«Թավշյա հեղափոխությունը նաև ազատ մամուլի շնորհիվ տեղի ունեցավ, բայց այս պարագայում չորրորդ իշխանությունը զրկվեց իր իշխանությունից». Ռուբեն Բաբայան
Հարցազրույց Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ
– Պարոն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ընթացող իրադարձությունները, մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց, հետո խափանման միջոց կալանքը փոխվեց, երեկ էլ ակտիվիստների կողմից տապալվեց նրա մամուլի ասուլիսը։
– Քոչարյանին կալանավորելու և խափանման միջոցը փոխելու հարցն իրավական խնդիր է, այստեղ ես ոչինչ ասել չեմ կարող։ Համենայնդեպս, կարծում եմ, որ որոշակի չափով դատական համակարգի անկախությունը դրանով հաստատվեց, որ առանց ճնշման է գործում դատարանը։ Թե ինչքանով է հիմա արդարադատ, ինչքանով՝ ոչ, համապատասխան մարմինները պետք է դրանով զբաղվեն։ Ամբողջ Մարտի 1-ը պետք է սկսել ներքևից բացահայտել և կամաց-կամաց բարձրանալ վեր, որպեսզի փաստագրական բազան ավելի հստակ լինի։ Մեր երկրում ամենամեծ խնդիրը մասնագիտական խնդիրն է, որն իր բացերը բոլոր ուղղություններով է ցույց տալիս։ Երկար ժամանակ մեզ մոտ մասնագիտական ուղղություններն անտեսված էին և հիմա բոլոր ուղղությունները կարիք ունեն մասնագիտանալու։
Ինչ վերաբերում է ասուլիսին, միշտ պետք է դատել արդյունքով, թե ինչ ունեցանք այդ ակցիայի արդյունքում, որի պատճառով տեղի չունեցավ մամուլի ասուլիսը։ Առաջին հերթին, սահմանափակվեցին լրագրողների իրավունքները։ Այդքան էլ կարևոր չէ, թե ինչ կասեր Ռոբերտ Քոչարյանը, վերջիվերջո նա իր խոսքը կարող է ուզած ձևով արտահայտել, այսօրվա պայմաններում դա այդքան էլ դժվար չէ։ Բայց ինձ ավելի հետաքրքիր էին հարցերը, որոնք կտային լրագրողները։
Ես համոզված եմ, որ այն հեղափոխությունը, որը տեղի ունեցավ Հայաստանում, նաև ազատ մամուլի շնորհիվ էր։ Մենք հաճախակի ենք կրկնում «չորրորդ իշխանություն» բառակապակցությունը, ինչը նշանակում է, որ չորրորդ իշխանությանը չի կարելի սահմանափակել իր իրավունքների մեջ։ Սա շատ կարևոր է։
Այստեղ, եթե խոսքը կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հասարակական արձագանքի մասին էր, ապա այդ ամենը ևս կարելի էր կազմակերպել գուցե ասուլիսից հետո, ասուլիսի վերջում և ցույց տալ վերաբերմունքը։ Բայց այս պարագայում չորրորդ իշխանությունը զրկվեց իր իշխանությունից։
Դա ազատ մամուլի ասուլիս էր, և ինձ համար շատ կարևոր էին այն հարցերը, որոնք կտային մեր լրագրողները, և որոնց կպատասխաներ կամ չէր պատասխանի Ռոբերտ Քոչարյանը։ Մեզ զրկեցինք մի շատ կարևոր գործընթացից, առավել ևս, որ Ռոբերտ Քոչարյանն այն մարդն էր, որ վերջին տասը տարվա ընթացքում, եթե չեմ սխալվում, որևէ մամուլի ասուլիս չէր հրավիրել, և կարծում եմ՝ լրագրողները շատ և շատ սուր հարցեր կհնչեցնեին, իսկ մենք դա չլսեցինք։ Մենք ամբողջ գործընթացը սահմանափակեցինք միայն նրանով, թե ինչ կասի Ռոբերտ Քոչարյանը, բայց չէ՞ որ մամուլի ասուլիսի ավելի կարևոր մասը կազմում են լրագրողների հարցերը։ Յուրաքանչյուր գործընթաց երբ սկսվում է, պետք է միշտ հաշվի առնել, թե ինչ արդյունքներ ենք ունենալու։
– Երեկ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, թե իշխանություններն են կազմակերպել այս ակցիան, Դուք ի՞նչ կարծիք ունեք այս մասին, և առհասարակ, ասուլիսի տապալումն ավելի շատ Քոչարյանի օգտին չէ՞ր։
– Ես մտածում եմ, որ պարզապես լավ մտածված չէր, չեմ կարծում, թե դա իշխանությունների կողմից հատուկ էր կազմակերպված։ Մոտավորապես պատկերացնում ենք՝ ինչ կասեր Ռոբերտ Քոչարյանը, բայց մենք դժվար ենք պատկերացնում, թե ինչ հարցեր կհնչեին։ Մամուլը, լրագրողները հասարակության ձայնն են, և նրանք հնչեցնում են այն հարցերը, որոնք հուզում են հասարակությանը։ Շատ հաճախ լրագրողների հարցերը նույնիսկ ավելի սուր, ավելի տրամաբանական ու լայն են լինում, քան այն հարցերը, որոնք տրվում են քննչական օրգաններում, որովհետև դրանք հասարակական հնչեղություն ունեցող հարցեր են։ Տեղի չունեցած մամուլի ասուլիսը մեծ վնաս հասցրեց չորրորդ իշխանությանը։
Չորրորդ իշխանությունը Հայաստանում կայացել է և ունի բազմաթիվ իրավունքներ, մամուլն իրավունք ուներ բարձրաձայնել այդ հարցերը, որոնք ոչ այնքան հաճելի կլինեին Քոչարյանի համար։ Այն, ինչ հիմա տեղի կունենա, եթե Քոչարյանն առանձին ելույթով հանդես գա, շատ քիչ է։ Հաճախ հնչեցված հարցերը շատ ավելի լավ են պարզաբանում, քան տրվող պատասխանները։ Իսկ հիմա մենք արդյունք չունենք։
– Քանի որ շատ խոսեցիք չորրորդ իշխանության իրավունքների մասին, չեմ կարող չհարցնել՝ թավշյա հեղափոխությունից հետո մի շարք խմբագիրներ հայտարարություններով հանդես եկան, որ հանրության կողմից ազատ խոսքի սահմանափակում է նկատվում, հանրությունը կարծես այլակարծություն չի ընդունում. սա վտանգավոր երևույթ չէ՞, ի՞նչ լուծումներ եք տեսնում։
– Հասարակությունը ևս ունի իր անցնելու ճանապարհը, այո, հաճախակի, նույնիսկ նրանք, ովքեր չեն ընդունվում հասարակության կողմից, միևնույն է, պետք է ունենան ազատ արտահայտվելու հնարավորություն։ Ավելին ասեմ, հանրության մեծամասնության կարծիքը չպետք է խոչընդոտի իրավական համակարգին։
Հասարակ օրինակ՝ հանրության պահանջով մահվան դատապարտվեց Սոկրատեսը, և այո՛, հանրության մեծամասնությունը համարում էր, որ Սոկրատեսն այլասերում է երիտասարդությանը, որ նա իրավունք չունի ապրելու, կա երկու ճանապարհ, որ կա՛մ նա պետք է լքի երկիրը, կա՛մ դատապարտվի մահապատժի։ Սոկրատեսը որոշեց մնալ իր երկրում, իր աշակերտների, համախոհների մոտ։ Այսինքն՝ ժողովրդավարությունը ոչ թե մեծամասնության կամքն է, այլ փոքրամասնության իրավունքները։ Սա աքսիոմ է, որին եկել է այսօրվա աշխարհը։ Ինչքան էլ տհաճ լինի անձնավորությունը, որը հայտնվել է ուշադրության կենտրոնում, միևնույն է՝ յուրաքանչյուր մարդ ունի իր իրավունքները պաշտպանելու իրավունք։
Սա միակ դեպքը չէ, հանրությունը նաև կոշտ վերաբերմունք ունեցավ Քոչարյանի փաստաբանների նկատմամբ՝ մոռանալով, որ այդ մարդիկ կատարում են իրենց մասնագիտական պարտքը։ Եվ ինչպես բժիշկն է կատարում իր մասնագիտական պարտքը, անկախ նրանից՝ համակրում է հիվանդին, թե ոչ, նույնը կատարում են իրավապաշտպանները, դատապաշտպանները։
Հակառակ դեպքում, եթե իրավական հարցը տեղափոխենք բարոյական դաշտ, որը որոշվում է մեծամասնության կամքով, մենք կունենանք շատ տխուր արդյունք։ Վերջիվերջո, մենք բոլորս ուզում ենք, որ ՀՀ-ում որևէ մարդ որևէ պատճառաբանությամբ զրկված չլինի իր քաղաքացիական իրավունքներից։ Վերջիվերջո, նացիստական Գերմանիայի պարագլուխների հանդեպ տեղի ունեցավ դատական պրոցես, և կային դատապաշտպաններ, որոնք փորձում էին պաշտպանել այդ դատապարտյալների իրավունքները. դա չի նշանակում, որ այդ դատապաշտպանները բոլորը նացիստական գաղափարախոսության կրողն էին։ Մեծամասնության կամքով հարցերը լուծելն ավելի շատ նմանվում է ոչ թե ժողովրդավարությանը, այլ ամբոխավարությանը։
Բոլորը պետք է կրթվեն, պետք է հասկանան, որ իրական պետությունը, որին մենք ձգտում ենք, կառուցվում է այդ սկզբունքով։ Հասկանալով, որ զրկելով ինչ-որ մեկին խոսքի իրավունքից, հաստատ ինքդ քեզ ես զրկում խոսքի իրավունքից, որի լավագույն օրինակն այդ չկայացած ասուլիսն էր, երբ լրագրողները զրկվեցին իրենց իրավունքից, քաղաքացիներն էլ՝ տեղեկացված լինելու իրավունքից։