Աղջկա երկունքի ցավերն սկսվել են քննության ժամանակ, բայց նա որոշել է այն հանձնել
30-ամյա անգլուհին չի փորձել օգտագործել իր վիճակը եւ չի ցանկացել շարժել դասախոսների կարեկցանքը: Մեծ Բրիտանիայի բնակչուհի Լինդսի Փոթը մինչեւ 30 տարեկանը բազմազավակ մայր է դարձել՝ լույս աշխարհ բերելով վեց երեխաների: Զարմանալի է, բայց, ընտանեկան հոգսերից բացի, նա ժամանակ է գտել նաեւ ուսումնառության համար:
Լինդսին ցանկանում է դառնալ պատմության ուսուցչուհի, եւ դրա համար նրան անհրաժեշտ էր ստանալ Մանչեսթրի քոլեջի դիպլոմը։ Ամեն ինչ կարծես լավ էր, բայց դիպլոմն ստանալու պահին նա հղի էր եղել յոթերորդ զավակով: Նա վստահ գնացել էր քննություն հանձնելու անգլերենից եւ ոչինչ չէր կարող նրան խանգարել: Քննությունը հիանալի էր ընթանում մինչեւ այն պահը, երբ անսպասելիորեն Լինդսի մոտ սկսվում են երկունքի ցավերը:
«Անկեղծ ասած, ես արդեն պատրաստ էի ծննդաբերել հենց այնտեղ: Ես դասարանում այս ու այն կողմ էի քայլում, որպեսզի ինչ-որ ձեւով թեթեւացնեմ վիճակս: Բայց հաստատակամ էի քննությունը հանձնելու հենց այդ օրը: Եվ ինձ հաջողվեց դա անել»,-ասել է Լինդսին:
Լինդսին դեռ չգիտեր իր գնահատականը, քանի որ քննությունը հանձնելուց հետո նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Դրանից երկու օր անց նա աղջիկ է ունեցել՝ Փոփի անունով: Բոլոր դասախոսներն անհանգստանում էին նրա վիճակի համար, բայց, բարեբախտաբար, առողջ փոքրիկ ծնվեց:
«Երբ Լինդսին մեզ հայտնեց, որ իր մոտ սկսվել են կծկումները, ես հուզվում էի, հավանաբար, ավելի շատ, քան ինքը: Նույնիսկ այդ վիճակով նա շարունակում էր մեզ քննություն հանձնել: Դա գովելի է: Նա հսկայական ջանքեր ներդրեց այդ դիպլոմն ստանալու համար»,-ասել է Լինդսի ուսուցչուհին: