«ՀՅԴ-ի մասնակցության դեպքում մեր թեկնածուն լինելու է այնպիսին, որ իր հետևից շատ երևանցիների է տանելու»
Ընտրական օրենսգրքի բերեփոխումների նպատակով ստեղծված ԱԺ աշխատանքային խմբի առաջարկությունների փաթեթն արդեն Կառավարությունում է: 4 քաղաքական ուժերի առաջարկները գործադիրը կամփոփի և սեպտեմբերին կներկայացնի օրենսդիր մարմնին: Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ Դաշնակցության առաջարկների և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին հնարավոր մասնակցության մասին «Արմենպրես»-ը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հետ:
ՀՅԴ-ն բաց ցուցակներով համամասնական ընտրակարգն առավել ժողովրդավար է համարում
ՀՅԴ-ն բաց ցուցակներով համամասնական ընտրակարգն առավել ժողովրդավար է համարում
Gepostet von Armenpress am Montag, 20. August 2018
-ՀՅԴ-ի կողմից ներկայացված 10 առաջարկների մեծ մասն ընդգրկվեց կառավարություն ուղարկված առաջարկությունների փաթեթում: Այս առումով քննարկումներից ձեր սպասելիքները կարելի° է արդարացված համարել:
-Չէի ասի, որ ամբողջությամբ, որովհետև կան առաջարկներ, որոնք դեռևս քննարկման ենթակա են, ավելի լայն արձագանքի կարիք ունեն, բայց հիմնականում գոհ ենք արդյունքներից: Իհարկե, այնպես չէ, որ մեր ներկայացրած փաթեթն ամբողջությամբ պետք է ընդունվի կառավարության կողմից, բայց, եթե որևէ կետ չի ընդունվում, ապա պետք է ամենայն մանրամասնությամբ հիմնավորվի: Բնականաբար, պետք է համաձայնեցնել նաև կառավարության մոտեցումներն ու ստանալ մեկ ամբողջական փաթեթ: Ի վերջո, բոլորիս նպատակն այս պահի դրությամբ լավագույն ընտրական օրենսգիրք ունենալն է:
-Դաշնակցությունն ու Հանրապետականն առաջարկում են ամրագրել բաց ցուցակներով համամասնական ընտրակարգը: Ո°րն է դրա առավելությունը փակ ցուցակների նկատմամբ:
-100%-անոց բաց համամասնական ցուցակներն ավելի ժողովրդավարական են: Եթե խոսում ենք ժողովրդավարության կայացման մասին, ապա պետք չէ մոռանալ ներկուսակցական ժողովրդավարությունը: Բաց ցուցակներն առավել նպաստավոր են թե՛ մասնակցային, թե՛ ներկուսակցական ժողովրդավարության կայացման առումով: Բնականաբար, ընտրողն իր քվեն տալով այս կամ այն կուսակցությանը, պետք է իրավունք ունենա ընտրելու նաև կուսակցության իր նախընտրած ներկայացուցչին:
-Փակ ցուցակների կողմնակիցներն ասում են, որ քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ հնարավոր է՝ որևէ թեկնածու իր կուսակից ընկերոջ քվեաթերթիկներն իր անվան դիմաց դնի: Այսպիսի ռիսկ չե°ք տեսնում:
-Թե ինչքանով է հնարավոր, որ կուսակցական մի ընկեր փորձի վերցնել իր կուսակից ընկերոջ ձայները, մեխանիզմի խնդիր է: Պետք է ստեղծել այնպիսի մեխանիզմ, որ այդպիսի դեպքերը հնարավորինս նվազեցվեն: Երբեք հնարավոր չէ դրանք բացառել, որովհետև ինչպիսի մեխանիզմ էլ ներդրվի, կարող է ունենալ շրջանցելու տարբերակ: Այստեղ առաջնային է գաղափարը՝ արդյոք մենք ուզո՞ւմ ենք կայացնել մասնակցային ու ներկուսակցական ժողովրդավարությունը: Եթե մեխանիզմների ստեղծման առումով դժվարություններ ունենք, չի նշանակում, որ պետք է հրաժարվենք գաղափարից: Ավելի լավ է՝ սկսենք աշխատել այդ մեխանիզմները ճիշտ ձևակերպելու ուղղությամբ:
-ՀՅԴ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նախընտրելի ժամանակահատված ունի°:
-Մենք պետք է կարևորենք ընտրությունների անցկացման նպատակը: Եթե գնում ենք ընտրությունների միայն իշխանափոխության՝ մի կուսակցությունից քաղաքական մենաշնորհը վերցնելու և մյուսին տալու համար, ապա դրանից կյանքի որակի փոփոխություն դեպի լավը չի լինի: Մեր խնդիրն այնպիսի տնտեսության ստեղծումն է, որի շնորհիվ մարդիկ լավ կապրեն: Քանի որ ընտրական օրենսգրքի արդյունքում ընտրված ԱԺ-ն և կառավարությունը պետք է իրականացնեն այն փոփոխությունները, արտահերթ ընտրությունների պետք է գնալ այն ժամանակ, երբ կունենանք լավ ընտրական օրենսգիրք:
-Բազմաթիվ ակտիվ և ոչ ակտիվ քաղաքական ուժեր արդեն հայտարարում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին իրենց մասնակցության մասին: ՀՅԴ ԳՄ-ն այս ընտրությունների մասնակցության և ձևաչափի հարց քննարկե°լ է:
-Մեր Գերագույն մարմինն առաջիկայում կկայացնի որոշում: Ամենայն հավանականությամբ կմասնակցենք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Եթե մասնակցենք, ապա մասնակցելու ենք միայն հաղթելու համար, ներկայացնելու ենք շատ լավ ծրագիր և առողջ թիմ, որն ի զորու կլինի այդ ծրագիրը կյանքի կոչել: ՀՅԴ-ի մասնակցության դեպքում մեր թեկնածուն լինելու է այնպիսին, որ իր հետևից շատ երևանցիների է տանելու ու նախընտրական ծրագրով շատերին է համոզելու: Դաշինքով մասնակցության հարց դաշնակցությունը երբևէ չի քննարկել: Ընտրություններին միշտ մասնակցել ենք միայնակ, ամենայն հավանականությամբ, այդպես կլինի նաև այս դեպքում:
– Ի°նչ դիրքորոշում ունեք ավագանու ընտրություններին մասնակցության ցանկություն հայտնած քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին համարների վերաբերյալ:
–Մենք բոլոր կուսակցությունների ցուցակներում ընդգրկվելիք առաջին անձին նայում ենք որպես մրցակցի: Թե ով ինչ հեղինակություն ունի, ինչ ձայներ է ստանալու, դա տվյալ կուսակցության խնդիրն է: Անընդհատ խոսում ենք քաղաքապետի թեկնածուի մասին, բայց չպետք է մոռանանք, որ Երևանի ավագանու ընտրությունները ՏԻՄ ընտրություններ են, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններում որոշում կայացնողն ամենևին էլ քաղաքապետը չէ, ավագանին է, և շատ կարևոր է այն թիմը, որով հանդես է գալիս այդ կուսակցությունը: Քաղաքապետն ընդամենը այդ ընտրված անդամներից մեկն է, ով պարտավոր է իրականացնել ավագանու որոշումները:
Հարցազրույցը վարեց Նորայր Շողիկյանը