Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները պաստառ փակցրին հենց «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի շենքի վրա

«Դա դասական PR քայլերից մեկն է, սիմվոլիզմ կա այդ ամենում։ Կարծում եմ՝ այդպիսի միտում կա, փորձում են հրամցնել այն գաղափարը, որ որտեղից սկսել է, այնտեղ էլ կարող է ավարտել, այսինքն՝ նաև ուզում են ցույց տալ, որ իրենք էլ են կարողանում նույն դաշտում, նույն հարթության մեջ խաղալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` պատասխանելով հարցին, թե PR-ի առումով կապ տեսնո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի շենքի վրա մեծ պաստառ ամրացնելու և Նիկոլ Փաշինյանի կողմից՝ հենց այդ հյուրանոցից հեղափոխության շարժումը սկսելու միջև, թե՞ ոչ, Քոչարյանի կողմնակիցները հաշվարկե՞լ էին դա։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարության նիստից առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները մեծ պաստառ են փակցրել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի շենքի վրա, որի վրա գրված է. «Ազատություն նախագահին»՝ հետևյալ հեշթեգերով՝  #noVendetta #freePresident:

Հակոբյանի խոսքով՝ այդտեղ ոչ միայն սիմվոլիզմ կա, այլև պաստառ կախելը նպատակ ունի ցույց տալու, որ երկրում կա ընդդիմություն, և այդ ընդդիմությունը ոչ միայն այն է, ինչ երևում է, այլ նաև շատ ավելի խորքային դրսևորումներ ունի և փորձելու է բոլոր հնարավոր, ոչ ստանդարտ ձևերն օգտագործել, որպեսզի ուշադրություն հրավիրի խնդրո առարկայի շուրջ։

«Նույն ձևերը հիմա հնարավոր չէ օգտագործել, ինչ օգտագործեց Նիկոլ Փաշինյանը, նա հեղափոխական տեխնոլոգիաներ էր օգտագործել՝ զանգվածների հետ կապված, իսկ այն, ինչի մասին խոսեցինք, քաղաքական ռեսուրսների մասին է։ Որպեսզի դու կարողանաս զանգվածների հետ աշխատել, պետք է կարողանաս նրան հրապուրել ինչ-որ գաղափարներով: Այսինքն՝ դու պետք է ունենաս այդ զանգվածները, որպեսզի տանես դուրս։ Նիկոլ Փաշինյանն ուներ հսկայական բողոքավոր զանգված, որոնք տարիների շարունակ սպասում էին համապատասխան առաջնորդի, որը բարիկադից չի նահանջի, ինչպես այն ժամանակ ընդունված էր մեր տարբեր սերունդների ընդդիմադիր գործիչների մոտ»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի մեթոդիկայով շարժվելու համար, ըստ քաղտեխնոլոգի՝ պետք է ունենալ այդ ռեսուրսը. «Խորհրդարանում այդ ռեսուրսը կա։ Նիկոլ Փաշինյանի ռեսուրսն այն էր, որ այս ամենը նախապատրաստում էր բավականին սուր ելույթներով, տարիներ շարունակ օգտագործում էր այդ ամբիոնը, հետո անմիջապես այդ ելույթը հայտնվում էր համացանցում, տիրաժավորվում էր։ Այդ ռեսուրսն այսօրվա ընդդիմությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի՝ խորհրդարանում, ունի։ Բայց փողոցում այդ ռեսուրսը չունեն։ Հավատացնում եմ՝ եթե այդ կազմակերպված զանգվածն ունենային, ապա առնվազն հիմա դատարանի առջև կլինեին, ինչպես դա անում էին ընդդիմադիրները, երբ դատում էին ընդդիմադիր գործիչներին։ Այսօր դա չկա, այդ պահը դեռ չի հասունացել, որ կարողանաս ասել՝ ես եմ այն քաղաքական թիմը, որը կարող է ձեր դժգոհություններն առաջ տանել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի կտրուկ գործողություններ անել»։

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ նման պաստառ կախելով՝ կարողացան օգտագործել նաև այսօրվա տեխնոլոգիաները և իրենց մեսիջն ավելի լայն զանգվածների շրջանում տարածել. «Եթե միայն պաստառը կախվեր ու այդպես մնար, լավագույն  դեպքում դա կտեսնեին 2 հազար հոգի, իսկ այսպես միանգամից օնլայն ռեժիմով բոլորս տեսանք։ Այդ ամենը կօգտագործեն, բայց զանգվածներ փողոց դուրս բերելու ռեսուրսը չունեն։ Երբ խոսում ենք արտաքին աջակցության մասին, շատ դեպքերում արտաքին ուժերը հիմնվում են երկրի ներսում եղած իրենց համախոհ ուժերի վրա։ Դե ֆակտո պետք է լինի այն ուժը, որին կարելի է ուժեղացնել։ Բայց երբ դեռևս չկա այդ ուժը, դրսի ուժերն ընդամենը սպասում են։ Նրանք սովորաբար ձևավորմամբ չեն զբաղվում և եղած կամ ձևավորված քաղաքական ուժերի հետ են աշխատում»։

Տեսանյութեր

Լրահոս