«Ադրբեջանական գազը մոտ ապագայում չի արտահանվի Եվրոպա. դա մեդիափուչիկ է». Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Մերկելի այցը պատմական չէր, որևէ գերբնական բան չկար այդտեղ.

«Դա պրոտոկոլային միջոցառում էր: Արդյունք այդ այցը երեք երկրներից ոչ մեկում չտվեց: Հետաքրքիրն այն էր, որ մոտեցումը երեք երկրներին լիովին տարբեր էր: Այդ այցը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասի երկրների հանդեպ Գերմանիան տարբեր մոտեցումներ ունի։ Վրաստանը դիրքավորվում է համապատասխան ձևով, և մի կողմից՝ ստացան ինչ-որ գումար, մյուս կողմից՝ փորձելով խոսել ՆԱՏՕ-ի մասին, սառը ցնցուղ ստացան: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Եվրոպայում գազի արտահանում չի լինի մոտ ապագայում, դա մեդիափուչիկ էր: Հետաքրքիր էր, որ մարդու իրավունքների մասին խոսք գնաց Ադրբեջանում, բայց դա լինում է եվրոպացի կամ ամերիկացի բոլոր գործիչների այցերի ժամանակ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ, ի տարբերություն Վրաստանի՝ հայերը ոչինչ չխնդրեցին Գերմանիայի կանցլերից։

«Դա բավականին հաջողված քայլ էր մեր իշխանության համար։ Մենք մեզ ավելի հզոր ու կարևոր ենք կարծում ներսից, քան մեր չափսն ընկալվում է դրսից: Դա բնորոշ է կովկասյան երկրներին: Գերմանիան գլոբալ երկիր է, և այդպիսի չափսեր ունեցող երկրի կողմից նման այցեր երբեմն-երբեմն պետք է լինեն»,- ասաց նա։

Նա նկատեց, որ Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններն այս պահին բավականին բարդ են. «Այնտեղ գրեթե հարաբերություններ չկան։ Բայց մյուս կողմից՝ Թուրքիան մեծ արժեք ունի Արևմտյան երկրների համար, քանի որ գտնվում է այնպիսի տարածաշրջանում, որ շարունակում է արժեքավոր մնալ արևմտյան երկրների համար։ Կա փախստականների խնդիր, և Էրդողանը կարող է բացել «փականը», ու մեկ միլիոն փախստական կհայտնվի Գերմանիայում։ Դրա համար դժգոհություն կա, բայց Թուրքիան շարունակում է արժեք լինել արևմտյան երկրների համար։ Հետևաբար, չեմ կարծում, թե բանակցությունների կենտրոնում Թուրքիան եղել է»։

Տեսանյութեր

Լրահոս