«Ոչ ոք չի կարող ժողովրդի հաղթանակը ժողովրդի ձեռքից խլել». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում բոլոր քաղաքացիների կոչ արեց օգոստոսի 17-ին գնալ Հանրապետության հրապարակ և մասնակցել հանրահավաքին։
Նա հայտարարեց, որ երկրում օրինականության հաստատման ճանապարհն այլընտրանք չունի, և բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար՝ ՀՀ օրենքների համաձայն։
Նա շեշտեց, որ իր գլխավորած կառավարությունը նույնպիսի պատասխանատվություն է զգում ժողովրդի առաջ, օրինականության առաջ, և այս ողջ ընթացքում քաղաքական գործընթացը կազմակերպելու են ժողովրդից ստացած լիազորությունների սահմաններում և այդ լիազորությունների սահմանները չեն անցնելու ոչ մի պայմանով։
«Մենք չենք ուզում ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, մենք չենք ուզում ուրիշների գողացածը տեղափոխել մեր գրպաներ, մենք ուզում ենք ուրիշների թալանածը տեղափոխել պետական բյուջե և ծառայեցնել պետական կարիքներին։ Ժողովրդի ամեն լումա վերադարձվելու է ժողովրդին»,- հայտարարեց Ն.Փաշինյանը։
Ըստ նրա՝ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն այլընտրանք չունի, որովհետև ՀՀ-ում կա մի տեր՝ ՀՀ քաղաքացին։ Վարչապետը կրկին կոչ արեց՝ օգոստոսի 17-ին ժամը 18։30-ին բոլորը գնան Հանրապետության հրապարակ՝ ամփոփելու քաղաքացու իշխանության 100 օրը և խոսելու հետագա հաղթարշավի, արդյունքների մասին։ «Ոչ ոք չի կարող ժողովրդի հաղթանակը ժողովրդի ձեռքից խլել։ Օգոստոսի 17-ի հանրահավաքը դա ցույց կտա»,- հավելեց Ն.Փաշինյանը։