Բաժիններ՝

Ցանկացած ծրագրային ապահովում ունի գաղտնալսելու հնարավորություն. ի՞նչ լուծումներ է առաջարկում «Կասպերսկի լաբորատորիան»

«Կասպերսկի լաբորատորիան» տարածաշրջանի երկրների լրագրողների համար Մոսկվայում կազմակերպել էր ճանաչողական շրջայց, որի ընթացքում հնարավորություն ունեցանք մոտիկից ծանոթանալ կիբերանվտանգության ներկայիս խնդիրներին և «Կասպերսկի լաբորատորիայի» առաջարկած լուծումներին, ընկերության առաջատար մասնագետներից ստացանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։

«Կասպերսկի լաբորատորիայի» պետական օրգանների հարցերով փոխտնօրեն Անտոն Շինգարյովը ներկայացրեց այն տրենդները, որոնք այս պահին կան աշխարհում և համարվում են սպառնալիք։

«Բալկանացում. ինտերնետ տարածությունը բաժանվում է մասնիկների, տեղի է ունենում բալկանացում։ Դա նորմալ պրոցես է, բնական պատասխան է այն մարտահրավերներին, որոնք հիմա գոյություն ունեն: Մյուս կողմից՝ կիբերհարձակումներն ամեն տարի ավելանում են, նրանց տված վնասներն ավելի վտանգավոր են դառնում։ Պետությունը հասկանում է, որ իր համակարգերը պետք է պաշտպանել, և ամենանորմալ պատասխանն այդ մարտահրավերներին՝ պետությունը փակելը, այլ երկրներից առանձնանալն է: Նրանց համար փակվելը նոր կանոնադրություն մշակելն ու շրջանառելն է։ Չինաստանն առաջին երկրներից էր, որ ընդունեց այդ տրենդը: Ամեն երկրում կան կանոններ, որոնք բարդացնում են մեր աշխատանքը, մեզ համար բարդ է օգնել մեր օգտատերերին և պետություններին, որովհետև յուրաքանչյուրն ունի իր կանոնադրությունը»,- ասաց նա։

Հաջորդ տրենդը, ըստ նրա՝ պերֆեկցիոնիզմն է, երբ խթանվում է տվյալ երկրի ընկերությունը. «Իհարկե, լավ է, երբ խթանվում են սեփական ընկերությունները, դա մեզ էլ է խթանում, որ ավելի առաջ վազենք և ավելի լավը դառնանք։ Բայց վատ է, երբ միջազգային կազմակերպություններն են շուկայից դուրս մղվում։ Օրինակ՝ մենք ուզում ենք ԱՄՆ-ում աշխատել, օգնել մեր օգտատերերին, բայց, ցավոք, նրանց կողմից մեծ ցանկություն չենք տեսնում, որովհետև ուզում են մեզ դուրս մղել շուկայից»։

Կարդացեք նաև

Կիբերտարածությունը, նրա խոսքով՝ դարձել է մի վայր, որտեղ պետությունները ռազմական գործողություններ են իրականացնում։ Հետևաբար, հաջորդ տրենդը կիբերտարածության ռազմականացումն է.

«Ավելի քան 30 երկիր արդեն հայտարարել է, որ ունենք կիբերբանակներ, բոլոր զարգացող երկրները հայտարարում են, որ ունեն կիբերբաժանմունք։ Օրինակ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա կիբերհարձակումը կարող է բերել զինված հարձակման, այսինքն՝ ի պատասխան՝ օգտագործվեն տանկեր, ինքնաթիռներ և այլն։ Դա տասը տարի առաջ գուցե ծիծաղելի թվար, բայց հիմա իրականություն է։ Եթե մտածենք ամենավատ սցենարի մասին, ապա պետությունների համար դժվար կլինի տարբեր երկրներից զենքեր գնելը, քանի որ զենք-զինամթերք վաճառող ընկերությունները սերտ համագործակցում են տվյալ երկրի իշխանությունների հետ։ Կիբերանվտանգության ոլորտում կարող է նույնը լինել։ Գլոբալ անվտանգությունը դրանից կտուժի, որովհետև մարդիկ չեն կարողանա ընտրել լավ կամ վատ արտադրանք, այլ կընտրեն այն, ինչ իրենց ստիպում են, իսկ դա վատ է, որովհետև մրցակցությունը շատ կարևոր է»։

Չորրորդ տրենդը, Շինգարյովի խոսքով՝ միջազգային համագործակցության բախումն է. «Աշխարհաքաղաքական իրավիճակը շատ բարդ է, բոլորը միմյանց հետ բախվում են, իսկ կիբերաշխարհը տարածություն է, որտեղ չհամագործակցել չի կարելի: Առանց էֆեկտիվ միջազգային համագործակցության, օրինակ, հանցագործներին բռնելը բարդ է: Մեր փորձագետները մինչև հիմա չեն հասկանում, թե որ երկիր ինչ կարող են ուղարկել, դրա համար երբեմն հեշտ է ոչինչ չանել, որովհետև չգիտես, թե որ երկրում ինչ օրենսդրություն կա։ Դա բարդացնում է մեր աշխատանքը։ Սրանք այն նեգատիվ տրենդներն են, որոնք ազդում են մեզ վրա. սա երկարաժամկետ է, բայց կփոխվի»։

Ըստ մասնագետի՝ ցանկացած համակարգչային ծրագրային ապահովում ունի գաղտնալսելու հնարավորություն, ինչը հատուկ ծառայություններին հնարավորություն է տալիս ցանկության դեպքում գաղտնալսել օգտատերերին։ Նրա խոսքով՝ «Կասպերսկի լաբորատորիան» փորձում է պայքարել այդ ռիսկերի դեմ, իսկ քայլերը բազմակողմանի են։

«Մենք հայտարարել ենք, որ աշնանը խոցելիության կենտրոն ենք բացելու։ Հիմա իրականացնում ենք ծածկագրերի և թարմացումների աուդիտ: Ամենակարևոր ծրագիրը ենթակառուցվածքների վերակառուցումն է. մենք վերակառուցում ենք մեր արտադրանքը, որպեսզի պատասխանենք մարտահրավերներին։ Մենք Շվեյցարիայում տվյալների կենտրոն ենք բացելու, արդեն պայմանագիր ենք ստորագրել, աշնանն այդ տվյալների կենտրոնը կսկսի գործել: Դրան կհաջորդեն մյուս քայլերը: Շվեյցարիան ենք ընտրել, որովհետև այնտեղ աշխարհի ամենախիստ անձնական տվյալների պաշտպանության օրենքներն են: Դա լավ տեղ է, եթե ընկերությունը հոգ է տանում տվյալների անվտանգության մասին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նաև թափանցիկության կենտրոն է բացվելու Շվեյցարիայում։

«Մենք կիբերանվտանգության ոլորտում առաջին ընկերությունն ենք, որն աշխատում է թափանցիկ: Աշխարհը փոխվել է, մենք էլ պետք է փոխվենք, մենք օգտագործում ենք իրավիճակը փոխվելու համար»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է «Կասպերսկի լաբորատորիայի» շուրջ ծավալված սկանդալին, նա ասաց, որ ամերիկյան լրատվամիջոցներն անհիմն իրենց մեղադրում էին ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցության և լրտեսական գործողություններ իրականացնելու մեջ. «Իրականում մենք բազմիցս ապացուցել ենք, որ ապացույցներ չունեն մեր դեմ։ Հիմա էլ մեզ մեղադրում են, ասելով, թե՝ դուք անտիվիրուս եք, ձեր գործարանը հիմնականում Ռուսաստանում է, իսկ Ռուսաստանը մեր հակառակորդն է, և ձեզնից օգտվելը ռիսկային է։ Դրա համար մենք մեր ենթակառուցվածքների մի մասը տեղափոխում ենք Եվրոպա, որպեսզի չանհանգստանան։ ԱՄՆ-ում մեր բիզնեսը ոչ լավ ժամանակներ է ապրում, բայց փոխարենը՝ Ռուսաստանում և Եվրոպայում աճ ենք գրանցում»։

«Կասպերսկի լաբորատորիան» հիմնադրվել է 1997 թվականին և այժմ աշխատում է աշխարհի ավելի քան 200 երկրում, ունի 35 տարածաշրջանային գրասենյակներ՝ 31 երկրում և 5 մայրցամաքում։ «Կասպերսկի լաբորատորիայի» տեխնոլոգիաները պաշտպանում են ավելի քան 400 միլիոն օգտատերերի և 270 հազար ընկերությունների ամբողջ աշխարհում, այդ թվում՝ խոշոր ընկերություններ, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցչություններ։ Ընկերությունում աշխատում է ավելի քան 3900 բարձր որակավորում ունեցող մասնագետ։

Մոսկվա-Երևան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս