«Ընտրվելու դեպքում ձեռնամուխ եմ լինելու Վճռաբեկ դատարանում լրատվական ծառայության ձևավորմանը». Երվանդ Խունդկարյան

Խորհրդարանում այսօր քննարկվում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը։ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանն ասաց, որ ընտրվելու դեպքում ձեռնամուխ է լինելու Վճռաբեկ դատարանում լրատվական ծառայության ձևավորմանը.

«Որքան էլ Վճռաբեկ դատարանը ջանքեր գործադրի հանրության վստահությանը և գնահատականին արժանանալու համար, անհրաժեշտ է ապահովել այդ գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Հաճախ վստահության մակարդակը պայմանավորված է տեղեկատվության պակասով, ասել, թե Վճռաբեկ դատարանը փակ է հանրության առաջ, ճիշտ չէ։ Հանրության որոշակի հատված լիարժեք տեղեկացված չէ Վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելության վերաբերյալ, ինչը լուսաբանման կարիք ունի։ Դա պետք է իրականացվի իրավիճակային տեսահոլովակների, գրավոր նյութերի, Վճռաբեկ դատարանի ներկայացուցիչների՝ մամուլին տրվող հարցազրույցների միջոցով»։

Խունդկարյանի խոսքով՝ քանի որ դատավորի խոսքը հանրությանը հասցեագրվում է իր որոշումների միջոցով, ԶԼՄ-ների հետ Վճռաբեկ դատարանի փոխհարաբերությունները բարելավման կարիք ունեն. «Հարկ է ներդնել ԶԼՄ-ների հետ հաղորդակցության որոշակի մշակույթ։

Ձեր վստահության քվեն ստանալու դեպքում առաջնահերթ պետք է ձեռնամուխ լինեմ Վճռաբեկ դատարանում լրատվական ծառայության ձևավորմանը, որում պետք է ներգրավված լինեն լրագրողներ, իրավաբաններ։ Բարձրացրածս մտահոգությունը կիսվում է նաև ԲԴԽ-ի կողմից, և իմ տպավորությամբ՝ նա պատրաստակամություն ունի այս ուղղությամբ գործնական քայլեր իրականացնելու համար։ Նշված ծառայության աշխատակիցները պետք է հետևողական լինեն ԶԼՄ-ների հրապարակումների նկատմամբ, այդ հրապարակումները ներկայացնեն համապատասխան դատավորին կամ դատավորներին և թույլատրելիության սահմաններում ներկայացնեն համապատասխան տեղեկատվություն, հանրությանը տրամադրեն իրավաբանորեն հիմնավորված և իրականությանը համապատասխանող տեղեկատվություն»։

 

Տեսանյութեր

Լրահոս