Գեղարքունիքի մարզի 3 համայնքում կկայանան համայնքի ղեկավարի արտահերթ, ևս 3 համայնքում՝ հերթական ընտրություններ
ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն, Սարուխան եւ Երանոս համայնքներում 2018 թվականի հոկտեմբերի 21-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ, Ներքին Գետաշեն, Դդմաշեն եւ Մաքենիս համայքներում՝ համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը, Սարուխան եւ Երանոս համայնքների ղեկավարներ Հովիկ Չիչոյանի եւ Ապետնակ Մովսեսյանի լիազորությունները դադարեցվել էին նրանց մահվան պատճառով, իսկ Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել 2018 թվականի հունիսից:
Նույն աղբյուրի համաձայն՝ օրերս հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ Ակունքի գյուղապետ Արծրուն Ղարիբյանը: Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի հրամանով Ակունքում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Սիմոնյանը:
Խոսրով Խլղաթյան