«Դա լավ ազդակ է տարածաշրջանի բոլոր երկրներին և զսպիչ մեխանիզմ կլինի Ադրբեջանի համար». Ստեփան Գրիգորյան
«Այն, որ Գերմանիայի կանցլերը եկավ տարածաշրջան և ասաց, որ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, լավ ազդակ է տարածաշրջանի բոլոր երկրներին։ Դա զսպիչ մեխանիզմ կլինի նաև Ադրբեջանի համար»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ ամփոփելով Անգելա Մերկելի հայաստանյան այցը։
Դիտարկմանը, որ Վրաստանում Մերկելը խոսեց տարածքային ամբողջականության մասին, հնարավո՞ր է, որ Ադրբեջանում էլ նույն կերպ արտահայտվի, Ս. Գրիգորյանը տեսակետ հայտնեց, որ Ղարաբաղի հետ կապված՝ չի կարող Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին խոսք լինել։
Ըստ նրա՝ Ղարաբաղի վերաբերյալ Ա.Մերկելն ասաց, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով պետք է լուծվի, և անհրաժեշտ է փոխել մթնոլորտը։ Ադրբեջան այցի գլխավոր նպատակը, նրա կարծիքով, էներգառեսուրսների հարցի քննարկումն է, քանի որ, այնուամենայնիվ, այդ էներգառեսուրսներն իրենց պետք են՝ որպես այլընտրանք։ Նրա կարծիքով՝ երկրորդ գլխավոր թեման, միանշանակ է, որ մարդու իրավունքների ոլորտն է։
Ս. Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի համար շատ կարևոր էր, որ Մերկելը հնչեցրեց այն գլխավոր ուղղությունները, որով իրենք կարող են մեզ աջակցել, օրինակ՝ արագացնել ՀՀ-ԵՄ պայմանագրի իրականացումը, աջակցել կրթական ոլորտում, գիտնականներին և այլն։ Այժմ, Ս. Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է կոնկրետ ծրագրեր մշակի ու ներկայացնի։
Անդրադառնալով նրան, որ Մերկելի Վրաստան այցի արդյունքներով 250 մլն եվրոյի պայմանագիր է ստորագրվել, իսկ Հայաստանում դեռ նոր օրակարգ պետք է մշակվի, Ս.Գրիգորյանը նշեց, որ Փաշինյանի կառավարությունը, պարզ է, չէր հասցնի ծրագրեր մշակել, բայց պետք է հասնել նրան, որ շատ կոնկրետ ծրագրեր իրականացվեն և՛ ԵՄ-ի, և՛ Գերմանիայի հետ։
Նրա խոսքով՝ Վրաստանի հետ 250 մլն ծրագիրը գազային պահեստների կառուցման մասին է, որ նախօրոք պատրաստվել է, և հիմա Գերմանիան տալիս է այդ պահեստները կառուցելու համար. «Երբ մենք շատ կոնկրետ ծրագրեր ներկայացնենք, ես կասկած չունեմ, որ Գերմանիան կֆինանսավորի։ Ուղղակի մենք պետք է անցնենք այդ փուլին, որ կոնկրետ ծրագրեր ներկայացնենք»։
Հարցին՝ արդյոք էակա՞ն է, որ Մերկելը Ծիծեռնակաբերդում չօգտագործեց «ցեղասպանություն» բառը, ինչին անհանգստությամբ սպասում էին թուրքերը, Ս.Գրիգորյանը պատասխանեց, որ այդտեղ որևէ խնդիր չկա, ի վերջո, կանցլերը գնաց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, ծառ տնկեց, այսինքն՝ արարողակարգային բոլոր գործողություններն արեց, նաև Գերմանիայի Բունդեստագն ընդունել է Ցեղասպանությունը. «Քննարկելու որևէ հարց չկա։ Էլ ի՞նչ կապ ունի՝ ասաց, թե չասաց։ Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում»։
Հյուսիսային պողոտայում Գերմանիայի և Հայաստանի ղեկավարների զբոսանքը, Ս.Գրիգորյանի կարծիքով, շատ գեղեցիկ էր. «Մտան ժողովրդի մեջ, շփվեցին։ Դա միայն դրականի մասին է խոսում»։