Լուրջ խոսակցություն Մոսկվայում՝ դրական ելքի ակնկալիքով
Այսօր Մոսկվայում տեղի կունենա Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպումը: Նախորդ երկու հանդիպումները, ըստ էության, երկու ղեկավարների ծանոթությունն էին, կարճատև էին, ինչը մեծաթիվ կնճռոտ խնդիրների քննարկման անհրաժեշտություն է ստեղծել:
Կնճռոտ թեմաներ
Չնայած այսօր կայանալիք հանդիպման պաշտոնական օրակարգը դեռ հրապարակված չէ, ՀՀ և ՌԴ ղեկավարների թվով երրորդ հանդիպման օրակարգը խոստանում է բավականին հագեցած լինել՝ հաշվի առնելով վերջին շրջանում տեղեկատվական այն հոսքերը, որոնք հայտնվել են հայաստանյան և ռուսաստանյան ԶԼՄ-ներում: Ռուսաստանյան որոշ ԶԼՄ-ներ նշում են, որ օրակարգի գլխավոր թեմաներն են լինելու ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Ադրբեջանի անդամակցության կամ դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը, որի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն ընդգծել է` կիրառելու է իր վետոյի իրավունքը, աննախադեպ «մարդասիրական նախագիծը»` Սիրիա հայ ռազմական մասնագետներ ռուսական պատվիրության հետ ուղարկելու պրոյեկտը, որի մասին խոսել էր Ն. Փաշինյանն իր վերջին հանրահավաքի ընթացքում, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ճակատագիրը» և իրավիճակը 2008թ. Մարտի 1-ի գործի բացահայտումների շուրջ:
Հակասական ուղերձներ
Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ ռուսական կողմը բավականին ակտիվ է այս օրերին ՀՀ իշխանություններին ուղերձներ հղելու տեսանկյունից: Օրերս Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով որպես մեղադրյալ է ներգրավված Մարտի 1-ի գործով, ջերմորեն շնորհավորել էր ծննդյան 64-ամյակի կապակցությամբ: Թեև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով Ռ. Քոչարյանի հետ ունեցած Վ.Պուտինի հեռախոսազրույցը՝ պատմել էր, որ նրանք լավ հարաբերություններ են պահպանել, այդ հարաբերությունները չեն ազդում այն իրադարձությունների վրա, որոնք ներկայումս տեղի են ունենում Հայաստանում, հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել նաև հայրենիքում ՀՀ նախկին նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը, փորձագիտական հանրության մեծ մասն այս շնորհավորանքը պատահական չի համարում:
Երկուշաբթի օրը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) առաջին կուրսեցիների հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Մոսկվայի համար կարևոր է լսել Հայաստանի ղեկավարի կարծիքն այն մասին, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում, և ինչ զարգացումներ են սպասվում: Ավելի վաղ Լավրովը դժգոհություն էր հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված՝ ակնարկելով Ռ. Քոչարյանի կալանավորումն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առնչվող քրեական գործի հարուցումը:
Նա նշել էր, որ Մոսկվայում կարևորում են հանգամանքը, որ Հայաստանը շարունակում է կատարել իր պարտավորությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ դրանով իսկ նպաստելով միության հեղինակության ամրապնդմանը: Սակայն նա նաև ընդգծել էր, որ ՌԴ-ն չի միջամտում ՀՀ ներքին գործերին, ինչը ՀՀ արտաքին մյուս գործընկերները չեն անում:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն իր հերթին՝ անդրադարձել է Վ. Պուտինի և Ն. Փաշինյանի սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը՝ նշելով, որ ղեկավարները կքննարկեն կուտակված հարցերն անկեղծ զրույցի ժամանակ, այդ թվում` ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում համատեղ աշխատանքը: «Շատ հարցեր են կուտակվել՝ ինչպես մեր, այնպես էլ՝ հայկական կողմի մոտ, դրա համար էլ մենք ակնկալում ենք անկեղծ, լուրջ զրույց բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են երկկողմ համագործակցությանը և միջազգային կազմակերպություններում՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, համատեղ աշխատանքին»,- ասել է Ուշակովը:
Իսկ երեկ ռուսական «Ինտերֆաքսն» աղմկահարույց տեղեկություն է տարածել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը ՌԴ տարածքում չեղարկվել է: «Հարությունյանի հանդեպ հարուցված քրեական գործը, որը վերաբերում է Երևանում 2008 թ. մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերին, ուսումնասիրելուց հետո որոշում է ընդունվել ՌԴ տարածքում հետախուզումը հանելու»,- ասել է գործակալության աղբյուրը:
Նա հայտնել է նաև, որ Հարությունյանին ՌԴ տարածքում վտանգ չի սպառնում, սակայն ԱՊՀ երկրներում գտնվելու դեպքում նա կարող է ձերբակալվել և հանձնվել ՀՀ-ին: Ավելի վաղ մեկ այլ աղբյուր հայտնել էր, որ Հարությունյանին չեն արտահանձնի, քանի որ վերջինս դեռևս 2002 թ. ռուսական անձնագիր ունի:
Ուղերձ Երևանից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ի հանրահավաքում անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ նշել էր, որ համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո բոլորը կիմանան հայ-ռուսական համատեղ հումանիտար մի նախագծի մասին, որն աննախադեպ է նորանկախ պատմության մեջ. «Դա լինելու է մի համագործակցություն, որը նախադեպ չի ունեցել»,- ասել էր նա: Որոշ ԶԼՄ-ների բացահայտմամբ՝ խոսքը հայ ռազմական բժիշկների, սակրավորների և այլ մասնագետների՝ Սիրիա ուղարկվող ռուսական պատվիրակության մեջ ներգրավելու մասին է: «Զինուժ Մեդիային» տված իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ ՌԴ-ի հետ մեր հարաբերություններն առանձնահատուկ տեղ ունեն և առանձնահատուկ նշանակություն ունեն: «Եվ մենք հույս ունենք այդ հարաբերությունների արդյունավետությունն էականորեն մեծացնել: Մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի, շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային և շատ ավելի եղբայրական»,- ասել է Փաշինյանը:
Թյուրըմբռնում Մոսկվայում և Երևանում
«168 Ժամի» հետ զրույցում ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին բանակցություններից ռուսական կողմը, փորձագիտական հանրությունը, որը ուշի ուշով հետևում է հայաստանյան զարգացումներին, միայն դրական ելք է ակնկալում: Նա նշեց, որ, ինչպես վերջերս իր հայտարարություններում ակնկարկեց Ս. Լավրովը, ռուսական կողմը հարգանքով է վերաբերվում այն ամենին, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, քանի որ Հայաստանը ՌԴ-ի կարևոր գործընկերն է ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում:
«Սակայն գտնում ենք, որ որոշ հարցերի վերաբերյալ և Մոսկվայում կա թյուրըմբռնում ՀՀ-ի քայլերի վերաբերյալ, և ՀՀ-ում` Մոսկվայի քայլերի ու դիրքորոշման վերաբերյալ: Դա որոշակի խնդիրների պատճառ է դարձել: Բայց վստահ եմ, որ դա կողմերը կհաղթահարեն համատեղ աշխատանքի արդյունքում՝ համաձայնության գալով բոլոր հարցերի շուրջ: Ինչո՞ւ եմ վստահ, որովհետև բացի այս ներքին խնդիրներից, որոնց Մոսկվան չի միջամտում, կան գլոբալ անվտանգության շահեր, հետաքրքրություններ, ԼՂ հակամարտության կարգավորման հարց, Անդրկովկասում անվտանգության և կայունության հարց, սա կարծում եմ` ամենաբարձր հարցն է ներկայումս կողմերի համար, Հայաստանի համար` մեծապես: Մնացած բոլոր հարցերը կկարգավորվեն, քանի որ չկա հարաբերությունները լարելու ցանկություն»,- ասաց Ս. Տարասովը:
Ռուսաստանցի մեկ այլ փորձագետ՝ Ֆյոդոր Լուկիանովը, մեզ հետ զրույցում ասաց, որ հեղափոխությունից հետո ՌԴ-ի համար խնդրահարույց թվացող որոշ զարգացումներ են տեղի ունեցել ՀՀ-ում: Մասնավորապես, խոսքը, նրա դիտարկմամբ՝ Խաչատուրովին ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում քրեական հետապնդման ենթարկելու որոշումն էր, որն անդրադարձավ ՀԱՊԿ հեղինակության վրա, մի շարք տարաձայնությունների պատճառ դարձավ ՀԱՊԿ-ի ներսում:
«Մնացած հարցերում ես զգուշավորություն եմ նկատել ՀՀ նոր իշխանություններից: Բացի դրանից, ՌԴ-ն արդեն մի քանի անգամ հայտարարում է, որ Հայաստանի ներքին գործերին չի միջամտում, բայց Հայաստանը պետք է նպաստի ՀԱՊԿ միջազգային հեղինակության ամրապնդմանը: Այդպես ես կմեկնաբանեի Լավրովի խոսքերը, որոնք նա արեց մի քանի օր առաջ:
Այսինքն` Մոսկվայի դիրքորոշումը հստակ է, որը չպետք է ինչ-որ արտասովոր բան լինի հայկական կողմի համար, քանի որ միջազգային կառույցներում կան պարտավորություններ, միջազգային կառույցը պետք է բոլոր անդամ երկրների կողմից հարգված լինի: Ուստի կարծում եմ, որ բանակցություններն իրենց սովորական հունով են ընթանալու, բնականաբար, կքննարկվի ՀԱՊԿ-ի հարցը, Ռուսաստանը կներկայացնի իր դիրքորոշումը և կլսի ՀՀ վարչապետին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները գրագետ են, զգուշավոր, իսկ մանևրելու Հայաստանի հնարավորությունները մեծ չեն ներկայիս անվտանգության միջավայրում, ապա կարծում եմ՝ եթե կան նույնիսկ խնդիրներ, որոնցից ես տեղյակ չեմ, դրանք ինձ համար ակնհայտ չեն այս պահին, լուծվելու են, քանի որ ուկրաինական սցենարներից հետո ՌԴ-ն փոխել է իր շատ մոտեցումներ:
Այն, ինչ այսօր տեղի է ունենում ՀՀ-ում, հայ-ռուսական հարաբերություններին չի վերաբերում: Սա է կարևոր տեղեկությունը ՌԴ-ի համար: Բնականաբար, ՀՀ-ում իշխանություններ են փոխվել, նրանց աշխատաոճն է տարբեր, դեռ լիովին հասկացվածություն չկա կողմերի միջև, ուստի կան խնդիրների մասին խոսակցություններ, սակայն դրանք հաղթահարելի թեմաներ են, քանի որ քիչ են առնչվում կոնկրետ հայ-ռուսական հարաբերություններին»,- ասաց նա:
Անդրադառնալով Մ. Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը ՌԴ տարածքում չեղարկվելու մասին հարցին, ինչը Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ գնահատվում է՝ որպես սադրիչ քայլ, Տարասովը նշեց, որ համամիտ չէ այդ գնահատականներին: «Քանի որ ՌԴ դիրքորոշումը որոշ հարցերում պարզաբանված և հասկանալի չէ հայկական կողմի և ՀՀ իշխանությունների համար, անհասկանալի մի շարք հանգամանքներ կան: Կրկնեմ` երկու կողմում էլ կա թյուրըմբռնում, որը նման խնդիրներ է առաջացնում և բացասական մեկնաբանությունների պատճառ դառնում: Բայց ես հավատում եմ այս հանդիպման դրական ելքին, կարծում եմ, որ գեներալ Հարությունյանի հարցը ևս կողմերը կլուծեն փոխհամաձայնության մթնոլորտում»,- ասաց նա:
Նույն թեմայի վերաբերյալ Ֆ.Լուկիանովն ասաց, թե կարելի է վստահել այդ գործակալության հրապարակած տեղեկատվությանը:
«Նշել, որ սա իրականացվում է ինչ-ինչ նպատակներով, չեմ կարող: Կասկածում եմ, որ ռուսական կողմն այս հարցում Հայաստանի հետ չքննարկված որևէ քայլ իրականացներ»,- ասաց նա: Խոսելով Ռ. Քոչարյանին աջակցելու Մոսկվայի պատրաստակամության վերաբերյալ տեսակետների մասին՝ Լուկիանովն ասաց, թե չի հավատում նման զարգացումների:
Ըստ նրա՝ նախկին նախագահները, որոնք միմյանց հետ լավ են աշխատել, պահպանել են շփումները: Բայց դա, նրա խոսքով, ոչինչ չի նշանակում: Ս. Տարասովը ևս գտնում է, որ Մոսկվան հակված չէ համագործակցել նախկին նախագահի հետ: