5 անգամ ավելի էժան է, քան Հրազդանի 5-րդ բլոկը, մի փոքր ավելի թանկ է, քան Սևան-Հրազդանի և Որոտանի կասկադները։ Դրա համար եմ ասում, որ ատոմակայանի առկայությունը թեթևացնում է բեռը սպառողների համար։ Ատոմակայանի ամեն մեկ օրվա կանգը Հայաստանի վրա մոտ 200 մլն դրամ է նստում։ Բացի դրանից՝ ատոմակայանը երաշխավորված հզորության աղբյուր է, այդպիսի որակ չունեն ո՛չ փոքր հէկ-երը, ո՛չ վերականգնվող էներգետիկայի որևէ աղբյուր։ 2017թ. ատոմակայանը ևս 16 մլրդ դրամ աշխատել է նրա համար, որ տարվա ընթացքում երաշխավորել է 366 մեգավատտ հզորություն՝ 43.8 մլն դրամ մեկ մեգավատտի համար տարիֆի պարագայում։ Սա չափազանց կարևոր որակ է, երաշխավորված հզորությունն է հանրապետությանը թույլ տալիս պլանավորել իր զարգացումը»։
Մարջանյանի խոսքով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի 42-րդ հոդվածում նշված է, որ ելնելով Հայաստանի առանձնահատկություններից՝ այդ հզորությունները պետք է փոխարինվեն այլ հզորություններով. «Թե ինչ հզորություններով, պայմանագիրը չի մանրամասնում, բայց այլ ինֆորմացիոն միջոցառումներից հասկացնել են տալիս, որ այդպիսի հզորություն կարող է լինել վերականգնվող էներգետիկան, փոքր հէկ-երի զարգացումը, ինչը պրոֆեսիոնալ տեսանկյունից պարզապես անհեթեթություն է։ Իմպերատիվ պահանջ է, որ ատոմակայանը փակվի 2026թ.»։
Փորձագետը կասկածում է, որ Հայաստանը 2026թ. ունակ կլինի ներկայացնել այնպիսի փաստեր, որ ատոմակայանի շահագործումը երկարաձգվի. «Բայց այստեղ մի վտանգավոր գործոն էլ կա. անընդհատ մտածել՝ լավ, դե մի քիչ էլ կերկարացնենք, մի բան կստացվի, սա ատոմակայանի դեպքում անթույլատրելի մոտեցում է։ Ատոմակայանի նոր բլոկի կառուցումը պահանջում է տասնամյակներ տևող պլանավորում։ Կարճ ասած՝ պետք է այսօր մտածել նոր ատոմային բլոկի մասին»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում