«Խախտվել են մեր աշխատանքային իրավունքները». «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները դարձյալ բողոքի ակցիա են իրականցնում
«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն այսօր դարձյալ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց։ Ընկերության աշխատակից Գնդևազ գյուղի բնակիչ, կենսաբան Մխիթար Արշակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կառավարության դիմաց հավաքվել են, որպեսզի հասկանան, թե ի վերջո, երբ են աշխատելու։
«Խախտվել է մեր աշխատանքի իրավունքը, և 53 օր վարչապետի դրդմամբ, որ հանգիստ մնանք, այսքան սպասել ենք, բայց սայլը տեղից չի շարժվում։ Այսօր եկել ենք և կոնկրետ ուզում ենք իմանալ, թե երբ ենք աշխատելու։ Նամակներ ենք ուղարկել մոտ 1000 մարդու ստորագրությամբ, որ խախտվել են մեր աշխատանքային իրավունքները և պատասխան չստանալով՝ եկել ենք այստեղ»,- ասաց նա՝ նշելով, որ սպասելու են այնքան, մինչև հստակ իմանան՝ երբ են գնալու աշխատանքի։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված ռիսկեր չի՞ տեսնում, ինչպես մյուս կողմն է նշում։ Ի պատասխան՝ նա ասաց, որ տասը տարի առաջ ինքն էր ասում, թե չպետք է հանք շահագործվի իրենց տարածքում, բայց այդ ժամանակ, ըստ նրա՝ ոչ ոք չէր ասում՝ այո, չպետք է շահագործվի.
«Հետո ես նորից մնացի իմ դրդմանը, և որպես կենսաբան սկսեցի մասնակցել «Լիդիան Արմենիայի» մոնիտորինգներին։ Մասնակցել եմ բոլոր մոնիտորինգներին և իմ աչքով տեսել եմ այդ ամենի ճշգրտության աստիճանը։ Ինձ համար զարմանալի էր, որ նման ճշգրիտ աշխատանք է կատարվում։ Եվ երբ համոզվեցի, որ սա շատ ավելի ճշգրիտ է կատարվում, քան ես պատկերացնում եմ, ինքս էլ մտա հանք և աշխատում եմ այնտեղ։ Եթե վաղը, Աստված չանի, ինչ-որ ռիսկ լինի, առաջինը ես եմ տեսնելու և զգալու իմ մաշկի վրա»։
Հարցին՝ ունի՞ այն հարցի պատասխանը, թե տասը տարի հետո ինչ խնդիրներ կառաջանան, նա նշեց. «Բոլորս հետագայի համար շատ ուշադիր ենք, որ սխալ թույլ չտրվի և ռիսկայնությունն ուղղակի զրոյացվի։ Չարաչար սխալվում են այն մարդիկ, ովքեր կարծում են, թե աշխատավարձի համար ենք այստեղ։ Մենք այստեղ ենք և հետամուտ ենք լինելու, որ բնապահպանական, սոցիալական բոլոր ծրագրերը կատարվեն։ Տասը տարի հետո այն ամենը, ինչ քանդվել, տեղահանվել է, ռեաբիլիտացիայի կենթարկվի, հետո նոր միայն կվերադարձվի որպես տարածք»։
Սարաղան համայնքի բնակիչներն էլ նշեցին, որ անօրինական ձևով փակել են ճանապարհները, չեն կարողանում աշխատանքի գնալ։
«Մենք խնդրում ենք նախարարությանը, որպեսզի թողնեն մեր գործն անենք։ Իրենք թող իրենց հետազոտություններն անեն, բայց թույլ տան, որ մեր գործն անենք։ Արդեն 53 օր է տանն ենք նստած»,- ասաց «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներից մեկը։
Այս պահին «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները սպասում են կառավարության ներկայացուցչին, որպեսզի պատասխան ստանան, թե երբվանից կարող են աշխատանքի գնալ։