«Մերկելի այցը հայ-գերմանական հարաբերություններում շատ բան կարող է փոխել». Նարինե Դիլբարյան

Լեզվաբան, քաղաքական վերլուծաբան Նարինե Դիլբարյանը համոզված է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը հայ-գերմանական հարաբերություններում շատ բան կարող է փոխել։

«Համենայնդեպս, ես բավականին խանդավառված էի։ Ճիշտ է՝ հնչեցին տեսակետներ և բերվեցին թվեր, որ հայ-գերմանական, հատկապես՝ տնտեսական հարաբերությունները որքան էլ մեզ համար ազդեցիկ են, բայց իրականում նրանց կշիռն ու ծավալն անհամեմատելի է Ադրբեջանին և անգամ Վրաստանին Գերմանիայից տրվող ծավալներին, բայց պետք է հասկանալ, որ ամեն  ինչ կատարվում է, ի վերջո, առաջին անգամ։ Առաջին անգամ, իբրև կանցլեր, Անգելա Մերկելն այցելեց Հայաստան։ Ես ուրախ եմ, որ մենք կարողացանք ցույց տալ, որ բաց հասարակություն ենք, այսինքն՝ այն խանդավառությունը, որով Մերկելին ընդունեցին և՛ հասարակ քաղաքացիները, և՛ իշխանությունը, ես կարծում եմ՝ նրան խիստ տպավորել է»,- ասաց նա։

Նարինե Դիլբարյանի խոսքով՝ գերմանական լրատվամիջոցներում էլ է նշվում, որ Անգելա Մերկելը փոփ աստղի կարգավիճակում էր Հայաստանում.

«Վրաստան նա գնացել էր ազդեցիկ զամբյուղով՝ ներդրումային ծրագրերով և գումարով։ Ադրբեջանն այս այցից ամենադժգոհ կողմն էր, որն ի սկզբանե արտահայտվեց։ Եվ այն փաստը, որ պրոտոկոլով պարտադիր չէ, որ նախագահը դիմավորի, բայց Անգելա Մերկելին Ադրբեջանում չդիմավորեցին հավուր պատշաճի, և այն, որ Մերկելն ավելի կարճ այցով այնտեղ եղավ, ցույց տվեց, որ Ադրբեջանը հիասթափված էր։ Ես համոզված եմ, որ այդ հիասթափությունը գալիս էր նաև Հայաստան կատարած այցից և այն հույսերից, որ մեր և Գերմանիայի հարաբերությունները գոնե 21-րդ դարում կարող են ստանալ անհրաժեշտ որակ. դա ֆինանսական և տնտեսական փոխգործակցության որակն է»։

Վերլուծաբանը հույս հայտնեց, որ հայկական կողմից ռեալ ծրագրեր են ներկայացվել Գերմանիայից ժամանած պատվիրակությանը.

«Այն, որ սոցիալական ծրագրերի աջակցության սպասումներ կան, ես դա լսեցի Գերմանիայի դեսպանի խոսքերում, իհարկե, բավարար հիմք չէ։ Սոցիալական, գիտամշակութային և ճանաչողական առումով այցը կայացել է, և կայացել է նաև շնորհիվ այն բանի, որ Մերկելն իսկապես պատրաստված էր եկել։ Կաթողիկոսը Մերկելին նվիրեց Ադրբեջանի և Թուրքիայի տարածքում գտնվող և այնտեղ ոչնչացվող պատմամշակութային հուշարձաններին վերաբերող գրքեր, և ինչպես եկեղեցուց իմ աղբյուրներն են հաղորդել, նա թեմայից տեղյակ էր, հայկականությունը Մերկելին անծանոթ չէր։ Այս այցը Փաշինյանի վարչապետության օրոք կարելի է կոչել ամենաազդեցիկներից մեկը և անցավ իսկապես բարիդրացիական մթնոլորտում, գուցե դրան կհաջորդեն իրական ծրագրեր»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս