«Ադրբեջանը կանցնի պլան Բ-ի»
«Այս հակամարտությունում զիջելու պատրաստակամությունը չպետք է քննադատության առարկա լինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց շվեյցարացի քաղաքական վերլուծաբան Նիկոլյա Հայոսը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին ԼՂ հակամարտության կարգավորման մասին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում, անդրադառնալով տեղեկություններին, թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ՀՀ նոր իշխանությունները պատրաստվում էին զիջողական դիրքորոշում ստանձնել` որոշ տարածքներ հանձնել Ադրբեջանին, Փաշինյանն ասել է, որ Ղարաբաղի հարցով դեռ ոչինչ չի բանակցել:
«Նրանք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել, և ես դա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին»,- ասել է նա:
Փաշինյանը նաև ասել է, որ եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որը կհամարի՝ լավ տարբերակ է, թաքուն գործողություն չի անի: Այլ, նրա խոսքով, կկանգնի Հանրապետության հրապարակում, բոլոր մանրամասնություններով կներկայացնի, և հրապարակում կանգնած ժողովուրդը կորոշի՝ ընթանա՞լ այդ ճանապարհով, թե՞ ոչ:
Նիկոլյա Հայոսն ասաց, որ նախ նախորդ իշխանությունների վարած բանակցությունների վերաբերյալ վարչապետի պնդումը փոքր-ինչ անհասկանալի է, քանի որ, ի վերջո, նախորդ իշխանությունները, եթե նույնիսկ հակված են եղել նման կերպ կարգավորելու Արցախյան հիմնախնդիրը, այնուամենայնիվ հողեր և դիրքեր չեն զիջել կարգավորման գործընթացում, մյուս հանգամանքն այն է, որ որոշակի տարածքներ զիջելու բաղադրիչ եղել է կարգավորման բոլոր փաստաթղթերում, այսինքն` վերջնական կարգավորումը, եթե այն տեղի ունենա համաձայնությամբ, ենթադրում է զիջումներ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի կողմից: Նրա խոսքով, միակողմանի զիջումների մասին չէ խոսքը:
«Բնականաբար, պնդումը, որ տարածքներ զիջելու պատրաստ են եղել նախորդ իշխանությունները, ճիշտ է, բայց դա փաստաթղթերում կա, լինելու է նաև այն փաստաթղթում, որը կբանակցի նոր իշխանությունը: Այս հակամարտությունում զիջելու պատրաստակամությունը չպետք է քննադատության առարկա լինի, եթե ստեղծվի բանակցություններում փոխվստահության մթնոլորտ, կողմերը պետք է գնան զիջումների ճանապարհով, և դա ներքաղաքական պայքարի գործիք չպետք է դառնա: Սա այն հարցն է, որի դեպքում լուծումների շրջանակը շատ նեղ է, եթե չասեմ, որ կա երկու տարբերակ:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի դիտարկումներին, ապա լավ է, որ վարչապետը հստակություն մտցրեց տարածված տեղեկությունների հարցում, վերահաստատեց Արցախի մասնակցության թեզը, որը ևս կարևոր էր: Պարզ դարձավ, որ ներկայումս բանակցային սեղանին ոչինչ չկա` ոչ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի համաձայնությունները, ոչ էլ որևէ այլ փաստաթուղթ, ինչը մտահոգիչ հանգամանք է, քանի որ անկախ ներքաղաքական զարգացումներից՝ բանակցային գործընթացը չպետք է ընդհատվի հատկապես այդ փուլում, թեև հասկանալի է, որ ժամանակավոր կառավարությունն այլ ներքին բնույթի առաջնահերթություններ ունի, որոնք պարզ դարձան նախօրեի հանրահավաքում: Ակնհայտ է, որ կա պատերազմի վերսկսման վտանգ, և այս մթնոլորտում չբանակցելն անթույլատրելի է»,- նման կարծիք հայտնեց Հայոսը:
Նրա պնդմամբ, ադրբեջանական կողմը ցանկանում է ՀՀ նոր իշխանությունների հետ բանակցել իրեն հարմար պայմաններով: «Շփման գծում վերջին իրադարձությունները, ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները և Ադրբեջանի հայտարարությունները ցույց են տալիս, որ կա ճնշում ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ՝ բանակցելու Ադրբեջանին ձեռնտու պայմաններով: Հենց այդ պատճառով կա դիրքային փոփոխություն Նախիջևանի կողմից, շփման գծում կուտակումներ, բայց հարաբերականորեն հանգիստ իրավիճակ: Սակայն այս պլանի անհաջողությունից հետո ադրբեջանական կողմը կանցնի Պլան Բ-ին: Թե որը կլինի այն, չեմ կարող ասել: Բայց պնդում եմ, որ առաջիկա նախարարական հանդիպմանը պետք է սկսել կառուցողական բանակցություն ցանկացած օրակարգի շուրջ»,- ասաց Հայոսը: