
Ինչով է պայմանավորված Նախիջևանի սահմանում ակտիվությունը

Հայ-թուրքական սահմանի խախտման ինտենսիվությունը խոսում է այն մասին, որ Թուրքիան փորձում է հասկանալ, թե ինչ վիճակում են գտնվում ռուս-հայկական հարաբերությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա կարծիքով՝ Թուրքիան Հարավային Կովկասում «խաղ խաղալու» քաղաքականություն է որդեգրել:
«Թուրքիայի նախաձեռնած խաղը հետևյալն է` օգտվել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման փուլից և այն հանգամանքից, որ ՌԴ-ն ներգրավված է Մերձավոր Արևելքում ու Սիրիայում տեղի ունեցող գործողություններում, փորձել ապահովել իր ներկայությունը Հարավային Կովկասում ու դրա համար օգտագործել Ադրբեջանին»,-ասաց նա:
Սաֆրաստյանն իր կարծիքը հիմնավորում է Նախիջևանի տարածքում Ադրբեջանի ակտիվացմամբ: «Բացի այդ, թուրքական մամուլը գրում է, որ Թուրքիան նախապատրաստվում է իր ռազմաբազան տեղակայել Նախիջևանի տարածքում»,- նշեց նա:
Բանախոսի հավաստմամբ՝ Թուրքիայի նմանատիպ քաղաքականությունը միտված է Հարավային Կովկասում իր դիրքերի ամրապնդմանն ու Հայաստանի մեկուսացմանը:
«Չնայած ներկայիս խաղաղ վիճակին՝ հավանականությունը մեծ է, որ աշնան ընթացքում կարելի է հայկական կողմի նկատմամբ ագրեսիվ ու լայնածավալ գործողությունների սպասել»,- ասաց Սաֆրաստյանը: