«ՀՀ տնտեսության զարգացման առումով շատ կարևոր է հանքարդյունաբերության ոլորտը». նախարար
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի կարծիքով՝ ՀՀ տնտեսության զարգացման առումով շատ կարևոր է հանքարդյունաբերության ոլորտը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախարարն ասաց, որ այդ ոլորտում նույնպես կատարվել է խորը ուսումնասիրություն.
«Այս ոլորտում բավականին աշխատանքներ եղել են կատարված, բայց մենք դա համարել ենք ոչ բավարար։ Այսօր ՀՀ-ում ունենք 27 մետաղական հանքավայրի շահագործման վերաբերյալ տրված լիցենզիաներ, նաև ունենք դրանց երկրաբանական ուսուսմնասիրություն իրականացնելո վերաբերյալ լիցենզիաներ։ Մեր ուսումնասիրության արդյունքում 27 հանքավայրից 10-ին տրվել են զգուշացումներ, քանի որ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ շահագործումն իրականացվում է օրենքոսվ սահմանված չափանիշներից դուրս»։
146 ոչ մետաղական հանքավայրի, նախարարի խոսքով՝ նույնպես տրվել են զգուշացումներ, որպեսզի վերացնեն իրենց մոտ առկա թերությունները.
«Զգուշացումը հնարավորություն է ընդերքն օգտագործող ընկերությունների համար, որպեսզի 90 օրվա ընթացքում իրենց կողմից վերացնեն բոլոր այն թերությունները և պետության հանդեպ ստանձնած ու չկատարած պարտավորությունները։ Եթե չվերացնեն, կզրկվեն լիցենզիայից, այս գործընթացը լինելու է շարունակական, մենք կանգ չենք առնելու։ Հանքարդյունաբերության ոլորտը պետք է բերվի իրավական դաշտ»։
Անդրադառնալով Թեղուտի խնդրին նա ասաց, որ թեղուտի վերաբերյալ կառավարությունը առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում, և խնդիրը հիմնականում պոչամբարի պատվարի շինարարական ռիսկերի հետ է կապված, որի պատճառն, ըստ նախարարի՝ այն է, որ ժամանակին ճիշտ տեխնիկական եզրակացություն չի եղել. «Այդ ռիսկը թույլ չի տալիս գնալ բացարձակ աշխատանքների, և որպեսզի ճիշտ գնահատվի իրավիճակը, ժամանակավոր դադարեցվել է շահագործումը: Դա ցավալի իրավիճակ է, քանի որ ութ հարյուր աշխատակից անգործ են մնացել, մենք մտահոգ ենք այդ առումով, և հնարվորինս արագ փորձելու ենք տալ լուծոմներ հաշվի առնելով նաև ռիսկերը, բայց մեզ համար առաջնահերթ է մնում հանքավայրի շահագործման անվտանգության խնդիրը»։
Խոսելով «Լիդիան Արմենիա» ընկերության մասին, նա ասաց, որ Բնապահպանության և ընդերքի տեսչության կողմից կատարվում են ուսումնասիրություններ:
«Այս իրավիճակը ցավոտ ենք գնահատում, քանի որ լուրջ նենրդրումներ է ներկայացրել ընկերությունը, բայց չենք կարող հաշվի չառնել այն բնապահպանական խնդիրները, որոնք բարձրաձայնվում են: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ չխաթարենք ներդրողի կողմից կատարված աշխատանքը, և առհասարակ, Հայաստան եկող ներդրումներին, պետք է շատ զգուշավոր լինենք և չպետք է մոռանանք նաև բնապահպանական խնդիրները։ Տեսչությունը հայտարարել է իր եզրակացությունը, որ մեկ-երկու խնդիր է hայտնաբերել, որի վերաբերյալ պատարաստում է ՇՄԱԿ ուսումնասիրություն կատարել»։