«Քվեաթերթիկը լուսանկարող կամ քվեարկությունը հաստատող տեսագրություն հրապարակելու դեպքում անձը կենթարկվի քրեական պատասխանատվության»

«Որքան հասցրել եմ ծանոթանալ այն փոփոխությունների փաթեթին, որ ներկայացրել է կառավարությունը, ինձ մոտ անձնական տպավորություն կա, որ մենք փորձում ենք բանավոր խոստումները, գլխի, աչքի շարժումները որակել՝ որպես հանցագործություն»,- այսօր խորհրդարանում դիմելով արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին՝ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ ընդգծելով, որ դա մի փոքր տարօրինակ է։

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։

«Դուք նշեցիք, որ, եթե անձը սոցիալական ցանցում գրում է, որ ինքն ընտրել է այսինչ անձին կամ քաղաքական ուժին, դա հանցանք չէ։ Իսկ եթե նույն անձը սոցցանցում նախապես գրում է, որ ընտրելու է տվյալ քաղաքական ուժին կամ անձին և ընտրություններին գնում ու ընտրում է այդ ուժին կամ անձին, ուրեմն՝ ձեր ներկայացրած նախագծի տրամաբանությամբ՝ դա հանցանք է։ Դուք ասացիք, որ խոստում տալը նույնպես պետք է համարվի քրեորեն պատժելի արարք։ Խնդրում եմ, բացատրեք տրամաբանությունը»,- հետաքրքրվեց նա։

Ի պատասխան՝ արդարադատության փոխնախարարն ասաց, որ, եթե անձը սոցիալական ցանցում գրում է, թե ում է ընտրելու, ու հետո ասում է, որ ընտրել է, դա հանցանք չէ.

«Մենք խոսում ենք արդեն ավարտված քվեարկության արդյունքի հրապարակման մասին։ Այդ արդյունքը հրապարակելու համար պետք է երկու նախապայման լինի՝ առաջին՝ հրապարակված  քվեարկության արդյունքը պետք է լինի շահադիտական մղումներով կամ նախապես խոստացված, և երկրորդ՝ հրապարակումը պետք է կոնկրետ եղանակով լինի՝ հրապարակվի լուսանկար, տեսաձայնագրություն, որտեղ հստակ երևում է, թե ինքն ում է ընտրել։ Այսինքն՝ այդ եղանակով է բացահայտվում քվեարկությամբ գաղտնիքը։ Միայն այս դեպքում է վրա հասնում քրեական պատասխանատվությունը։ Ինչ վերաբերում է խոստման հարցին, ապա կաշառք ստանալու խոստում կարող է տրվել միայն այն դեպքում, երբ կա կաշառքի առաջարկ, և պետք է քրեական գործը քննելիս այս երկու կողմը հստակ լինեն։ Կաշառք ստանալու խոստումը դիտավորյալ կատարված հանցագործություն է»։

Մարգարիտ Եսայանը նկատեց՝ երբ ասում եք՝ չկա շահադիտական նկատառում, երբ սոցցանցում հրապարակում է, թե ում է ընտրելու, դա ինչպե՞ս եք պարզելու. «Եթե մարդու նկարը ներկայացնում է ու ասում՝ այսինչ մարդուն եմ ընտրելու, դա շահադիտական նկատառո՞ւմ է, թե՞ ոչ»։

Հովհաննիսյանի խոսքով՝ լոգոն սոցցանցում դնելով և հայտարարելով, որ ընտրել է այս կամ այն կուսակցությանը, չի բացահայտում քվեարկության արդյունքն այն եղանակով, ինչ եղանակով որ ասված է նախագծում.

«Շահադիտական դրդում ասելով՝ մենք հասկանում ենք, որ քվեարկության արդյունքը հրապարակելուց առաջ նախորդել են այլ պրոցեսներ, այսինքն՝ անձը նախապես խոստացել է, որ քվեարկելու է իքս անձի օգտին, և հիմա ուղղակի ապացուցում է իր պատվիրատուին, որ կատարել է հանձնարարականը»։

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ ասաց, որ ներկայիս օրենսգրքով էլ կարելի է պայքարել ընտրակեղծարարության երևույթների մասին։

Տեսանյութեր

Լրահոս