Գագիկ Ծառուկյանը կրկին խոստումներ է տալիս ընտրողներին. ԿԸՀ-ն կարձագանքի՞

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Երևանի ավագանու թեկնածուների հետ: Իր ելույթում Ծառուկյանը բացառեց որևէ ընտրակաշառքի բաժանումն իր թիմակիցների կողմից։

«Կաշառքի մասին խոսք լինել չի կարող»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտրակաշառք տալու համար պատասխանատվությունը խստացվում է, օրինագիծն արդեն ԱԺ-ում է և իրենք կողմ են քվեարկելու,- «Կաշառք տվողը պետք է ձերբակալվի և պատասխանատվության ենթարկվի»։

Սակայն ուշագրավ է, որ կինոթատրոնի դահլիճ մուտք գործելուց առաջ նրան մոտեցավ մի կին և դիմեց խնդրանքով։ Ծառուկյանն իր թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին հրահանգեց վերցնել տիկնոջ հեռախոսահամարը, ինչը և Բաբայանն արեց։

Դեռևս ոչ վաղ անցյալում՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույն կերպ Ծառուկյանը բազմաթիվ դիմումներ էր ստանում ու աջակցության խոստումներ շռայլում քարոզարշավի սկզբում ընտրողների հետ հանդիպումների ժամանակ։ Այդ խոստումները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն «անթույլատրելի» էր որակել և սպառնացել կրկնության դեպքում համապատասխան միջոցներ կիրառել:

Ծառուկյանն էլ ընտրողների հետ հաջորդ հանդիպման ժամանակ դժգոհել էր, թե Տիգրան Մուկուչյանը «չի թողնում, որ ինքը շփվի ժողովրդի հետ և ասում է, թե միայն ապրիլի 2-ից հետո»: ԲՀԿ առաջնորդն իր արածն ընտրակաշառք բաժանել չէր համարում և այն ժամանակ էլ վստահեցնում էր, որ ինքն ընտրակաշառքով երբեք չի զբաղվել։ «Մեր խոսքը գործ է, մենք օդի մեջ խոստումներ չենք տալիս: Այսօր պարոն Մուկուչյանը՝ Կենտրոնական հանձնաժողովի նախագահը, ինձ չի թողում ժողովրդի հետ հանդիպեմ կամ որևիցե մի բան ասեմ, որ ապրիլի 2-ից հետո կկատարենք: Ասում ա՝ դա ընտրակաշառք ա: Ես, սիրելի ժողովուրդ ջան, ընտրակաշառքով չեմ զբաղվում: Իմ ժողովրդին սիրում եմ»,- այն ժամանակ ասել էր Ծառուկյանը:

Այժմ խնդիրն այն է, թե ԿԸՀ-ն այս անգամ ուշադրություն կդարձնի՞ ընտրողներին տրված Ծառուկյանի խոստումներին, թե՞ կհայտարարի, թե քարոզարշավը դեռ չի սկսվել և նման դեպքերը կարող են արձանագրել միայն քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո։

Տեսանյութեր

Լրահոս