
Սիրիայի վերականգնմանը մասնակցությունը կախված է հակամարտության քաղաքական լուծումից. ԳԴՀ-ի ԱԳ նախարար

Գերմանիան պատրաստ է Սիրիայի վերականգնմանը մասնակցել որոշակի պայմաններով, բայց այդ մասին խոսք չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվել հակամարտության քաղաքական լուծումը: Այս դիրքորոշումը հայտնել է ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը DPA գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է սեպտեմբերի 14-ին։
«Եթե գտնվի քաղաքական լուծում, որն արդյունքում կբերի ազատ ընտրությունների, ապա մենք պատրաստ կլինենք պատասխանատվություն ստանձնել վերականգնման հարցում»,-ասել է Մաասը: Նրա կարծիքով՝ «ո՛չ ռուսները, ո՛չ իրանցիները, ո՛չ թուրքերը միայնակ չեն կարողանա գլուխ հանել դրանից»:
Միաժամանակ Մաասն ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը չի կարող պատկերացնել այնպիսի լուծում, որը կնախատեսեր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության գլուխ մնալը երկարաժամկետ հեռանկարում: Սակայն նախարարը Ասադի պարտադիր հեռանալը չի նշել որպես Սիրիայի վերականգնմանը ԳԴՀ-ի մասնակցության պայման: «Վերջնական որոշումը տրամադրվելու է բոլոր սիրիացիներին, այդ թվում նրանց, ովքեր փախել են երկրից եւ ցանկանում են ետ վերադառնալ»,-ասել է Մաասը, հաղորդել ՏԱՍՍ-ը: