Ի՞նչ նպատակ են հետապնդում ՌԴ դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները

Օգոստոսի 16-ին կայացած Թրամփ-Պուտին առաջին պաշտոնական հանդիպումից հետո, երբ հնարավոր եղավ խոսել հանրային մակարդակում երկխոսության վերամեկնարկի մասին, ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում կրկին լարվածություն է նկատվում: Սա թերևս ակնհայտ դրսևորվեց ՌԴ դեմ սահմանված ԱՄՆ նոր պատժամիջոցներով: Ստորև ներկայացնենք, թե ինչ են ենթադրում ԱՄՆ կողմից ՌԴ դեմ սահմանված նոր պատժամիջոցները և ինչ խնդիրներ է լուծում ԱՄՆ վարչակազմը, մասնավորապես Թրամփի թիմը, նման պատժամիջոցներ սահմանելով:

Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր նյարդակաթվածահարային նյութով թունավորմանն ի պատասխան՝ ԱՄՆ սահմանված պատժամիջոցները, որոնք ուժի մեջ կմտնեն օգոստոսի 22-ին, նախատեսում են արտահանման արգելք մի շարք սարքավորումների վրա, որոնք կարող են վտանգ ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության համար: Կարևոր է փաստել, որ այս պատժամիջոցները սահմանվել են  ԱՄՆ պետդեպարտամենտի, այլ կերպ ասած, հենց Թրամփի թիմի կողմից:  Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ նման արգելքները ՌԴ-ին կարժենան 100 միլիոնավոր դոլարների կորուստ առևտրային ոլորտում: Օգոստոսի 22-ից հետո Ռուսաստանի համար կսահմանվի 90 օր ժամկետ, որի ընթացքում վերջինս պետք է իրականացնի «ուղղիչ» քայլեր՝ տրամադրի ապացույցներ, որ ապագայում այլևս չի օգտագործի քիմիական նյութեր, ինչպես նաև թույլ կտա իրականացնել ստուգումներ համապատասխան վայրերում: Նշենք, որ սույն պատժամիջոցները սահմանվել են ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1991 թվականին ընդունված «Քիմիական և կենսաբանական զենքի վերահսկման և ռազմական գործողությունների վերացման ակտ» օրենքի հիման վրա, որը, պահանջների չկատարման դեպքում, ենթադրում է պատժամիջոցների նոր փուլ, որոնք կարող են ներառել  ՌԴ-ին ուղղված բանկային աջակցության դադարեցում, արտահանման և ներմուծման ավելի լայն սահմանափակումներ, դիվանագիտական հարաբերությունների իջեցում ավելի ցածր մակարդակի, ավիափոխադրողների վայրեջքի իրավունքի արգելք, ինչպես նաև ամերիկյան բանկերի կողմից ՌԴ կառավարությանը տրամադրվող վարկերի արգելք:

Սրան զուգահեռ օգոստոսի 1-ին  Թրամփին ընդդիմադիր կոնգրեսականների կողմից ԱՄՆ Սենատում ներկայացվեց  մեկ այլ օրինագիծ, որը ստացել է  «Կրեմլի ագրեսիայից ԱՄՆ-ի անվտանգության պաշտպանության մասին ակտ» անվանումը: Օրինագիծը հաստատում է ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ Միացյալ Նահանգերը չեն ճանաչում Ղրիմի «բռնազավթումը», ինչպես նաև արգելում է ԱՄՆ վարչակազմին ՆԱՏՕ-ից դուրս գալուն ուղղված քայլեր ձեռնարկել։ Օրինագծի ընդունման պարագայում ոչ ուշ քան 90 օրվա ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը պետք է ներկայացնի Կոնգրեսին որոշում՝ արդյոք ՌԴ-ը հանդիսանում է ահաբեկչությունը ֆինանսավորող պետություն, թե՝ ոչ: Բացի այդ, օրինագիծը լուրջ սահմանափակումներ է նախատեսում Ռուսաստանի ֆինանսական համակարգի համար։ Օրինակ, օրինագծով արգելվում է ռուսական գլխավոր բանկերի՝ «Սբերբանկի», ՎՏԲ-ի, «Վնեշէկոնոմբանկի» և «Գազպրոմբանկի» գործունեությունն ԱՄՆ-ում։ Սակայն կարևոր է հիշեցնել, որ, որպեսզի սույն օրինագիծը դառնա օրենք, այն պետք է հաստատվի ԱՄՆ երկու պալատների, ինչպես նաև ԱՄՆ նախագահի կողմից:

Ի՞նչ խնդիրներ է լուծում ԱՄՆ վարչակազմը ՌԴ դեմ այս փուլում նոր պատժամիջոցներ սահմանելով: Կարող ենք փաստել, որ օգոստոսի 22-ին սահմանված պատժամիջոցներով Թրամփի թիմը փորձում է լուծել առնվազն երեք խնդիր:

Առաջին, փորձել սիրաշահել ԵՄ դաշնակիցներին և մեղմել նրանց հետ հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածությունը, ինչը նախևառաջ դրսևորվեց երկու կողմից հնչող նոր մաքսատուրքեր սահմանելու, ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու սպառնալիքներով, ինչպես նաև ԵՄ դաշնակիցների մտավախությամբ, որ ՌԴ հանդեպ ԱՄՆ նախագահի զիջողական քաղաքականությունը կարող է սպառնալ ԵՄ անվտանգությանը:

Երկրորդ, Թրամփի թիմը փորձում է մեղմել ԱՄՆ ներսում Թրամփի դեմ ուղղված «ռուսական շահերը սպասարկելու» վերաբերյալ մեղադրանքները, որն ավելի սրվեց Պուտին-Թրամփ առաջին պաշտոնական հանդիպումից հետո:

Օգոստոսի 22-ին սահմանված պատժամիջոցներն, ամենայն հավանականությամբ, լուծում են նաև երրորդ ամենակարևոր խնդիրը, այն է՝ փորձել խուսափել Սենատում ներկայացված «Կրեմլի ագրեսիայից ԱՄՆ-ի անվտանգության պաշտպանության մասին ակտ» օրինագիծը ստորագրելուց, եթե այն հաստատվի ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից: Այս պատժամիջոցների առկայության պարագայում Թրամփի թիմը կարող է հիմնավորել հավելյալ պատժամիջոցների դեռևս ոչ նպատակահարմար լինելու փաստը:

Կարևոր է փաստել, որ Սենատում ներկայացված օրինագիծը նախատեսում է ոչ միայն լուրջ պատժամիջոցներ ՌԴ դեմ, այլ նաև փորձում է սահմանափակել Թրամփի ազատ որոշումներ կայացնելու իրավունքն արտաքին քաղաքական որոշ հարցերում, ինչպես, օրինակ, ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու հնարավորությունը: Հատկանշական է, որ արտաքին քաղաքականության հարցում Թրամփի թիմի և կոնգրեսականների միջև բազմիցս են տարաձայնություններ նկատվել, և սույն օրինագիծը կարելի է համարել այս տարաձայնությունների վառ դրսևորումներից մեկը: Վերջերս դա նաև դրսևորվեց 2019 թվականի ԱՄՆ ռազմական բյուջեի փաստաթղթում տեղ գտած որոշ ձևակերպումների շուրջ, այդ թվում՝ վերաբերող ՌԴ-ԱՄՆ ռազմական ոլորտում համագործակցության սահմանափակումներին: ԱՄՆ նախագահը հրապարակային ձևով ևս մեկ անգամ Կոնգրեսին հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահը հանդիսանում է ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուն:

Ամփոփելով, կարող ենք փաստել, որ Սկրիպալի գործով օգոստոսի 22-ին ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանելով՝ Թրամփի թիմը փորձելու է ժամանակ շահել և կանխել Սենատում ներկայացված օրինագծով սահմանվող ավելի խիստ պատժամիջոցները, որոնք, ինչպես նշեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, կարող են հանգեցնել ՌԴ-ԱՄՆ «առևտրային պատերազմի»:

Լիանա Հովհաննիսյան

Տեսանյութեր

Լրահոս