Գեղարքունիքի մարզային ենթակայության դպրոցներ կհաճախի 27 հազար 738 աշակերտ
Ընթացիկ ուսումնական տարում Գեղարքունիքի մարզային ենթակայության 117 հանրակրթական եւ 1 հատուկ դպրոցներ կհաճախի 27 հազար 736 աշակերտ: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, այս ուսումնական տարում մարզային ենթակայության դպրոցներում գործելու է 1479 դասարան: Գավառի հատուկ դպրոցում կգործի 5 դասարան՝ 34 աշակերտով:
Ներառական կրթություն ապահովող 6 դպրոցներում ընդգրկված է 114 աշակերտ: 43 հանրակրթական դպրոցների նախադպրոցական բաժիններ է ընդունվել 1113 աշակերտ: Առավել մեծ թվով աշակերտ ունի Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցը, որտեղ այս տարի կսովորի 984 երեխա: Երկրորդ տեղում Սեւան քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցն է՝ 968 աշակերտով: 852 աշակերտ ունի Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 757 աշակերտ՝ Սեւան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցը, 609 աշակերտ՝ Աստղաձորի միջնակարգ դպրոցը, 576 աշակերտ՝ Գավառի թիվ 4 հիմնական դպրոցը:
Դպրոցականների թիվը չափազանց քիչ է բարձլեռնային եւ սահմանամերձ շատ համայնքների դպրոցներում: Այս ուսումնական տարում առաջին դասարան չի բացվել Գեղամաբակի միջնակարգ դպրոցում, ուր, սակայն, հաճախում է 11 աշակերտ: Ծափաթաղի միջնակարգ դպրոցի առաջին դասարանն էլ ունի 1 աշակերտ:
22 աշակերտ է հաճախում Անտառամեջի, 27 աշակերտ՝ Նորաբակի, 16-ական աշակերտ՝ Ջաղացաձորի, Կութի եւ Ծափաթաղի, 19 աշակերտ՝ Կալավանի, 11 աշակերտ՝ Գեղամաբակի, 6 աշակերտ՝ Ազատի, 2 աշակերտ՝ Գեղաքարի միջնակարգ դպրոցներ: Նույն աղբյուրի համաձայն՝ նախորդ տարվա սեպտեմբերին Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներ է հաճախել 26 հազար 956 աշակերտ:
Աշակերտների թվի նման ավելացումը, ինչպես հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության կրթության բաժնի վարիչ Համբարձում Համբարձումյանը, պայմանավորված է նրանով, որ նախորդ ուսումնական տարում 12-րդ դասարան ավարտածների թիվը շատ ավելի պակաս է եղել, քան այս տարի դպրոց ընդունված առաջին դասարանցիների թիվն է: Այս ուսումնական տարում առաջին դասարաններ է ընդունվել 2812 աշակերտ՝ նախորդ տարվա 2890 առաջին դասարանցիների թվի դիմաց:
Խոսրով Խլղաթյան