Ինչպես են վարկավորել բանկերը վերջին ամիսներին
ՀՀ բանկերի վարկային պորտֆելը 1 տարում աճել է 1 մլրդ ԱՄՆ դոլարի չափով
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, 2018 թվականի հուլիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից տեղաբաշխված վարկերի ծավալը կազմել է 2 տրլն 953.1 մլրդ դրամ։ Մարտի վերջին այդ ցուցանիշը 2 տրլն 754 մլրդ էր։ Այսինքն՝ ՀՀ բանկերի վարկային պորտֆելը մոտ 200 մլրդ դրամով գերազանցում է նախահեղափոխական վիճակին։
Աճել են թե՛ ռեզիդենտներին, թե՛ ոչ ռեզիդենտների տրված վարկերը։
ՀՀ բանկերի վարկային պորտֆելի մեծ մասը՝ 92.5%-ը (2 տրլն 752 մլրդ դրամ) ռեզիդենտներին տրամադրված վարկերն են։ Գծապատկերում կարող եք տեսնել, ռեզիդենտներին տրված վարկերը կայուն աճել են։
Բացառություն է կազմել միայն հունվարը, երբ վարկային պորտֆելը նվազել է 2 մլրդ դրամով, սակայն հետագա ամիսներին աճը շարունակվել է։
Միայն հուլիս ամսվա ընթացքում ՀՀ բանկերի կողմից ռեզիդենտներին տրված վարկերն աճել են 30 մլրդ դրամով։ Ապրիլի վերջի համեմատ վարկերն աճել են 124 մլրդ դրամով, մարտի վերջի համեմատ՝ 170 մլրդ դրամով, իսկ նախորդ տարվա հուլիսի վերջի համեմատ՝ 487 մլրդ դրամով (մոտ 1 մլրդ դոլարով):
Ընդ որում, ռեզիդենտներին տրամադրված վարկերը աճել են բոլոր ուղղություններով։ Տնային տնտեսություններին տրամադրված վարկերի ծավալը վերջին ամիսներին շարունաբար աճել է և առաջին անգամ գերազանցել է 1 տրլն դրամը (1 տրլն 17 մլրդ դրամ)։
Ձեռնարկություններին տրամադրված վարկերի ծավալը հուլիսի վերջին կազմել է 1 տրլն 516 մլրդ դրամ։ Ճիշտ է՝ դա 14 մլրդ ցածր է հունիսի մակարդակից, սակայն գերազանցում է մայիսի և դրանից առաջ բոլոր ամիսների մակարդակները։
Շահույթ չհետապնդող կազմակերպություններին տրամադրված վարկերի ծավալը հուլիսի վերջին կազմել է 110 մլրդ դրամ, այլ ֆինանսական կազմակերպություններին տրամադրված վարկերը՝ 89 մլրդ դրամ։