ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Brexit-ի բոլոր սցենարներին, այդ թվում՝ բանակցությունների ձախողմանը. Բառնիե
Եվրամիությունը (ԵՄ) պետք է լավ նախապատրաստված լինի Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջը իրադրության զարգացման բոլոր տարբերակներին, այդ թվում՝ հետագա համագործակցության պայմանների շուրջը բանակցությունների ձախողմանը:
Օգոստոսի 30-ին այս մասին հայտարարել է Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն Գերմանիայի Deutschlandfunk ռադիոկայանի եթերում։
«Մենք պետք է լավ նախապատրաստված լինենք, չէ որ այլեւս այնպես չի լինի, ինչպես եղել է, չի լինի business as usual (ինչպես սովորաբար): Ամեն ինչին նախապատրաստված լինել նշանակում է, որ չի կարելի բացառել նաեւ no deal (ոչ մի գործարք) (տարբերակը)»,- նշել է Բառնիեն:
Brexit-ը «չի կարող ուղղված լինել այն բանի դեմ, ինչը բնորոշում է մեզ», ընդգծել է նա: «Ներքին շուկան մեր ամենագլխավոր սեփականությունն է,- նշել է ԵՄ-ի բանագնացը:- Մենք հարգում ենք Միացյալ Թագավորության բոլոր «կարմիր գծերը»: Նրանք (բրիտանացիները) չեն ցանկանում հետեւել մեր օրենսդրական բազային, նրանք չեն ցանկանում վճարել, չեն ցանկանում տեղաշարժման ազատություն», հաղորդել է ՏԱՍՍ-ը: