
Հայաստանն ու Արգենտինան դյուրացնում են փոխադարձ մուտքի արտոնագրերի տրամադրումը երկու պետությունների երիտասարդներին

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Արգենտինայի Հանրապետության հետ արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագրի վավերացմանը, որը ստորագրվել է 2014 թվականին:
Համաձայնագրի նպատակն է կողմերի միջև դյուրացնել փոխադարձ մուտքի արտոնագրերի տրամադրումը երկու պետությունների երիտասարդներին, ովքեր մտադիր են մուտք գործել և մնալ կողմ-պետությունների տարածքներում արձակուրդի կամ զբոսաշրջության նպատակով: Յուրաքանչյուր կողմ, իր ազգային օրենսդրության համաձայն, կտրամադրի մյուս կողմի քաղաքացիներին բազմակի մուտքի աշխատանքային արձակուրդային ժամանակավոր մուտքի արտոնագիր, որը վավեր է երեք ամսվա ժամանակահատվածում՝ սկսված տրման ամսաթվից և տասներկու ամսվա օրինական կեցության համար՝ մյուս կողմի տարածք առաջին անգամ մուտքի օրվանից:
Արձակուրդի և աշխատանքի վավերական մուտքի արտոնագիր ունեցող անձինք իրավունք կունենան աշխատել իրենց այցելության տասներկու ամսից վեց ամսվա ընթացքում:
Կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիներն արձակուրդի և աշխատանքի մուտքի արտոնագիր ստանալու համար կարող են դիմել մյուս կողմի պետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն: