Լոնդոնի կինոփառատոնի մրցանակը կվիճարկեն Իտալիայի, Կոլումբիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի և Չիլիի կինոնկարները
Լոնդոնի ամենամյա կինոփառատոնի կազմակերպիչները, որն այս տարի անցկացվելու է 62-րդ անգամ, հայտարարել են 10 կինոնկարներից բաղկացած ցուցակը, որոնք կվիճարկեն ստուգատեսի գլխավոր մրցանակը։
Փառատոնի հիմնական մրցույթում ընդգրկված են Կոլումբիայի արտադրության «Չվող թռչունները» (2018 թ.) եւ ԱՄՆ-ի արտադրության «Ավերողը» (2018 թ.) քրեական դրամաները, «Երջանիկ Ղազարը» (2018 թ.) իտալական կինոնկարը, հունգարական «Մայրամուտ» (2018 թ.) ժապավենը եւ «Չափազանց ուշ է երիտասարդ մեռնելու համար» (2018 թ.) չիլիական կինոնկարը:
Մեծ Բրիտանիան ներկայացված է «Շնորհավոր Նոր տարի, Քոլին Բերսթեդ» (2018 թ.) դրամայով եւ «Հյուսվածքի մեջ» (2018 թ.) միստիկական թրիլերով: Փառատոնի Գրան-պրիին հավակնողների թվում են նաեւ նիգերիացի միգրանտների մասին պատմող «Ուրախություն» (2018 թ.) ավստրիական դրաման, «Ատրճանակով ծերունին» (2018 թ.) ամերիկյան քրեական կատակերգությունը՝ գլխավոր դերում Ռոբերտ Ռեդֆորդի մասնակցությամբ, եւ Չժան Իմոուի «Ստվեր» (2018 թ.) նոր պատմական մարտաֆիմը:
«Լոնդոնի կինոփառատոնը կինեմատոգրաֆիական բազմազանության տոն է, որը վառ կերպով ցուցադրում են այն տասը կինոնկարները, որոնք վիճարկելու են լավագույն ֆիլմի կոչումը: Այդ ժապավեններում, որոնք ներկայացնում են ոճերի դյութիչ բազմազանություն, պատմություններ են ներկայացված ամբողջ աշխարհից՝ 3-րդ դարի Չինաստանից մինչեւ Չիլիի՝ Պինոչետի դարաշրջանից հետո, ու ժամանակակից Բրիտանիա, որոնք տեղի են ունեցել ինչպես իրական, այնպես էլ անիրական աշխարհում»,-հայտարարել է փառատոնի գեղարվեստական տնօրեն Տրիշա Թաթլը:
Փառատոնի կազմակերպիչներն ընդգծում են, որ շարունակելու են հանրության ուշադրությունը հրավիրել կին կինեմատոգրաֆիստների աշխատանքների վրա: Այս տարի նրանց կողմից նկարահանվել է հիմնական մրցույթի կինոնկարների ուղիղ կեսը: Կինոստուգատեսը Լոնդոնում անցկացվելու է հոկտեմբերի 10-ից մինչեւ 21-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: