Բաժիններ՝

Կորած դրամի առակը

Կորած դրամի առակը
(Ղուկ. 15: 8-10)

Այս առակը նման է նախորդին. այն ասում է, որ մի՞թե «կինը, երբ տասը դրամ ունենա և մի դրամ կորցնի, ճրագ չի վառի և չի ավլի տունը փութով ու չի փնտռի, մինչև որ գտնի: Եվ երբ գտնի, կկանչի բարեկամներին և հարևաններին ու կասի. «Ուրախացե´ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորցրած դրամը»: Ասում եմ ձեզ, Աստծո հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է»:

Այն ժամանակաշրջանում դրամի վրա իշխող արքայի պատկերն էին դրոշմում, և առակի միջի «դրամը» մարդն է, որն ստեղծված է արքաների Արքա` Ամենակալ Աստծո պատկերով: «Կին» ասելով` պետք է հասկանանք Աստծո Որդու իմաստությունն ու զորությունը. Նա մեկ բանավոր «դրամ» է կորցրել, այսինքն` մարդուն, և որպես «ճրագ վառում է» Իր Մարմինը: Քանզի ինչպես ճրագն իր լույսով լուսավորում է խավարում եղածը, այնպես և Տերը, մարմնանալով, Իր Աստվածության լույսով լուսավորեց ողջ աշխարհը: Քանզի Նա է «ճշմարիտ Լույսը, որ լուսավորում է ամեն մարդու» (Հովհ. 1:9), Նրանով «խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ» (Մատթ. 4:16; Եսայ. 9:2).

Եվ ահա` «տունն ավլած է», այսինքն` ողջ աշխարհը մաքրված է մեղքից, քանզի Քրիստոս Իր խաչելությամբ քավեց բոլոր մարդկանց մեղքերը: Եվ «դրամը» գտնվեց, վերադարձավ Տիրոջ ձեռքը ու միացավ մյուսներին, որոնք արդեն պահված էին ապահով տեղում. և մեծ ուրախություն սկսվեց ինչպես նրան գտած Քրիստոսի, այնպես էլ հրեշտակների համար, որոնք իսկ «բարեկամներն» ու «հարևաններն» են: «Բարեկամներ»` քանի որ Նրա կամքն են կատարում, «հարևաններ»` քանի որ երկնավոր են և հոգեղեն:

Կորած ոչխարի և կորած դրամի մասին առակները պատասխան եղան չարացած հրեա դպիրների տրտունջին, որոնք նախատում էին Քրիստոսին` հայտնի մեղավորների նկատմամբ Իր կարեկցական վերաբերմունքի համար: Բայց Նա դրա համար էլ եկավ աշխարհ, որ փրկի ու Երկնքի Արքայություն վերադարձնի նրանց, ովքեր իրենց անհույս կորած էին համարում:

(Ըստ երանելի արքեպս. Թեոփիլակտոս Բուլղարացու «Ղուկասի Ավետարանի մեկնությունը» գրքի)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս